Վիրահայ երիտասարդը դարձել է ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ

Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության «ՄԱԿ-ում Վրաստանի երիտաասարդության ներկայացուցիչ» ծրագրի հաղթող է ճանաչվել թիֆլիսահայ Գեորգի Տումասյանը, գրում է akhaltskha.net-ը:
21 մասնակիցներն անցել են երեք նախընտրական փուլ: Երրորդ փուլ անցած մասնակիցները հանձնաժողովի առջև ներկայացրել են հանրային ելույթ՝ «Challenges facing youth on national and international level — similarities and differences» թեմայով: Հաղթողը ընտրվել է միավորներն ամփոփելուց հետո:
Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ արդեն մի քանի տարի է հաջողությամբ իրականացնում է «ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ» ծրագիրը:
«Երիտասարդության ներկայացուցիչ» ծրագիրը համարվում է Միացյալ ազգերի կազմակերպության հաջողված նախաձեռնություններից մեկը: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը 1981 թվականին առաջին անգամ կոչ է արել անդամ երկրներին՝երիտասարդ պատվիրակներին ընդգրկել երկրի պաշտոնական պատվիրակությունների կազմում:
Ընտրված մասնակիցը երիտասարդների հետ անցկացնում է խորհրդատվություններ, հանդիպումներ: Այնուհետև մեկնում է ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակ (Նյու Յորք, ԱՄՆ), որտեղ որպես Վրաստանի պատվիրակության լիիրավ անդամ՝ մասնակցում է Գերագույն վեհաժողովի երրորդ կոմիտեի միջոցառմանը և կոմիտեի լսումներին, ելույթ ունենում նույն կոմիտեի նիստին և մասնակցում երիտասարդությանն ուղղված որոշումների մշակմանը: Երիտասարդության ներկայացուցիչը կարող է մասնակցել նաև տնտեսական և սոցիալական խորհրդի սոցիալական զարգացման հանձնաժողովի նիստերին: