Սարատովի մարզի «Կռունկ» հայկական համայնքի միջոցառումների շարքը՝«Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը հաճախ է նախաձեռնում հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանման և բազմապատկման գործին ուղղորդված ուսուցողական հետաքրքիր ծրագրեր: Այդ նախաձեռնություններից է նաև 2017թ․ «Մեր մեծերը» ծրագիրը , որում ընդգրկված են Վենետիկի Մխիթարյան Միաբանության, ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի, բանաստեղծ Վահան Թեքեյանի, նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանի, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կենսագրությունների ու գործունեության մասին միջոցառումների ու ձեռնարկների շարքը: Այս մասին «Հայերն այսօրի»-ին Սարատովից տեղեկացնում է Նունե Բարեղամյան

  Մայիս ամսից ծրագրի իրականացման աշխատանքներին միացավ նաև Սարատովի մարզի «Կռունկ» հայկական համայնքի հայ ժողովրդի պատմության, լեզվի և էթնոմշակութային ավանդույթների ուսումնասիրման ստուդիան : Ստուդիայում որոշվեց ծրագիրն իրականացնել սեմինարների ձևով, որն աշնանը կեզրափակվի մեծ կոնֆերանսով:

  Մայիսի 14-ին համայնքի գրասենյակում տեղի ունեցավ առաջին սեմինարը, որը նվիրված էր մեծ գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցին: Սեմինարը վարում էր համայնքի մշակույթի և լուսավորության հարցերով պատասխանատու Նունե Բարեղամյանը, ով իր դասախոսության ընթացքում հանգամանորեն անդրադարձավ հաջողակ և հզոր գործարարի կենսագրությանը՝ նշելով, որ Մանթաշյանցի կյանքի ուղին ժամանակակիցներիս հիացնում է տքնաջան աշխատանքային գործունեությամբ, նվիրումով և ժողովրդին օգտակար լինելու անսահման ցանկությամբ ու իրատեսական գործերով։ Ալեքսանդր Մանթաշյանցի բարերարությունն իր չափերով հսկայածավալ է։ Ունկնդիրներին հատկապես հետաքրքրեց ու զարմացրեց այն փաստը, որ, աշխատանքային գործունեությունը սկսելով մանուֆակտուրային արտադրանքի առևտրով, Մանթաշյանցը սուր մտքի , աշխատասիրության , գործարարական հմտության, մասնագիտական ճիշտ մոտեցման շնորհիվ , ի վերջո, դառնում է նավթարդյունաբերության տնօրեն և մի շարք միջազգային նավթային ընկերությունների բաժնետոմսերի սեփականատեր, սակայն երբեք չի փոխում իր տեսակը՝ մնալով մեծ մարդասեր, բարերար ու համեստ անձնավորություն:

  Հատաքրքիր դասընթացն առավել տպավորիչ դարձրին մեծ հայրենասերի նրա նրա ընտանիքի մասին պատմող վավերագական ֆիլմերը:

  Սեմինարի ավարտին ՝ քննարկումների ընթացքում, այցելուները կիսվեցին իրենց տպավորություններով ՝ նշելով , որ այդպիսի մարդկանց կյանքի պատմությունը ձգտում է առաջացնում՝ լինել նմանաչափ նպատակասլաց, խելացի,աշխատասեր, հմուտ ու մեծահոգի, քանզի միայն մարդկային այդօրինակ հատկանիշների առկայության դեպքում է մարդը հաջողությունների հասնում:

  Մայիսի 21-ին տեղի ունեցավ շարքի երկրորդ սեմինարը՝ նվիրված բանաստեղծ,մանկավարժ և հասարակական գործիչ Վահան Թեքեյանին։ Այն սկսվեց մեծ գրողին ու բացառիկ մարդուն նվիրված տեսանյութով և շարունակվեց դասախոսությամբ, որը պատմում էր Թեքեյանի կյանքի, քաղաքական , կուսակցական գործունեության և ստեղծագործական աշխարհի մասին, աշխարհ, որին յուրահատուկ են կենսուրախությունն ու հերոսական գաղափարները:

  Սեմինարն ընթանում էր պոեզիային հատուկ հուզիչ մթնոլորտում, դաշնամուրային երաժշտության կենդանի նվագակցությամբ:

  Ստուդիայի ունկնդիրները հնչեցրին «Տաղ հայերեն լեզվին», «Կանձրևե, տղաս…»,«Ես սիրեցի», «Անունդ», « Այս ծաղիկներն », «Եկեղեցին Հայկական» բանաստևղծությունները,որոնցում նրբորեն արտահայտված է Թեքեյան արվեստագետի հոգու մեծ ներաշխարհը:

  Միջոցառման մասնկիցներն իրենց տպավորություններով շռայլորեն կիսվեցին այդ աշխարհի մասին հիացական մտքերը. «Հետաքրքիր անհատականություն՝ ապրած մաքառումներով լի, բայց և վառ կյանքով։ Այդ վառ ու ընդվզող կյանքի գույներն են երանգավորում Թեքեյանի քնարերգությունը»:

  Սեմինարների շարքը շարունակվում է…նման միջոցառումներն ուսուցողական բնույթ են կրում, ինչպես նաև՝ նպաստում են հայ երիտասարդներին ազգային, հայեցի գաղափարներով դաստիարակելուն:

23 45

 

Scroll Up