«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցներն այցելեցին Շիրակի մարզ

Սեպտեմբերի 26–ին ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակից երգչախմբերը և անհատ կատարողները ուղևորվեցին Շիրակի մարզ: Սփյուռքից ժամանած հյուրերի առջև իր հյուրընկալ դռները բացեց Գյումրու Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցը:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ կոմիտասյան և հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես եկան «Բյուրական» (Հայաստան), «Աղբյուր» (Վրաստան), «Սայաթ-Նովա» (Թուրքիա), «Նարեկ» (Իրան), «Նաիրյան» (Հայաստան) երգչախմբերը: Ելույթ ունեցան նաև Ռուսաստանից Էլվիրա Մարգարյանը, Հրաչուհի Գևորգյանը, Միքայել Քոչարյանը, Լիբանանից Ջոնի Քեոքջյանը, Իրանից Սերլի Ռոստոմյանը, Գերմանիայից Սոնա Տալյանը: Դահլիճը իր գեղեցիկ կատարումներով լցրեց «Գյումրու Հայորդաց տան» երգչախումբը:
Համերգի վերջում իր ողջույնի խոսքն ասաց «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը և շնորհակալություն հայտնեց Գյումրի քաղաքին ջերմ ընդունելության համար:
Համերգից հետո փառատոնի մասնակիցների համար կազմակերպվեց հայկական ավանդական հյուրասիրություն: