Ամանորը Կրասնոդարի «Վարդանյան» կենտրոնում

Նորոգվում է նորից ժամանակը անկանգ,

Նոր տարի՜  է գալի՜ս…

Սուրբ ծնունդ է նորից, առավոտ է  պայծառ.

Արեգակն է փայլում մրրիկներին հեծած։

Այդ օրը անսովոր շքեղ և զարդարուն էին ոչ միայն Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի «Վարդանյան» կենտրոնի դահլիճը և ճեմասրահները, այլև բոլոր աշակերտների արտաքին տեսքն ու տրամադրությունը։

Աշակերտներն ու ծնողները, ժամանակից շուտ խռնված գլխավոր մուտքի առաջ, ջանում էին րոպե առաջ ստանալ իրենց հրավիրատոմսը և հայտնվել հեքիաթի մեջ։

Տաղանդավոր ռեժիսոր Արմինե Կուրդագլյանը հետաքրքիր բեմական լուծումներ էր տվել Ե. Հարությունյանի «Փոքր Մհերի վերադարձը» պիեսին։ Դե իսկ դերակատարները արհեստավարժ դերասաններ չէին, «Արմատ» դպրոցի ավագ խմբերի սաներն էին. որոշները առաջին անգամ բեմում հայտնվելու վախվորածությամբ, մյուսները՝ մայրենիի անհուն գանձարանի շեմը նոր թևակոխած… Սակայն  տոնը կայացավ, ամանորյա հեքիաթը համոզեց դպրոցի կրտսեր խմբերի սանիկներին և հյուրերին, նրանց ներքաշեց բարության և քաջության աշխարհը։

Ներկայացման ողջ ընթացքին մասնակից էին փոքրիկ հանդիսատեսները, պատասխանում էին Ձյունանուշիկի հարցերին, օգնում փերիներին՝ փրկել Արքայադստերը, քշում չար կախարդին և սպասում Փոքր Մհերին՝ Հայաստան աշխարհի երջանկության և արդարության ասպետին։

«Վարդանյան» կենտրոնը քայլ առ քայլ առաջ է գնում վերընթաց սանդուղքով, ամեն նոր միջոցառում մի աստիճան բարձր է իր նախորդից, և, որ ամենակարևորն է, ծնողների և աշակերտների համար այն անդառնալիորեն վերածվում է փոքրիկ հայրենիքի։ Այստեղ ամեն օրվա մեջ Հայաստանի հետքն է, ամեն ելևէջի մեջ՝ հայկական մեղեդին, ամեն հարդարանքի մեջ՝ հայկական երանգը, ամեն երևույթի մեջ՝ Հայաստանի բույրը։ Այստեղ հերոսները հայերեն են խոսում, Ձմեռ պապիկը հայկական քաղցրավենիք է բաժանում, փերիներն ու ասպետները հայկական պարեր են պարում… և անգամ Չար կախարդը, որ պետք է լինի այլանդակ և զերհուրելի, – գեղեցիկ է, ինչպես նկատել էր «Այբ» խմբի փոքրիկ Եվան…

Այստեղ ամեն ինչ առինքնող է ու հարազատ, որովհետև քոնն է, քո գեների ճիշտ ուղղությունը,  քո կերպարի ճիշտ հիմքը, քո ասելիքի ճիշտ տեքստը, քո կարողությունների ճիշտ ասպարեզը, քո գիտելիքների ճիշտ ուղղությունը, քո կայացման միակ երաշխիքը։ Այս փոքրիկ Հայաստանում ավելի շատ ես սպասում և հավատում ամանորյա հրաշքին։

 

Հին դարերի ճերմակ ձյունաշերտի վրա

Թարմությու՜ն է թափվում։

Արարատի գլխին հույս ու լու՜յս է թափվում…

Ձյան փաթիլի նախշուն ու անխարդախ հետքով ՝

Թափանցիկ ու փխրուն,

Բուրավետ ու մաքուր՝

Նոր տարի՜ է բացվում՝

Հայոց հազարամյա աշխարհիկի վրա…

Երազիկ Հարությունյան

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

%d5%af%d6%80%d5%a1%d5%bd%d5%b6%d5%b8%d5%a4%d5%a1%d6%802%d5%af%d6%80%d5%a1%d5%bd%d5%b6%d5%b8%d5%a4%d5%a1%d6%801%d5%af%d6%80%d5%a1%d5%bd%d5%b6%d5%b8%d5%a4%d5%a1%d6%803

Scroll Up