Տեղի կունենա Ստեփանոս Երեցի «Հանգիտագիրք» պատմագրքի գրաբար բնագրի և աշխարհաբար փոխադրությամբ գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 7-ին, ժ.14:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Մաշտոցի անվան Մատենադարանի և Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության համագործակցությամբ Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու (18-րդ դար) «Հանգիտագրքի» շնորհանդեսը (հասցեն՝ Մաշտոցի պողոտա 53, նոր մասնաշենք, 3-րդ հարկ):
Բնագիրը պատրաստել և աշխարհաբարի են փոխադրել Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Թամարա Մինասյանը և Լուսինե Թումանյանը: Առաջաբանը գրել է պ.գ.դ., իրանագետ Վահան Բայբուրդյանը: Գիրքը հրատարակվել է Թեհրանի «Ալիք» տպարանում՝ Փերիո Կրթասիրաց միության վարչության նախաձեռնությամբ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը մասնակիցներին կփոխանցի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:
Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում ԻԻՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սեյեդ Քազեմ Սաջադը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Զեկուցումներով հանդես կգան Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, Արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի վարիչ Կարեն Մաթևոսյանը և այլք:
Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագրքի» բնագրի և աշխարհաբար փոխադրության ամբողջական հրատարակությամբ առաջին անգամ շրջանառության մեջ է մտնում մի երկ, որը կարևոր սկզբնաղբյուր է իրանահայ գաղթօջախի, հատկապես Փերիա, Բուրվառ, Նոր Ջուղա գավառների պատմության և ընդհանրապես Իրանի ուշ միջնադարի պատմության ուսումնասիրման համար: Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու Պատմության ժամանակագրական սահմաններն ընդգրկում են 1665-1789 թվականները: