ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կպարգևատրի Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Ֆրանսիական Հանրապետություն և Բելգիայի Թագավորություն: Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հրանուշ Հակոբյանը մի շարք հանդիպումներ կունենա Մեխելենում և Բրյուսելում, պարգևներ կհանձնի Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Մեխելենի Լևոն Շանթի անվան հայկական դպրոցում ՀՀ սփյուռքի նախարարը կրթօջախի ղեկավարության և ուսուցչական կազմի հետ հանդիպման ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր կհանձնի դպրոցի երկու ուսուցիչների՝ Լիանա Մելքոնյանին և Հռիփսիմե Հարությունյանին:

Արդեն երեկոյան Բրյուսելում նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում կունենա Բելգիայի հայկական կազմակերպությունների, միությունների և անհատների հետ: Համայնքի հետ հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության արդյունքներով՝ 3-րդ կարգի մրցանակ կհանձնի «Արաքս» մշակութային կենտրոնի  ղեկավար Հերմինե Ազարյանին իսկ  «Սփյուռքում լավագույն հայկական ընտանիք» անվանակարգի 2-րդ կարգի մրցանակը՝ Լուսինե Ներսիսյանին:

«Հայաստան-Սփյուռք» գործակցության կայացման ուղղությամբ տարված աշխատանքների  համար Բելգիա-Հայաստան առևտրային պալատի հիմնադիր տեղակալ Յանիկ Քալանթարյանը և Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Կարեն Թադևոսյանը ևս կարժանանան ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերի:

Բելգիահայ համայնքը կազմավորվել է XX-րդ դարի 20-ականների սկզբին: 1920թ. Բելգիայում հաստատվել է թուրքական ջարդերից փրկված ավելի քան 1000 հայ: 1922թ. նրանց նախաձեռնությամբ կազմակերպվել է բելգիահայ գաղութային վարչությունը, որը մինչ օրս գործում է:  Ներկայում Բելգիայում մոտավոր տվյալներով բնակվում է շուրջ 20.000 հայ, որոնք հաստատվել են Բրյուսելում եւ Անտվերպենում, սակավ թվով` Գենտում, Լիեժում եւ Մեխելենում:

Բելգիահայ համայնքում տարբեր տարիներին ստեղծվել են բարեգործական, մշակութային, երիտասարդական կազմակերպություններ ու միություններ, որոնց գործունեության գլխավոր առանցքը հայապահպանությունն է:1980 թվականից Բրյուսելի համայնքում նշանակալի դեր ունի տեղի հայերի գլխավոր հավաքատեղին` Հայ տունը, որտեղ կազմակերպվում են բարեգործական եւ մշակութային միջոցառումներ: Գործում է ՀԲԸՄ մասնաճյուղը, «Արբակ Մխիթարյան» հասարակական կենտրոնը, Անտվերպենում բելգիահայ տիկնանց միությունը, ինչպես նաեւ հասարակական եւ մշակութային բնույթի մի շարք այլ կազմակերպություններ. «Արդիա», «Արաքս», «Հայկ», «Պրոգրես», «Լեւոն Շանթ», «Դեմոկրատների միություն», «Բելգիայի հայ երիտասարդաց միություն», «Նուարդ» եւ այլն: Գործում է 16 հայկական կրթօջախ:

 

Scroll Up