«Հայորդյաց տան» շրջանավարտները ստացան Սրբազան Հոր օրհնությունը

ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի Մոսկվայի «Հայորդյաց տան» 107  սաներ ստացան  ավարտական վկայականներ, ինչպես նաև արժանացան  թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությանը։ Այս մասին  «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է Արմինե Կարեյանը:

Մայիսի 21-ին «Հայորդյաց տան» սաների օրը մեկնարկեց Սբ․ Պատարագին մասնակցությամբ: Կրթօջախի տնօրինության որոշմամբ տարեվերջյան համընդհանուր մասնակցությունը Պատարագին կդառնա ավանդական։ Այնուհետև, եկեղեցական համալիրի հանդիսությունների դահլիճում Ա․ Իջյանի, Ջ․ Կիրակոսյանի, Ս․ Միքայելյանի, Ե․ Ղազարյանի, Հ․ Չոբանյանի սաներին իր օրհնությունը փոխանցեց և ավարտական  վկայականներ հանձնեց Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ասելով․ «Բոլորս համակված ենք առանձնակի ուրախությամբ, որ Աստծո ողորմած կամքով արժանացանք այս օրվան։ Զգացումը, որն այս պահին բերեցին մեզ մեր սիրելի սաները՝ մղում է փառք և գոհություն հայտնելու Բարձրյալ Աստծուն,  որ հնարավորություն ունեցա ստեղծելու «Հայորդյաց տունը» և ընդունելու այդ տան մեջ մեր ազգի օրհնյալ արժանի զավակներին ու նրանց փոխանցելու մեր հազարամյա ժողովրդի, հայրենիքի պատմությունը»։

Սաների անունից Սրբազան Հորը, կրթօջախի տնօրինությանն ու ուսուցչական անձնակազմին «Հայորդյաց տան» գոյության, անձնվեր աշխատանքի և նվիրումի համար իր շնորհակալությունը հայտնեց Հ․ Չոբանյանի սան Արեն Շախբազյանը՝ միաժամանակ խոստանալով լինել ժառանգորդը հայոց աստվածօրհնյալ  երկրի, կրել հայի նվիրական անունը և ապրել ու արարել հայերեն։ Սաներին շնորհավորեց, կրթօջախում սովորածը չմոռանալ և հայ ազգին արժանի հայորդիներ մնալ պատգամեց նաև «Հայորդյաց տան» ուսուցչուհի Ջեմմա Կիրակոսյանը։

Սրբազան Հայրը կրթօջախն ավարտող սաներին պատգամեց նաև լինել երախտագետ զավակներ ու ազնիվ քաղաքացիներ․ «Իմ պատգամն է ձեզ, որ գիտակցեք ու հասկանաք արժեքը ձեր հայրենիքի, լինեք երախտագետ դեպի ձեր ծնողները, մանկավարժները, եկեղեցին և Ռուսասատանը: Միշտ հիշեք, որ լեզվի մոռացությունը, պատմության չիմացությունը  վտանգում է ինչպես ձեր, այնպես էլ՝ ձեր գալիք սերունդների հայ լինելը։ Փառք եմ տալիս Աստծուն, որ մեր մանկավարժների, կրթօջախի հոգևոր և աշխարհիկ պատասխանատուների ջանքերով, ձեր սիրելի ծնողների իմաստուն հեռատեսությամբ դուք այսօր «Հայորդյաց տանը» ձեռք բերեցիք այն անպարտելի, հաղթական զենքը, որով դուք հայ պիտի մնաք և նույնը պետք է  պատգամեք ձեր զավակներին»։

Վկայականների հանձնման արարողությունից հետո կրթօջախի ժողգործիքների «Ակունք»/գեղ․ ղեկավար՝ Մ․ Խաչատրյան/, դհոլահարների «Կոչնակ»/ գեղ․ ղեկավար․՝ Հ․ Բաղրամյան/, դուդուկահարների «Ծիրանի»/ գեղ․ ղեկավար․՝ Ա․ Հովհաննիսյան/, պարային՝ «Հայասա»/ գեղ․ ղեկավար․՝ Ա․ Ամիրյան/, «Վարդավառ»/ գեղ․ ղեկավար․՝ Մ․ Գրիգորյան/ համույթները և Լ․ Բեգլարյանի ղեկավարած «Ովսաննա», «Նորահրաշ», «Շողեր» երգչախմբերը, Ա․ Սարգսյանի ղեկավարծ ազգագրական երգի «Կտակ» համույթը ներկայացան համերգային ծրագրով, իսկ Ա․ Հովհաննիսյանի և Ք․ Պապիկյանի սաներն ասմունքով շնորհավորեցին կրթօջախի ուսումնական ծրագիրն ավարտած իրենց դասընկերներին։

Scroll Up