Մահացել է Ադելաիդա Հովեյանը

Մարտի 28-ին ԱՄՆ Բոստոն քաղաքում իր մահկանացուն է կնքել ՀՀ վաստակավոր ուսուցչուհի, Քեմբրիջի Սբ. Երրորդություն եկեղեցու հայկական կիրակնօրյա վարժարանի ուսուցչուհի Ադելաիդա Հովեյանը, ով օտար ափերում մեծացող հայ մանուկների, պատանիների ու աղջիկների հայրենադարձության, մայրենի լեզվի հանդեպ սիրո ու ազգային գիտակցության ձևավորման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ է իրականացնել:
Ցավակցում ենք Ադելաիդա Հովեյանի ընտանիքի անդամներին, հարազատներին՝ մաղթելով համբերություն և հոգու ամրություն:
Ադելաիդա Հովեյանը ծնվել է 1941թ հունվարին՝ Նոր Բայազետում, այժմ` Գավառ:
Գերազանցությամբ ավարտել է դպրոցը, ուսումնարանը, Երևանի պետական համալսարանը: Աշխատել է Հր. Աճառյանի անվան դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Այնուհետև տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, շարունակել ուսուցչի նվիրական գործը՝ աշխատելով Քեմբրիջի Սբ. Երրորդություն եկեղեցու հայկական կիրակնօրյա վարժարանում:
Տիկին Հովեյանը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից արժանացել է Հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչման:
***
Հ.Գ Ստորև ներկայացնում ենք Ադելաիդա Հովեյանի գրած բանաստեղծությունը.
Արարատի գագաթից մի ափ ձյուն բերեցի,
Շատ էր այրող ափս, բայց ձյունը չհալվեց,
Դրի իմ սենյակում՝ բուխարիիս կողքին,
Բայց ձյունը չհալվեց, այլ ալիքվեց լույսի ցնո՜րք մի հեղեղի,
Ես հանգցրի բոլոր կրակները իմ տան.
Անմեկնելի՜ հրաշք. լույս էր տանս ու տաք,
Ու ծաղկունք էր տանս՝ տարին բոլոր:
Անգամ գիշերների բոլոր երազներս՝գունավոր ու շքեղ,
Ու ողջ կյանքս ասես սիրո, հարատևման խորհրդով էր լցվել…
…Մի ասի ձյունը այդպես
Մի խենթ սիրտ էր պահում հավերժորեն,
Ինչպես լեռն այն պայծառ գուրգուրել է, պահել
Մի ողջ ժողովրդի՝ անթի՜վ, անթի՜վ դարեր …
Օրհնում եմ քեզ, անսո՛ւտ երազներիս հովիտ,
Մի բուռ նշխար, մի ափ ձյուն դու Արարատի,
Ապրի՛ր ինձ հետ ընդմիշտ, ապրի՛ր դու իմ կողքին,
Թող կարոտը սրտիս հորդի այսպես ցնծուն
Քո տաք, քո կենարար հավերժական սառցից
Ու դառնա երգ հայկական,
Դառնա սեր ու երազ,
Ու լո՜ւյս դառնա…