«Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գիրքը` Սփյուռքի վավերագրության կարևոր աղբյուր. Խաչիկ Դեդեյան

Վերջերս լույս տեսած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գիրքը (650 էջ) ավելին է քան հանրագիտարան, այն Սփյուռքի հարցերի ուսումնասիրության, հայի ինքնության ու քաղաքական մտքի հոլովույթին կապված փաստավավերագրական աղբյուր է, տեղեկությունների և վիճակագրական տվյալների հսկա շտեմարան: Հարափոփոխ և բազմաշերտ Սփյուռքին լայնորեն քաջատեղյակ, նրա պատմությանը, հոլովույթին, պայքարին, բարդ խնդիրներին և ներքին նրբություններին մոտիկից ծանոթ հմուտ փորձագետի աշխատասիրություն, որտեղ ներբեռնված վավերական ու ամբողջական տվյալները տարիների անխոնջ բանահավաքչական աշխատանքի արգասիքն են, աշխատանք, որը ցույց է տալիս Սփյուռքի նախարարի՝ «իր հոտը» մոտիկից ճանաչելու հանգամանքը և փաստը:

Տիկին Հակոբյանն արդարացիորեն մատը վերքի վրա  է դնում, երբ նշում է, որ համաշխարհայնացման ու հարափոփոխ աշխարհի այսօրվա իրականության առջև Հայկական սփյուռքն աստիճանաբար կորցնում է իր հայի ինքնությունը, կանգնած է ուծացման արագ գործընթացի առջև, ուստի Սփյուռքի գլխավոր հիմնախնդիրն ու մարտահրավերը` հայապահպանության խնդիրն է: Այնուհետև շարունակում է, որ համայնքային կյանքը Սփյուռքում արմատական վերատեսության, վերակազմակերպման կարիք ունի: Նախարարի հիմնական կիզակետը` Հայաստանի և Արցախի զույգ հանրապետությունների հզորացման գործում Սփյուռքի կարևոր և մեծ դերակատարությունն է, ինչպես նաև Սփյուռքի գոյատևումն ու հարատևությունը:

Սփյուռքի կառույցների հետ գործակցության հսկա դաշտ է ներկայացնում հեղինակը, երբ մատնանշում է այն բնագավառները, որտեղ Հայաստանի համապատասխան կառույցները կարող են իրենց ներդրումն ունենալ, ինչպես օրինակ` հայագիտության, լրատվության և մամուլի, թանգարանների, բարձրագույն կրթության, Ցեղասպանագիտության և այլ ոլորտներում:

Սփյուռքի դիմագրաված բազմաթիվ դժվարությունների դիմաց հայրենի կառույցները կարող են և պարտավոր են նեցուկ կանգնել և միաժամանակ օգտվել Սփյուռքի համայնքների, կառույցների և անհատների ծով փորձառությունից և հսկա ներուժից՝ Հայաստանի հզորացման և արտաքին աշխարհի ու միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ գործակցության հեռանկարով:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված Հայկական սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացման, հայապահպանությանն ուղղված քաղաքականության և մշակութային, կրթական, լեզվի և այլ ոլորտներում գործակցության կարիքը ո´չ միայն ողջունելի է, այլ` պահանջ, որը ենթադրում է պարտավորություն: Այդ նպատակին հասնելու համար մշակված լուրջ ռազմավարությունը, ելնելով Սփյուռքի կարիքներից, կարող է ամրապնդել ու բարձրացնել վստահության մակարդակը Հայաստանի և Սփյուռքի միջև: Այդ զորակցությունը պետք է ընթանա երկու ուղղություններով:

Բնականաբար հասկանալի է նախարարի պահվածքը, երբ անդրադառնում է Սփյուռքի համայնքների ներքին դժվարություններին ու թերություններին: Մատնանշում է երևույթներ, կատարում առաջարկներ, սակայն չի խորանում դրանց պատճառների կամ պատասխանատուների փնտրտուքի մեջ:

Հեղինակն իրավացիորեն մատնանշում է Հայոց ցեղասպանության դառը ու ծանր հետևանքները՝ իրավազրկված և Ցեղասպանությունն իր մաշկի վրա ապրած սփյուռքահայի վրա, պատմական անցյալն ու հավաքական հիշողությունն արթուն պահելու կարևորությունը համարում՝ իբրև նոր սերունդների հայ մնալու ազգային արժեհամակարգի նախադրյալ: Պահանջատիրությունը, որը Հայաստանի պետական այրերը խուսափում են որդեգրել, փոխարենն օգտագործելով «հետևանքների վերացում» բառակապակցությունը, հայ ժողովրդի միասնականության կարևորագույն ազդակներից է, թեև ոʹչ միակը: «Ցեղասպանության 100-րդ տարելիցը հավաքական ու պատմական հիշողությունը պահպանելու և նոր սերունդներին որպես ուխտ և ավանդ փոխանցելու լավագույն առիթն էր»,- հաստատում է տիկին Հակոբյանը:

«Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գրքում հանգամանորեն քննարկվում են Սփյուռքի պատմամշակութային արժեքները, նաև ազգային կառույցների և անհատների գույքի և ժառանգության հիմնախնդիրները, առաջարկվում մոտիկից զբաղվել այդ հարցով, նախանձախնդիր, որ անհատների և այլոց կտակները չյուրացվեն օտարների կողմից: Տիկին Հակոբյանը հարց է բարձրացնում` ովքե՞ր են այս կտակների իրավատերերը, ո՞վ է ազգ-ժառանգորդը եթե ոչ՝ ազգային պետությունը` Հայաստանի Հանրապետությունը, և առաջարկում ազգային ժառանգության հաշվառում կատարել, մինչև իսկ` այդ ժառանգության հայրենադարձություն: Այս հարցը և առաջարկված մոտեցումը լուրջ քննարկման կարիք ունեն՝ նկատի ունենալով նրանցից առաջացող նրբությունները:

Տիկին Հակոբյանը հանգամանորեն քննարկում է հայի ինքնության հիմնական բաղադրիչները` մայրենի լեզու, հայ մշակույթ ու դպրություն, եկեղեցի, ընտանիք, բարքեր ու սովորություններ, պատմական հիշողություն, շեշտելով հայրենիքի հետ կապն ու հողի` օջախի զորությունը սփյուռքահայի ինքնությունը պահելու և պահպանելու ջանքերի մեջ: Իրավացի է, երբ արևմտահայերենի նահանջին զուգակցում է նաև արևելահայերենի վտանգված լինելու իրողությունը կամ հայրենիքում լեզվի աղավաղումը, երևույթ, որը պարտավորեցնում է հայրենի պետությանը զորաշարժի ենթարկելու պետական իր ողջ լծակները՝ ի շահ մայրենի լեզվի երկու ճյուղերի փրկության: Ցավոք, հեղինակը չի մատնանշել միասնական ուղղագրության հարցը և հայ ժողովրդի երկու հատվածների միասնականությունն ամրապնդող այնքան կենսական այդ քայլը նախաձեռնելու անհրաժեշտությունը:

Միաժամանակ խոր վերլուծության է ենթարկում հայ ընտանիքի տեղն ու դերը, հայկական մշակույթի կարևոր հանձնառությունը հայապահպանման գործում՝ որպես կամուրջ նրա անցյալի, ներկայի ու ապագայի, հայ երեխային հայկական անունով կոչելու անհրաժեշտությունը` նրա հայեցի դիմագծի պահպանման մեջ: Անդրադառնում է հայախոսության նահանջին, խառն ամուսնություններին, օտար վարժարաններ հաճախող հայ աշակերտների թվի աճին, վերջինիս վտանգին, որոշ տեղեր ազգային կառույցների ոչ-արդյունավետ գործունեությանը: Շեշտում է Սփյուռքի համայնքների ազգային նկարագրի պահպանման մեջ հայ եկեղեցական երեք կառույցների համագործակցությունը` մշակույթի, կրթության, լեզվի և այլ ոլորտներում:

Բազմաշերտ են հարցերը և քննարկված թեմաները՝ հեղինակի շեշտադրումներով, գիտական, մեթոդաբանական, վերլուծական մոտեցումով, մի բան, որը գիրքը դարձնում է ավելի քան ամբողջական ու հագեցած: Հարկ է խոստովանել, որ աշխատությունը վերլուծելու կամ ներկայացնելու որևէ փորձ կանխավ դատապարտված է լինելու՝ մասնակի և ոչ ամբողջական: Այս տողերի հեղինակը նախապես գիտակցում էր այդ փորձի դժվարությունը:

Տիկին Հակոբյանը մատնանշում է Հայկական սփյուռքի ներուժը հայրենիքի հզորացմանը ծառայեցնելու տարբեր բնագավառները, կարևորությունը, միջոցները, Հայաստան-Սփյուռք գործակցության զանազան շերտերը, անհրաժեշտությունը, բաղդատում է հունական, հրեական և իռլանդական Սփյուռքերը՝ վեր հանելով նրանց փորձը, Սփյուռքի լոբբիի օգտագործումը՝ ի շահ Հայաստանի և Արցախի հզորացման, հայի ինքնության տագնապն ու առողջ ախտորոշումը կատարում է ի նպաստ հայի գոյատևման երաշխիքների ուժեղացման:

Հարուստ փորձի վրա հենված իր մատնանշումներն ամփոփում են Սփյուռքի ներկայի ու անցյալի մարտահրավերները՝ ներկայացնելով լուծման առաջարկներ, քննարկելի և նաև օգտագործելի արտերկրի մեր համայնքներում: Նա էապես հաջողված է դասակարգել հիմնախնդիրները և Սփյուռքի գոյատևումը ամրագրող միջոցները լուսարձակի տակ բերել:

Հատուկ բաժինով ներկայացվում են Սփյուռքի ունեցած նյութական հսկա ներդրումներն ու նպաստը անկախ Հայաստանի և Արցախի զորացման ու բարգավաճման մեջ, և այդ նույն Սփյուռքին վերապահված անուրանալի դերակատարությունը հայրենիքի զարգացման մեջ: Գիրքը ի մի  է բերում սփյուռքյան կառույցների և անհատ ազգայինների հսկայական նեդրումների պատկերը, աշխատանք, որը լավագույնս է արտահայտում վերջին տասնամյակների օժանդակությունների ծավալն ու չափը: Մեծ է Սփյուռքի դերը հայրենաշինության գործում:  Այս աշխատությունը գալիս է նաև հաստատելու այս ճշմարտությունը՝ իր ունեցած հարուստ տվյալներով:

Գրքում խոր քննարկման  է ենթարկվում հայի ինքնության հարցերը, Սփյուռքի նախարարության գործելաոճն ու գործունեությունը, հեռանկարներն ու անելիքները, Սփյուռքի հետ գործակցության նպաստող ծրագրերն ու բնագավառները, երկքաղաքացիության հաստատումը, բռնի իսլամացված հայերի հարցը, Թուրքիայի` Հայոց ցեղասպանության ժխտման և նենգափոխության քաղաքականությունը, Հայաստանի շրջափակումը, Ադրբեջանի թշնամական ու հարձակողապաշտ նկրտումները, արտագաղթի աճող մակարդակը, արտաքին և ներքին մարտահրավերները, Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովներն ու նրանց կարևոր դերը կամուրջների հաստատման և փոխըմբռնման տեսակետից, հայկական ողջ ներուժի օգտագործման կարևորությունը թե´ համայնքներում և թեʹ ի շահ Հայաստանի և Արցախի հզորացման՝ որպես կարևոր գործոն:

Աշխատությունը հագեցած է բազմաբնույթ վիճակագրական ու տարբեր անհատների և հաստատությունների կողմից կատարված ուսումնասիրություններով, որոնք այս գրքին տալիս են գիտական արժեք և հավաստիություն: Ներկայացված բոլոր առաջարկներն ու ծրագրերը խոր գիտակցումն են սփյուռքահայության հարցերի և դժվարությունների, նաʹև՝ փորձի, համադրում են բոլոր գիտական-ակադեմական զեկույցները, դասախոսությունների վերլուծություններն ու եզրահանգումները, որոնք գործադրելի են և´ Սփյուռքում, և´ հայրենի կյանքի որևէ բնագավառում:

«Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գիրքը մեծ ներդրում է սփյուռքագիտության համար, հատկապես՝ քննադատական մտածողության (critical thinking) տեսակետից: Այս բոլորը վկայում են, որ շնորհիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` մենք գործ ունենք նախարարությունը կառույցի և փորձ ունեցող հաստատության վերածած ուժեղ անհատականության հետ, պետական հարուստ մտածողությամբ, որի 9-ամյա աշխատանքի ու տեսլականի արգասիքն է այս հատորը, արժանի` լուրջ ուսումնասիրության Սփյուռքում և հատկապես՝ հայրենիքում:

Որպես վերջաբան նշեմ, որ ցանկալի կլիներ այս ծանրակշիռ հատորը լույս ընծայել նաև դասական ուղղագրությամբ և ինչու ոչ` արևմտահայերեն:

ԽԱՉԻԿ ԴԵԴԵՅԱՆ

Անթիլիասի դիվանապետ

Scroll Up