Հայապահպանության սուրբ գործի առաքյալները

Սփյուռքի նախարարությունը պարբերաբար անդրադառնում է աշխարհի տարբեր երկրներում գործող հայագիտական կենտրոնների, հայապահպան կառույցների գործունեությանը, որն արտացոլվում է նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում: Այս հանձնարարությամբ ինձ հաջողվեց զրուցել Ղրիմի Հանրապետության վաստակավոր լրագրողներ, Ղրիմահայոց ընկերության բարձրագույն պարգևների՝ Հովհ. Այվազովսկու անվան հուշամեդալին և Ոսկե նշանին արժանացած մեր հայրենակիցների, Գաբրիել Այվազովսկու անվ. հայկական դպրոցի մեթոդիստներ և ուսուցիչներ Վահան Վերմիշյանի ու Ռուշան Փիլոսյանի հետ: Վահան Վերմիշյանը նաև Ղրիմի Հանրապետության տարածաշրջանային հայկական ազգայինմշակութային ինքնավարության նախագահի տեղակալն է, «Մասյաց աղավնի» և «Նաշ Կրիմ» հանդեսների գլխավոր խմբագիրը, իսկ Ռուշան Փիլոսյանն՝ այդ նույն հանդեսների պատասխանատու քարտուղարը, նաև՝ Ղրիմահայ գրողների միության նախագահը: Ստորև ներկայացնում եմ նրանց ծավալած հայապահպան գործունեությունը ղրիմահայոց շրջանում:

Ղրիմի Հանրապետության տարածաշրջանային հայկական ազգամշակութային ինքնավարությունը (ՂՀՏՀԱԻ, նախկինում՝ Ղրիմահայոց ընկերություն) ստեղծվել է 1989 թվականի ապրիլ ամսին, Սիմֆերոպոլում՝ մի խումբ հայ ակտիվիստների նախաձեռնությամբ և ջանքերով (Անուշավան Դանիելյան, Բորիս Բալայան, Ալեքսանդր Ամատունի, Շամիր Խուբլարյան, Վարդան Սարգսյան և այլն): Այն Ղրիմի առաջին ազգային-մշակութային հասարակական կազմակերպություններից մեկն է, որն իր տարածաշրջանային բաժանմունքներն ունի  Յալթայում, Ալուշտայում, Սուդակում, Կերչում, Թեոդոսիայում, Եվպատորիայում, Բախչիսարայում, Սևաստոպոլում, Սակիում, Ջանկոյում, Բելոգորսկում:

Ղրիմահայոց ընկերության առաջին նախագահը (այժմ՝ պատվավոր նախագահ) Անուշավան Դանիելյանն էր, ում հաջողվել է համախմբել ղրիմահայերին և ստեղծել մի կուռ կառույց, որի կարևորագույն խնդիրը ղրիմահայերի լեզվի, մշակույթի, ավանդույթների պահպանումն ու զարգացումն էր:

Ներկայումս Ղրիմի Հանրապետության տարածաշրջանային հայկական ազգամշակութային ինքնավարության նախագահը Վաղարշակ Մելքոնյանն է, Սիմֆերոպոլի քաղաքային օկրուգի հայկական ազգամշակութային ինքնավարության նախագահը՝ Արմեն Մարտոյանը:

1993-94 թթ. Ղրիմահայոց ընկերության և Ղրիմի ազգությունների պետական կոմիտեի հրավերով մի խումբ մասնագետներ գնացին Հայաստանից Ղրիմ և Վահան Վերմիշյանի (գլխավոր խմբագիր և հաղորդավար), Նելի Գրիգորյանի (խմբագիր և հաղորդավար), Արթուր Աբովյանի (ռեժիսոր), Միքայել Մելքոնյանի (խմբագիր), Ռուշան Փիլոսյանի (խմբագիր և հաղորդավար) և այլոց ջանքերով ու անմիջական մասնակցությամբ ստեղծվեցին Ղրիմի հեռուստառադիոպետկոմի ռադիոյի և հեռուստատեսության հայկական խմբագրությունները: 1993 թ. նոյեմբերին Ղրիմի եթերում հնչեց հայերեն առաջին՝ «Առաքյալ լույսի» ռադիոհաղորդումը: Պատմում են, որ այդ պահին ռադիոընդունիչների մոտ գտնվող ղրիմահայերն այն լսել են՝ արցունքներն աչքերին:

Նույն տարվա դեկտեմբերին եթեր է հեռարձակվել «Բարև» հայկական առաջին հեռուստահաղորդումը:

1994 թ. սկսել է վերահրատարակվել «Մասյաց աղավնի» լրագիրը (2002 թվականից՝ եռամսյա հանդես), որի գլխավոր խմբագիրը Վահան Վերմիշյանն է, պատասխանատու քարտուղարը՝ Ռուշան Փիլոսյանը:

ՂՀՏՀԱԻ-ին ներկայումս բազմաճյուղ և բազմաբովանդակ կառույց է: Ակտիվորեն գործում են՝ հայ կանանց «Մայրիկ» լիգան (նախագահ՝ Ջուլիետա Կարապետյան), Ղրիմահայ գրողների միությունը (նախագահ՝ Ռուշան Փիլոսյան),  Ղրիմահայ նկարիչների միությունը (նախագահ՝ Հրաչյա Խաչատրյան), «Արարատ» պարի համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արամ Գրիգորյան), Գաբրիել Այվազովսկու անվ. դպրոցը (տնօրեն՝ Թամարա Վինոգրադսկայա-Գրիգորյան), Ղրիմի հայ երիտասարդների «Կամք» կոմիտեն:

Ղրիմում բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ կան (հիմնականում՝ հնամյա եկեղեցիներ), որոնք, ավաղ, մեծամասնությամբ գտնվում են կիսաքանդ կամ լրիվ ավերակ վիճակում: Ներկայումս բարվոք վիճակում են և գործում են հինգ եկեղեցի՝ Յալթայում (Սուրբ Հռիփսիմե), Ստարի Ղրիմի մոտ (Սուրբ Խաչ վանք), Թեոդոսիայում (Սուրբ Սարգիս), Սիմֆերոպոլում (Սուրբ Հակոբ), Եվպատորիայում (Սուրբ Նիկողայոս):

Մեր պապերի թողած ճարտարապետական հարուստ ժառանգության վերականգնման հարցերով՝ 1992 թվականից ի վեր, զբաղվում է վերականգնող ճարտարապետ Մերուժան Պետրոսյանը:

Պատմաբան Վլադիմիր Գրիգորյանցը շարունակում է իր մեծ նախորդի՝ ակադեմիկոս Վարդգես Միքայելյանի գործը. նա գրում է ղրիմահայոց ներկայիս պատմությունը: Իսկ պատմաբան-ազգագրագետ Տաթևիկ Սարգսյանն զբաղված է  Ղրիմի հայկական ճարտարապետական հուշարձանների պատմությունը վերականգնելու և դրանց պահպանման հիմնախնդիրներով:

Բացի «Մասյաց աղավնի» հանդեսից՝ պարբերաբար հրատարակվում է Ղրիմահայ գրողների միության «Հայրենիքը սրտում» ալմանախը (խմբագիր և կազմող՝ Ռուշան Փիլոսյան): Լույս են տեսնում նաև տարբեր մենագրություններ, հայ նկարիչների ալբոմներ, հայ գրողների բանաստեղծական և այլ ժողովածուներ, դպրոցական ծրագրեր և այլն:

Ղրիմում ամեն տարի՝ Հայ մշակույթի օրերի շրջանակներում, անցկացվում են մշակութային, մարզական և այլ միջոցառումներ՝ նվիրված որևէ նշանավոր տարեթվի: Խոշորագույն միջոցառումներից են՝ «Սուրբ Խաչ» և «Armenia Maritima» («Ծովային Հայաստան») փառատոները, Տյառնընդառաջը, Վարդավառը, Սուրբ Ծնունդը, Զատիկը և ժողովրդակրոնական այլ տոնախմբությունները, նարդու, շախմատի և այլ մարզաձևերի մրցաշարերը, «Ղրիմի հայ գեղեցկուհի» մրցույթը, նկարիչների և քանդակագործների, կիրառական արվեստի վարպետների ցուցահանդեսները, գրական-երաժշտական երեկոները և այլն:

Այս և նման միջոցառումների կազմակերպման և անցկացման ծանրության բեռը հիմնականում ընկած է Ղրիմի Հանրապետության տարածաշրջանային հայկական ազգամշակութային ինքնավարության նախագահի տեղակալ, «Մասյաց աղավնի» և «Նաշ Կրիմ» հանդեսների գլխավոր խմբագիր Վահան Վերմիշյանի ուսերին, որն էլ նա անմռունչ կատարում է արդեն 23 տարի:

Այս բոլոր հայրենասեր հայորդիներն իրենց գիտակցական ողջ կյանքն ինքնամոռաց նվիրել են հայապահպանության սուրբ գործին և դարձել են ղրիմահայոց յուրօրինակ առաքյալները: 

Կարինե Ավագյան

%d5%b2%d6%80%d5%ab%d5%b42%d5%b2%d6%80%d5%ab%d5%b41

Scroll Up