Ապրիլի 24-ը Ախալքալաքում

Արդեն 1 տարի է, ինչ ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, սգո օր չէ, այլ մեր Սուրբ նահատակների հիշատակության օրն է:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից, ամբողջ օրվա ընթացքում մարդկանց հոսքը չէր դադարում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Ախալքալաքի բոլոր պետական և ոչ պետական կառույցների կոլեկտիվները, դպրոցների և մանկապարտեզների ուսուցիչները սաների հետ միասին գալիս էին ծաղիկներ խոնարհելու Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի մոտ և մասնակցելու 1500000 սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագին, որը տեղի ունեցավ հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի ու ձեռամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի:

Հավարտ Սուրբ պատարագի՝ եկեղեցում հավաքված մարդիկ, ուղեկցությամբ Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի և արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, թափորով դուրս եկան եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, որտեղ տեղի ունեցավ Սրբոց Նահատակաց բարեխոսական աղոթք: Այնուհետև բոլորը միասին դիտեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսը:

 

Scroll Up