«Պարը կյա՛նք է, պատմությո՛ւն է, լեզու է և…զե՛նք»: Կատարինա Դարբինյան

 ՀՀ սփյուռքի նախարարությունում Ֆրանսիայից՝ Իսի լե Մուլինիոյից հյուրընկալված «Արարատ» պարախմբի գեղարվեստական ղեկավարներ, երիտասարդ և առինքնող արտաքինով ամուսինների՝ Կատարինա Դարբինյանի և Արամ Արզումանյանի հետ «Հայերն այսօր»-ի համար ունեցած հարցազրույցիս ընթացքում, այս էլ որերորդ անգամ, հիացմունքի ու հպարտության զգացումով համակվեցի՝ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հայրենասիրական, հայանպաստ գործունեության մասին լսելով: Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում  այդ հարցազրույցը:

-Կատարինա՛, պատմեք, խնդրում եմ Ձեր ղեկավարած պարային համույթի ծավալած գործունեության մասին:

-«Արարատ»-ը ստեղծվել է 14 տարի առաջ, Հայ առաքելական եկեղեցուն կից. հիմնադիրները եկեղեցու ատենապետն ու նրա կինն են՝ Թուրքիայի հայեր Հայկազ Գորդեբակը և Մայդա Գոնկեսեն: Ստեղծման օրվանից համույթը մեկ տարի գործել է ուրիշ պարուսույցի ղեկավարությամբ, որից հետո պատահմամբ գտան մեզ, հրավիրեցին՝ ղեկավարելու խումբը, և արդեն 14 տարի անընդմեջ պարի համույթը ղեկավարում ենք ամուսիններով. կարելի է ասել, որ հիմնադիրները նաև մենք ենք:

-Որքան հասկացա, Դուք և Արամը արհեստավարժ պարողներ եք. ե՞րբ և որտեղի՞ց եք սկսել Ձեր պարային կենսագրությունը:

-Այո,՛ ճիշտ եք նկատել. մենք պրոֆեսիոնալ պարողներ ենք, ապրել ենք Հայաստանում և պարել ենք «Բարեկամություն» պետական հայտնի պարային համույթում: Ավարտել ենք Երևանի պարարվեստի ուսումնարանը, զուգահեռաբար ավարտել ենք նաև Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, սովորել ենք Արմեն Մազմանյանի կուրսում: Այնուհետև պայմանագրով, որոշակի ծրագրով մեկնել ենք Փարիզ և, ինչպես արդեն ասացի, 14 տարի է, ինչ այնտեղ ենք ապրում ու աշխատում:

-Տարիքային ի՞նչ խմբի պարողների եք ընդունում, և արդյո՞ք նրանք արհեստավարժ, ճանապարհ անցած պարողներ են:

-Ընդունում ենք փոքր տարիքից՝ 4- 5 տարեկանից սկսա. այդ տարիքային խմբում արդեն ընդգրկված է 25 հոգի, տարիքային շեմը մինչև 30-35 տարեկանն է, մենք չենք սահմանափակում, պարզապես շատերն ամուսնանում են, երեխաներ ունենում. խմբում արդեն ունենք 4-5 ընտանիք, թոռնիկներ էլ ունենք: Ընդունում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են պարել. բացարձակապես հաշվի չենք առնում արտաքին տվյալները, կարևոր չէ նրանց կառուցվածքը՝ գեր, նիհար…Կարևորն այն է, որ նրանք լավ պարեն, իսկ ամենակարևորը՝ պարի միջոցով հայ ինքնության պահպանումն է, հայ լինելը:

-Խոսենք տարազների մասին: Հայաստանի տարբեր գավառների ազգային տարազները, բնականաբար, տարբեր են եղել. կարողանու՞մ եք նրբորեն մոտենալ ամեն  մի գավառի հագուկապին բնորոշ դետալներին՝ պահպանելով ավանդական գույները, զարդանախշերը, գլխանոցների, զարդերի բոլոր մանրամասները: Խորհրդակցու՞մ եք արդյոք մասնագետների հետ:

-Ձեր հարցը, հիրավի, շատ կարևոր է. ասեմ, որ մեր նպատակը ճշգրիտ էթնոսը բերելը կամ քարոզելը չէ, մեզ համար ամենակարևորը գեղագիտություն է: Տարազները պատրաստվում են մեր ճաշակով, իհարկե, խորհրդակցելով տարազ կարող արհեստավարժ դերձակների հետ, որոնցից մեկն էլ Ռուբինա Հովհաննիսյանն է, օպերայի հայտնի վարպետ-դերձակ Կարինեն, հիմա ծանոթացել ենք դերձակ-նկարչուհի Աիդա Մելքոնյանի հետ, ով այնպիսի՜ ձևավորում է անում, կուզենայի, որ բոլորը տեսնեին նրա էսքիզները:

Կատարինա՛, Դուք և Ձեր ամուսինը՝ Արամը, միայն ղեկավարու՞մ եք համույթը, թե՞ նաև պարում եք ինքներդ:

-Ղեկավարում ենք խումբը, սովորեցնում ենք նոր եկողներին, ավելի երկար տարիներ պարողներին փորձում ենք կատարելագործել, և ինքներս էլ պարում ենք: Շարունակում ենք պարել՝ այդպիսով վաստակելով նաև մեր ապրուստը: Պարում ենք հաճախ մեծ բեմերում, ցուցադրում ենք և՛ մենապար, և՛ զուգապար, նաև՝ ոչ հայկական պարեր, ֆլամինգոյի դասեր ենք վերցնում, բայց դասավանդում ենք հայկական պար:

-Միայն դասավանդու՞մ եք, թե՞ նաև պատմում եք տվյալ պարի կարճ պատմությունը:

-Ե՛վ դասավանդում ենք, և՛ ներկայացնում տվյալ պարի արմատները, բացատրում ենք պարի շարժումների նշանակությունը:

-«Արարատ»-ը Ֆրանսիայից դուրս՝ ուրիշ ո՞ր երկրներում ու քաղաքներում է ելույթներ ունեցել:

-Մեր համույթը ելույթներ է ունեցել ֆրանսիայի տարբեր քաղաքներում, Բելգիայում, հաջորդ տարի պատրաստվում ենք Հայաստանում նշել մեր համույթի 15-ամյակը և համերգ ունենալ:

-Ի՞նչ հաճախականությամբ եք գալիս Հայրենիք. Սփյուռքի նախարարություն առաջի՞ն անգամ եք եկել:

-Ամեն տարի գալիս ենք Հայաստան, իսկ Սփյուռքի նախարարություն առաջին անգամ եք եկել: Մեզ շատ սիրով ընդունեց հարգարժան նախարարը. մենք եկանք՝ պատմելու մեր աշխատանքի ու հեռահար ծրագրերի մասին, խորհրդակցելու:

-Կա՞ն պարեր, որոնք դեռևս չեք բեմադրել և աշխատում եք դրանց վրա:

-Շատ պարեր ենք բեմադրել, պարզապես ցանկանում ենք որոշ պարեր նորովի բեմադրել. մենք նորամուծությունների կողմնակից ենք և հե՛նց այդ պատճառով նորովի բեմադրեցինք «Բերդ» հանրահայտ պարը:

-Ձեզ ծափահարու՞մ են ֆրանսիացիները…

-Այո՛, մենք ելույթ ենք ունեցել ֆրանսիական մի քաղաքում, ուր դահլիճում հիմնականում ֆրանսիացի հանդիսատեսներ էին. նրանց ընդունելությունը շատ ջերմ էր, ծափահարությունները չէին լռում:

-Բացի Ձեր աշակերտներից՝ Ձեր մասնագիտությունը շարունակողներ ունե՞ք:

-9-ը տարեկան աղջիկ ունենք, ով արդեն 5 տարի պարում է մեր համույթում, մեր տղան դեռևս 4 տարեկան է, առայժմ չի պարում, սակայն համակ ուշադրությամբ  հետևում է մեր պարերին. նա շատ պարային կառուցվածք ունի և կարծում եմ, որ մի օր կցանկանա պարել:

Կատարինա՛, հարցս ուզում եմ ուղղել Արամին. Արա՛մ, ո՞վ է առաջատարը ձեզնից, ո՞վ է համույթի հետ կապված աշխատանքներում ավելի շատ չարչարվում:

-Երկուսս էլ, հավասարապես չարչարվում ենք, սակայն կինս ավելի շատ հոգեբանական աշխատանք է տանում, խոսում է, բացատրում, իսկ ես պահանջում եմ պարողներից ու շարունակ ստիպում ավելի շատ աշխատել:

-14 տարի ղեկավարելով պարային համույթ, ինքներդ էլ լինելով արհեստավարժ պարողներ՝ տարիների ընթացքում ի՞նչ հետաքրքիր բացահայտում եք ունեցել հայկական պարերի մեջ:

Հայկական պարերում ոչ թե բացահայտել, այլ միշտ զգացել ենք այն բացառիկ ռիթմերը, որոնք բնորոշ են միայն հայկական պարերին:

-Կատարինա՛, Արա՛մ, եթե հրաշքով նորից ծնվեիք, դարձյա՞լ կընտրեիք պարարվեստը…

-Անպայմա՛ն: Մենք միակարծիք ենք այդ հարցում: Պարը կյա՛նք է, պատմությո՛ւն է, լեզու է և…զե՛նք:

-Դե ինչ, սպասենք Ձեր երկար սպասված համերգին Հայրենիքում:

Կարինե Ավագյան

Scroll Up