Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Պատվո շքանշանի է արժանացել

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) անունից շնորհավորում ենք Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին` Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Պատվո շքանշանը հանձնել է սեպտեմբերի 29-ին, ս.թ. սեպտեմբերի 15-ի հրամանագրի համաձայն՝ ի նշան Գրիգորյանի՝ «Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկարամյա հայրենանպաստ գործունեության գնահատանքի»:

Վան Գրիգորյանը Համագումարում գործունեությունը սկսել է 1977թ. և ծառայել որպես կառավարման ու իրավական հարցերով տնօրեն 1988-1992թթ.: Երկար տարիներ խորհրդի անդամ լինելով՝ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ որպես Տնօրենների խորհրդի նախագահ (1998-2001թթ.) և 2015 թվականից ի վեր Հոգաբարձուների խորհրդի համանախագահն է: Նա նաև Ամերիկայում Հայոց ցեղասպանության թանգարանի (ANI) նախագահն է 2011 թվականից ի վեր: 1992թ. նա Հայաստանի Հանրապետության խորհրդականն էր և Ներկայացուցչի տեղակալը Միավորված ազգերի կազմակերպությունում:

«Սա հուզիչ անակնկալ էր և զգում եմ, որ այս պատիվը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր տարիներ շարունակ ինձ հետ միասին գործում էին՝ անկախ, ժողովրդավարական Հայաստան ու Արցախ կառուցելու, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարելու, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդելու և ամբողջ աշխարհում հանուն մարդու իրավունքների պաշպանության աշխատելու համար: Դա առաջին հերթին իմ ընտանիքին և Ամերիկայի հայկական համագումարին է վերաբերում, ինչպես նաև բազմաթիվ համայնքային հաստատությունների ու անհատների այստեղ և ամբողջ աշխարհում, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատել», – ասել է Գրիգորյանը: Արարողության ժամանակ նաև մտովի վերադարձա այն ժամանակները, երբ Լեռնային Ղարաբաղում էի ավելի քան քսանհինգ տարի առաջ՝ առաջին անգամ նախագահ Սարգսյանին հանդիպելով Մոնթե Մելքոնյանի և այլոց հետ, ովքեր պայքարում էին կանխելու աղետն ավելի վատ ժամանակներում. որքան առաջընթաց ենք ունեցել այդ օրերից ի վեր»:

Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

Պարոն Գրիգորյանը առանցքային դերակատարում է ունեցել 1988թ. երկրաշարժից և դրան հաջորդող անկախությունից հետո Հայաստանի համար ԱՄՆ օգնություն ձեռք բերելու, ինչպես նաև տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն օժանդակելու հարցում: 1991թ. պարոն Գրիգորյանը նշանակվեց և հանդես եկավ որպես Ամերիկյան պատվիրակության անդամ` Մոսկվայում կայանալիք Եվրոպայի անվտանգության և համագործակցության համաժողովի (ԵԱՀՀ) հանդիպումների շրջանակներում:

Նա ԱՄՆ-ում մարդու իրավունքների մասին օրենսդրական տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել, ներառյալ Ազատության աջակցման ակտի 907 բանաձևը և Հումանիտար օգնություն միջանցքների մասին ակտը: Գրիգորյանն ընդդեմ Պետքարտուղարության գործի վերաբերյալ Կոլումբիայի դաշնային վերաքննիչ դատարանի` 1993թ. կայացրած որոշմամբ հաստատվում է, որ Միացյալ Նահանգների պետական քաղաքականությունը պատմականորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Պարոն Գրիգորյանը Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի (TARC) անդամներից էր. այն սկիզբ առավ 2001թ. և դադարեց գործել 2004թ. այն բանից հետո, երբ հանձնաժողովը համատեղ ներկայացրեց Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի կողմից տրված իրավական եզրակացությունը Հայոց ցեղասպանության դեպքում ՄԱԿ-ի Ցեղասպանությունների մասին կոնվենցիայի կիրառելիության վերաբերյալ, ինչպես նաև ներգրավված կառավարություններին առաջարկություններ ներկայացնելու: Նա նաև որպես անկողմնակալ խորհրդատու է հանդես եկել Դաշնային դատարանի և Վերաքննիչ դատարանի գործերում` հակադարձելով Մասաչուսեթսի հանրային դպրոցներում Հայոց ցեղասպանությունը ժխտող ուսմունքի դասավանդումը պարտադրող փորձերին:

«Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի անունից բոլորս շնորհավորում ենք Վանին` ամերիկահայության հիմնախնդիրները տարիներ շարունակ անխոնջ պաշտպանելու համար: Գրիգորյանն ընդդեմ Պետքարտուղարության գործից էլ առաջ Վանը միշտ ճշմարտության ջատագով է եղել և պայքարել արդարության համար: Նա տասնամյակներ շարունակ եռանդուն կերպով աշխատել է Հայաստան-Միացյալ նահանգներ հարաբերությունների հետագա զարգացման համար և լուսաբանել խաղաղության ու համագործակցության կարևորությունը», – նշել է Համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը:

 

Scroll Up