«ՀԲԸՄ-ն շարունակելու է իր հայացքը դեպի Հայրենիք ուղղել».Պերճ  Սեդրակյան

Հայաստանում անցկացվող ՀԲԸՄ-ի հիմնադրման 110-ամյակի միջոցառումներին նվիրված  մամուլի ասուլիսի ժամանակ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ամփոփելով միության 10 տարիների ծավալած գործունեությունը, ներկայացրեց կատարված աշխատանքները և հետագա 10 տարիների գործունեության ուղղություններն ու ռազմավարությունը:

 «Վերջին 10-ը տարիների ընթացքում մտահոգիչ էին Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող պատերազմները, որոնք հիմնովին սասանեցին հայկական համայնքների հիմքերը.այդ երկրներում բնակվող հայերը սփռվեցին տարբեր երկրներում, նրանք նաև Մայր հայրենիքում հաստատվեցին: Իհարկե, այս ամենը սկսվեց 1970-ական թվակականներից, երբ լիբանանյան պատերազմի հետևանքով Սփյուռքի ողնաշարը համարվող համայնքները  լուրջ ցնցում ապրեցին»,-ասաց Պերճ Սեդրակյանը` հավելելով, որ Հայաստանի իշխանությունն  իր բոլոր հնարավորություններն օգտագործելով` ճիգ գործադրեց ընդունելու դժվարին իրավիճակում հայտնված հայրենակիցներին, ջերմորեն Հայաստանի դռները բացեց նրանց առջև, հայ ժողովուրդը նույնպես սատարեց:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ`Պերճ Սեդրակյանն ընդգծեց, որ տարբեր տեսանկյուններից սփյուռքյան համայնքների համար ուժ ու հենարան հանդիսացող Մերձավոր Արևելքի մայր համայնքների խարխլումը, դժբախտաբար, մեծ հարվածի տակ դրեցին հատկապես հայ երիտասարդների կյանքը. նրանք աշխարհասփյուռ դառնալով`կորցնում են իրենց ազգային դիմագիծն ու հայի ինքնությունը` կուլ գնալով ուծացման վտանգին: Դա նույնքան մտահոգիչ է, որքան Հայաստանից արտագաղթի հարցը:

«Սփյուռքում տարբեր կրթական, մշակութային հայանպաստ ծրագրեր իրականացնելով` պետք է մեր երիտասարդներին օգնենք պահպանել ինքնությունը, որպեսզի ամուր կապվեն Հայաստանին, չլքեն hայրենի եզերքները: Ուստի գլոբալացվող աշխարհում` իբրև մեկ ազգ և մեկ ժողովուրդ, բոլորիս մտահոգությունն է լինելու Հայաստանի տնտեսական վիճակի կայունացումը, պետք է այնպիսի հայրենիք ունենանք, որը կհրապուրի հայ երիտասարդներին: Մեր ապագան նոր սերնդի վրա ենք դնելու: ՀԲԸՄ-ն 10 տարիների հետագա աշխատանքը կատարելիս` իր հայացքը շարունակելու է դեպի Հայրենիք ուղղել: Շարունակելու ենք տարբեր միջոցներով թիկունք կանգնել Հայաստանին, որով կհպարտանանք և կուրախանանք: Ամենակարևոր խարիսխը հզոր Հայրենիք ունենալն է, որը միասին ենք ստեղծելու»,-շեշտեց ՀԲԸՄ նախագահը:

Պերճ Սեդրակյանն անդրադարձավ Սփյուռքի լճացող կառույցներին, որոնք կարիք ունեն ակտիվացնելու իրենց գործունեությունը, վերանայելու առաջնահերթություններն ու պահպանելու Հայատանի հետ կապը:

ՀԲԸՄ նախագահը խոսեց նաև Սփյուռքում հայ եկեղեցու ազգապահպան գործունեությանը, հոգևոր, ազգային արժեքների պահպանման առանցքային նշանակությանը և կոչ արեց իբրև ազգային մեկ կարևոր առաքելություն` ամրապնդել  Հայաստան-Սփյուռք-Եկեղեցի փոխգործակցությունը:

«Այսօր ռազմավարական տեսանկյունից եկեղեցին ուսյալ և ներկայանալի երիտասարդ հոգևորականներ պետք է պատրաստի: «Մե՛կ ազգ, մե՛կ ժողովուրդ, մե՛կ Սփյուռք, մե՛կ Եկեղեցի». այս գաղափարով պետք է առաջնորդվենք ու նեցուկ լինենք Հայաստանի զորեղացմանը»,-եզրափակիչ խոսքում ասաց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

Գևորգ  Չիչյան  

Scroll Up