Տեսաժողով՝ Յակուտիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Յակուտիայի հայկական համայնքի հետ, որին մասնակցեցին համայնքի նախագահ Անդրանիկ Նավոյանը, համայնքի նախագահի տեղեկալ Ռուզաննա Բեգջանյանը, Երիտասարդական կազմակերպության նախագահ Անի Նահապետյանը, Հայկական մշակույթի կենտրոնի ղեկավար Գոհար Մանուկյանը, կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Խուդատյանը, ինչպե նաև համայնքի այլ ակտիվ անդամներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և նշեց, որ համայնքն ակտիվ համագործակցում է նախարարության հետ: «Յակուտիայի հայ համայնքը շատ կազմակերպված մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Հայ Դատի ճանաչման, ցեղասպանության դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը ավարտված չէ, և մենք դեռ շատ անելիքներ ունենք: Անդրադառնալով Հայաստանում ներդրումներ կատարելու հարցին՝ նշեմ, որ Կառավարությունը ջանքեր է գործադրում Հայաստանում գործարարների համար բարենպաստ և շահավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Հուսով եմ, որ Յակուտիայի հայազգի գործարարները ևս ներդրումներ կկատարեն Հայրենիքում», – ասաց նա:

Այնուհետև ելույթ ունեցավ Յակուտիայի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Նավոյանը: Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը՝ տեսաժողովը կազմակերպելու համար: «Մեր համայնքի հետ առաջին անգամ է նման տեսաժողով կազմակերպվում, և վստահ ենք, որ այս համատեղ քննարկումը շատ շուտով իր արդյունքները պիտի տա, – նշեց Նավոյանը՝ հավելելով, – մեր համայնքը պատրաստ է մասնակցել հայրենիքի զարգացման գործին, օգնել Հայաստանի սահմանապահ գյուղերին ու Արցախին»:

Յակուտիայի հայ համայնքի Ե րիտասարդական կազմակերպության նախագահ Անի Նահապետյանը ներկայացրեց համայնքի պատմությունը և ներկայումս համայնքում գործող կառույցներն ու նրանց գործունեությունը:

ՀՀ ՍՆ համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց նախարարության ծրագրերը:

Քննարկվեցին Յակուտիայի հայկական համայնքի գործունեությանը, համայնքում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց համայնքում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովվի բացակայության, երիտասարդության շրջանում ազգային ինքնության պահպանման, կիրակնօրյա դպրոցի դասընթացներին մանուկների ակտիվ ներգրավման խնդիրներին: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ շուտով կլուծվի նաև համայնքի հայկական պարախմբերին նոր տարազներով ապահովելու  հարցը:

Համայնքի ներկայացուցիչները նշեցին, որ առաջիկայում առավել ակտիվ կմասնակցեն Սփյուռքի նախարարության ծրագրերին, հատկապես Հայաստանի սահմանապահ գյուղերի աջակցության և Արցախի զարգացման գործին:

Scroll Up