Նկարիչ Ռաֆայել Մեգալը Սփյուռքի նախարարությունում

Մայիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Վենետիկի 57-րդ բիենալեում Հայաստանը ներկայացրած նկարիչ Ռաֆայել Մեգալին:
Ջերմորեն ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց միջազգային հեղինակավոր ցուցադրությունում Հայաստանի մշակույթը պատշաճ ներկայացնելու համար, կարևորեց համաշխարհային մշակույթի տիրույթում մեր երկիրը արժանվույն ներկայացնելու երիտասարդ արվեստագետների ջանքերը և հույս հայտնեց, որ հաջորդ անգամ մեր երկրի տաղավարը կշահի եզակի մրցանակը` «Ոսկե առյուծը»:
Ռաֆայել Մեգալը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և աջակցության համար, նշեց, որ ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների անմիջական աջակցությամբ հնարավոր դարձավ իր «Հովազները իմ ծաղկած այգում» 15 նկարներից բաղկացած շարքը ներկայացնել Վենետիկլի բիենալեի նման համաշխարհային նշանակություն ունեցող մշակութային հարթակում և արժանանալ արվեստագետների ու այցելուների ուշադրությանը:
Ռաֆայել Մեգալը մասնավորապես ասաց. «Վենետիկի բիենալեում, որը կրում էր «Կեցցե՛ կենդանի արվեստը» խորագիրը, և՛ ամբողջ հայկական տաղավարը, և՛ մասնավորապես իմ աշխատանքները մեծ տպավորություն գործեցին: Հովազը հայ կերպարվեստում խորհրդանշում է հայոց բարեբեր հողը, իմ ծաղկած պարտեզում այն ներկայացվել էր հին զարդանախշերի նորովի, ինքնատիպ մատուցմամբ՝ խորհրդանշելով բնության ու մարդու ներդաշնակությունը»:
Քննարկվեցին Սփյուռքի աջակցությամբ ժամանակակից հայ մշակույթը համաշխարհային հանրությանը ներկայացնելու հետ կապված այլ հարցեր: