Սփյուռքահայ աղջիկները նույնպես կմասնակցեն «Միսս Հայաստան» համահայկական մրցույթին

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ մայիսի 25-ին  ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի, «Միսս  Հայաստան» հիմնադրամի նախագահ, մրցույթի կազմակերպիչ, «Միսս  ԱՊՀ–1999»,«Միսիս գլոբ–2009» տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանի, «Փյունիկ» հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Նալջյանի  և սիրիահայ դիզայներ, «Shadoyan Fashion» նորաձևության ստուդիայի տնօրեն Գևորգ Շադոյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս:

Ասուլիսի ընթացքում բանախոսները ներկայացրին «Միսս  Հայաստան» հիմնադրամի նախագահի նախաձեռնությամբ, Մշակույթի նախարարության հովանավորությամբ և Սփյուռքի նախարարության աջակցությամբ սեպտեմբերին կայանալիք «Միսս Հայաստան» գեղեցկության համահայկական մրցույթի ընթացակարգը, կանոնները, ընդգծեցին  համահայկական մրցույթ կազմակերպելու կարևորությունը :

Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը մասնավորապես նշեց. «Սփյուռքի նախարարությունը մեծ պատրաստակամությամբ արձագանքեց այս նախաձեռնությանը: Սփյուռքում ևս ապրում են բազմաթիվ գեղեցիկ հայուհիներ, ովքեր կարող են ներկայացնել և՛ հայ կնոջ գեղեցկությունը, և՛ինտելեկտուալ հնարավորությունները, և՛ հայկական ազգային դիմագիծը: Միսս Հայաստան մրցույթի հաղթողի ուսերին է դրված նաև աշխարհին Հայաստանը ներկայացնելու լուրջ պատասխանատվությունը»:

«Միսս  Հայաստան» հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը ընդգծեց, որ մրցույթի հիմնական նպատակն է Հայաստանում ամենամյա գեղեցկության մրցույթների կազմակերպումը և միջազգային հեղինակավոր գեղեցկության մրցույթներին հայաստանյան ներկայացուցչի մասնակցության ապահովումը: «17-26 տարեկան աղջիկները արդեն կարող են գրանցվել՝ լրացնելով Missarmenia.org կայքում տեղադրված հայտը:Գրանցման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է: Սփյուռքից գրանցված մասնակիցները նախընտրական փուլերը կանցնեն առցանց եղանակով, ընտրված մասնակիցները հետագայում կհրավիրվեն Հայաստան: Նրանց բնակության, սննդի, բեմական հագուստի, անվտանգության հարցերը հոգում ենք մենք: Մրցույթի եզրափակիչ փուլը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 15-ին»,-նշեց Գոհար Հարությունյանը:

Հավելենք, որ մրցույթի կազմակերպիչներն իրենց առջեւ խնդիր են դրել անցկացնել արդար եւ թափանցիկ ընտրություն, «Միսս Հայաստան» տիտղոսակրին դարձնել գեղեցկության, ինտելեկտի, նրբագեղության եւ բարության խորհրդանիշ, անցկացնել ամենամյա գեղեցիկ եզրափակիչ միջոցառում, որը կդառնա հետաքրքիր եւ սպասված ողջ հայության կողմից, մասնակիցներին հնարավորություն տալ իրենց դրսեւորել մոդելային ասպարեզում եւ կինոարտադրության մեջ։

Լուսանկարը՝ Tert.am-ի

 

 

Scroll Up