New York Times-ի հոդվածն Արցախի մասին. «Իմ հպարտ ուխտագնացությունը դեպի հայրենիք»

Դատարկված Թալիշի հետևի բլուրներում փորված խրամատներն Առաջին համաշխարհային պատերազմն են հիշեցնում: Այս մասին New York Times պարբերականում հրապարակված հոդվածում գրում է ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանը՝ պատմելով ապրիլյան պատերազմից հետո Արցախ կատարած իր այցելության մասին:

«Սեպտեմբերի 1-ին երկինքը լազուրի պես կապույտ էր, 32 ամյա կապիտան Գեղամ Գրիգորյանը, կանգնած կողքիս, հյուսիս-արևելքում ցույց էր տալիս Ադրբեջանը և կանգնած տեղից փոքր ինչ հեռու ականապատ դաշտն ու անվտանգային գոտին:

«Եթե դու խաղաղություն ես ուզում, ուրեմն պետք է պատերազմի պատրաստ լինես»,- ասաց նա՝ ձեռքն ուսիս դնելով»,- գրում է հոդվածագիրը:

Նկարագրելով ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ Բոհջալյանը գրում է, որ այդ օրերին 400 բնակիչ ունեցող Թալիշ գյուղը այնքան ուժգին էր հրետակոծվում, որ գյուղաբնակաները հարկադրված լքեցին իրենց տները՝ ապաստան գտնելով երկրի այլ վայրերում:

«Թալիշում ադրբեջանական գրոհայինները սպանել ու դիակապտել էին քաղաքացիական բնակչության՝ տարեց ամուսինների, ինչպես նաև գլխատել էին գերեվարված հայ զինվորի, ինչն էլ պատճառ դարձավ, որ ԱՄՆ ներկայացուցիչ, Կալիֆոռնիայից դեմոկրատ սենատոր Բրեդ Շերմանը Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործություններ թույլ տալուն ուղղված հետաքննություն սկսելու կոչ անի»,- գրում է Բոհջալյանը:

Հեղինակի խոսքով՝ ինքն այս տարի հերթական անգամ Հայաստանում է եղել՝ որպես ուխտավոր, որքանով այդ երկիրն իր արյան մեջ է: Բոհջալյանի դիտարկմամբ, ինքն Արցախի հայապատկան լինելու փաստը պնդում է ոչ միայն զուտ այն պատճառով, որ հայի արյուն ունի, այլ այն պատճառով, որ պատմությունը հայերի կողմից է:

«Լեռնային Ղարաբաղում գտնվելուս ժամանակ զրուցելով մարդկանց հետ՝ ես հասկացա՝ միայն եթե Ադրբեջանը գրավի Արցախը, այդ ժամանակ նոր այն Ադրբեջանի մաս կդառնա: Ու չնայած Ադրբեջանի մեծությանը, ես չեմ պատկերացնում, որ երբևէ նման բան կարող է լինել: Հայերն այս հողում ապրել են դարեր ի վեր: Այդ մարդիկ հաստատակամորեն իրենց տան պաշտպաններն են:

Հայերի համար սա գոյության կռիվ է: Դա մեր հայրենիքի մի մասի պաշտպանության կռիվ է: Այո, մենք  Հայոց ցեղասպանության ժամանակ էթնիկ զտման ենք ենթարկվել Վանում, Անատոլիայում ու Կիլիկիայում՝ բառացիորեն ողջ Թուրքիայում: Յուրաքանչյուր չորս հոգուց երեքը ֆիզիկապես ոչնչացվել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ:

Այդ իսկ պատճառով էլ Լեռնային Ղարաբաղը մեր գիծն է Երկրի վրա: Դրա համար է, որ Անտոն Աբգարյանն իրեն առաջին գիծ է նետել, իսկ Գեղամ Գրիգորյանն էլ իր կոստյումը փոխարինել է զինվորական համազգեստով: Սա է պատճառը, որ  որքան էլ այդ երկիրը փոքր լինի, այն միշտ խրամատների համար բավարար թվով զինվորներ ունի»,- եզրափակում է հոդվածագիրը:

Scroll Up