«Խոստումը» ֆիլմի անդրանիկ ցուցադրումը Հորդանանում

Ապրիլի 25-ին Հորդանանի մայրաքաղաք Ամմանի նշանավոր «Թաջ» կինոթատրոնում (Taj Cinemas) մեծ շուքով կայացավ «Խոստումը» ֆիլմի պրեմիերան՝ կազմակերպությամբ և համագործակցությամբ Հորդանանի «Վարդավառ» հայկական երգչախմբի։ Տրամադրված երկու դահլիճները լեփ- լեցուն էին. շուրջ 330 անձ։ Ֆիլմի անդրանիկ ցուցադրմանը ներկա էր նաև Հայաստանի պատվո հյուպատոս Արթուր Սքլջյանը։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են համայնքից, ընդունելության ընթացքում ելույթ ունեցավ «Վարդավառ» երգչախումբը՝ ղեկավարությամբ Վարդուհի Թորոյան-Ներսեսյանի՝ ևս մեկ անգամ հնչեցնելով կոմիտասյան ոսկեղենիկ ժառանգության գոհարներից։
Մարալ Ներսեսյանը բացման խոսքով տեղեկացրեց ֆիլմի ստեղծման պատմության մասին և համայնքի կողմից շնորհակալություն հայտնեց Հաշիմական ընտանիքին, որը ջերմորեն ընդունեց հայ վերապրողներին և տվեց հավասար իրավունքներ՝ Շերիֆ Հուսեյն Պին Ալիի 1917-ի հրամանագրի համաձայն։
«Խոստումը» ֆիլմը Հայոց ցեղասպանությունը այլ ազգերին ծանոթացնելու համար մի նոր տարբերակ կարող է հանդիսանալ։
Սփյուռքում հայապահպանությունը սկսվում է միասնականությամբ։ Հորդանանահայ համայնքը մեկ անգամ ևս ապացուցեց աշխարհին, որ հայը շարունակում է ապրել ու արարել։
Մասնավոր շնորհակալություն կուզենք հայտնել Մարալ Ներսեսյանին և Սարո Եսայանին, որոնց նվիրական ջանքերով «Խոստումը» ֆիլմի հորդանանյան անդրանիկ ցուցադրումը պսակվեց մեծ հաջողությամբ։