Հայկական տաղավարն առաջինն է ճանաչվել Տյումենում անցկացված «Բարեկամության կամուրջ» փառատոնում

Հունիսի 12-ը Ռուսաստանի օրն է: Այն պետական սիրված տոն է, որը ողջ Ռուսաստանում, ինչպես նաև Տյումենում՝ նշվում է մեծ խանդավառությամբ: Ավանդույթ է դարձել այդ տոնը համատեղել «Բարեկամության կամուրջ» ազգային մշակույթ-փառատոնի հետ: Տարածաշրջանում ապրում են 150 էթնիկ ազգությունների ներկայացուցիչներ, որոնք հաշտ և խաղաղ աշխատում ու արարում են կողք-կողքի:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Ռուզաննա Դանիելյանը, Տյումենի մարզի 23-րդ ազգային մշակույթի «Բարեկամության կամուրջ» փառատոնը բացեց Տյումենի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրի Յակուշևը: Քաղաքային այգին մարդաշատ էր, այստեղ տեղադրված էին քսաներկու տաղավար, ուր այցելեց նահանգապետը:
Հայկական տաղավարը առանձնահատուկ ուշադրության արժանացավ բոլորի կողմից: Այն շրջապատված էր հոծ բազմությամբ և իրենից ներկայացնում էր Աստծո հրահանգով կառուցված և Արարատ լեռան գագաթին հանգրվանած «Նոյան տապանը»: Աննկարագրելի գեղեցիկ էր հայկական լեռնաշխարհի գեղեցկուհի ծիրանենին՝ իր անուշահամ ու կարմրաթուշ ծիրաններով՝ մարդկության փրկության խորհրդանիշ դարձած Արարատ լեռան լանջին: Այստեղ էին հավաքվել տյումենաբնակ հայերը՝ Տյումենի մարզի «Հայաստան» հասարակական կազմակերպության խորհրդի անդամները, մշակույթի կենտրոնի սաները, ծնողներ, հյուրեր մոտակա տարածաշրջաններից, ինչպես նաև տարբեր ազգերի ներկայացուցիչներ:
Բարձրաստիճան հյուրերին մուտքի մոտ աղ ու հացով դիմավորեց «Նոյն» իր ընտանիքով՝ կնոջ և որդիների հետ: Իսկ տաղավարի ներսում հայկական խոհանոցի բազմաթիվ ուտեստներ, ճաշատեսակներ և Արարատյան դաշտավայրի մրգեր էին մատուցվում հյուրերին:
Տյումենի մարզի մշակութա-լուսավորչական «Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Համլետ Փաշայանը Վլադիմիր Յակուշևին նվիրեց Հովհաննես Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից» նկարի պատճեն, որը նկարել էր մշակույթի կենտրոնի նկարչության ուսուցիչ Ալվանդ Մուրադխանյանը:
Նահանգապետին սպասվում էր նաև այլ անակնկալ՝ հայկական երիտասարդական կազմակերպության անդամները (կոմիտեի նախագահ Ա. Խաչատրյան), փոխանցեցին սպիտակ աղավնի: Նահանգապետն այն բաց թողեց երկինք՝ որպես բարության, խաղաղության և բարեկամության խորհրդանիշ:
Նա ողջունեց ներկաներին, շնորհավորեց Ռուսաստանի օրվա առթիվ, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ հայկական համայնքը իր համեստ ներդրումն ունի Տյումենի մշակութային և հասարակական կյանքում: Հրաժեշտից առաջ նահանգապետը մեծ սիրով դիտեց «Բերդ» պարը: Տաղավարից նա հեռացավ մեծ հիացմունքով և գոհունակությամբ:
Տոնակատարությունը շարունակվում էր, ամենուրեք բարձր տրամադրություն էր, հայկական երաժշտություն էր հնչում և բարձր ծափահարությունների ներքո անընդմեջ ոգևորված պարում էին «Հայաստան» և « Նաիրի» հայկական ժողովրդական պարախմբերը (շուրջ 90 հայ աղջիկներ և երիտասարդներ):
Օրվա ավարտին՝ մրցույթի արդյունքները ամփոփելուց հետո, պարզվեց, որ ժյուրին բարձր է գնահատել մեր հայկական տաղավարը և պատվավոր առաջին տեղը շնորհել է Տյումենի մարզի «Հայաստան» հայկական հասարակական կազմակերպությանը: Բոլորը բարձր խանդավառությամբ շնորհավորում էին միմյանց:
Ամենամյա ավանդական դարձած այս փառատոնը վկայում է այն մասին, թե որքան բարի-դրացիական հարաբերություններով բազմազգ հասարակություն է ապրում Տյումեն քաղաքում, և երիտասարդ սերունդները բազմազգ միջավայրում դաստիարակվում են բարության, խաղաղասիրության ու հանդուրժողականության ոգով: