«Հայաստան» հիմնադրամը վերականգնում է Մատաղիս համայնքը

Համաձայն Հեռուստամարաթոն 2016-ին ստանձնած Արցախի տուժած բնակավայրերի վերականգնման ծրագրի՝ Հիմնադրամը Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում վերանորոգում է 34 բնակարան: Ծրագիրն իրականացվում է Հեռախոսամարաթոն 2016-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հավաքագրած հանգանակություններով եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են հիմնադրամից:
Համայնքի վերականգնման աշխատանքները Մատաղիսում մեկնարկել են գյուղի դպրոցի վերանորոգմամբ, որը վնասվել էր ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Պատահական չէ, որ դպրոցը վերանորոգվեց Տորոնտոյի մեր հայրենակիցների միջոցներով, քանի որ 2005-2006թթ.-ին այն կառուցվել էր հենց այդ համայնքի ֆինանսավորմամբ: Տորոնտոբնակ անհատ բարերարն էլ մեկ շտապօգնության մեքենա է նվիրաբերել համայնքին:
Զուգահեռաբար Հիմնադրամը շարունակում է իր ընթացիկ ծրագրերը, այդ թվում՝ Արցախի բազմազավակ ընտանիքների համար տների կառուցումը եւ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցումն ու կահավորումը: