«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՊՐԱԳՄԱՏԻԿ ԼԻՆԻ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՎԻ ԻՐ ՇԱՀԵՐՈՎ»

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է Եվրազէսի ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հարցերով գիտական խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպեխինը:

-Դուք առաջի՞ն անգամ եք Հայաստանում:

-Այո, ես միշտ մտածում էի` ինչպես է դա տեղի ունենալու:

-Եվ ինչպե՞ս տեղի ունեցավ:

-Հրաշալի, մի քանի անգամ պատրաստվել եմ, բայց չի ստացվել, իհարկե, գրքեր եմ կարդացել, լուսանկարներ եմ նայել, հրաշալի ճարտարապետություն ունեք: Արդեն եղել եմ տաճարում, զգացել եմ լույսը, որ կա ձեր երկրում, և մարդկանց բարությունը:

-Ի՞նչ է Հայաստանը Ռուսաստանի համար` ռազմավարական գործընկե՞ր, դաշնակի՞ց Հարավային Կովկասում, աղքատ ազգակա՞ն:

-Ոչ մի դեպքում` աղքատ ազգական: Ռուսաստանի պատմությունն այնպես է զարգացել, որ բարեկամները այդքան էլ շատ չեն: Հաշվի առնելով Ռուսաստանի դերն աշխարհում, վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ արդար չէ, ուստի դաշնակցային ու բարեկամական հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են: Հատկապես այս իրավիճակում, աշխարհաքաղաքական այս զարգացումների մեջ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հիմնական խաղացողներն աշխարհում փոխվել են, փոխվել է Ռուսաստանը, որ դիմակայում էր Արևմուտքին: Հիմա ավելի ինտենսիվ քարոզչություն է մղվում Ռուսաստանի դեմ, քան առաջ էր:

-Ինչո՞վ եք բացատրում:

-Գլոբալ շուկայի շահերով, որ որոշում են համաշխարհային տնտեսության զարգացման ուղղությունները: Պատկերացրեք` սառը պատերազմի ժամանակաշրջանում ԱՄՆ-ում այդ ուղղությամբ աշխատում էր մի քանի միլիոն մարդ` քաղաքագետներ, տնտեսագետներ, լրատվամիջոցներ, ռազմաարդյունաբերական համալիրը: Այսինքն` մարդիկ աշխատում էին, փող էին վաստակում: ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ, և պարզվեց, որ ուրիշ թշնամի չկա, այդ պատճառով սկսեցին թշնամի ստեղծել: Միջին ամերիկացու գիտակցության մեջ պետք էր արտաքին թշնամի, և հայտնվեցին թեժ կետերը` Հարավսլավիան, սեպտեմբերի 11-ը, Աֆղանստանը, Իրաքը, թվարկումը դուք էլ կարող եք շարունակել: Ինչքան էլ փորձում էին Ռուսաստանից թշնամի սարքել, չէր ստացվում` ռուսական մաֆիա, որ ամբողջ օրը կրակում է այլազգիների վրա, ռուս ազգայնականներ, որ կրակում են ամբողջ օրը յուրայինների վրա, միևնույն է, չէր ստացվում` այդ խնդիրների վրա փող չես աշխատի: Ռուսաստանն իրեն պասիվ էր պահում, իր խնդիրներով էր զբաղված, թշնամու կերպարի չէր ձգում, ոչինչ չէր կատարվում: Չարի առանցք, դիկտատոր Պուտին` այս բիլինաները մեծ մասամբ կապվում էին քարոզչամեքենայի գործունեության հետ: Հիմա Ռուսաստանին մեղադրում են չգործած մեղքերի համար, այդ պատճառով էլ շատ կարևոր են բարեկամներն ու դաշնակիցները: Բուն քաղաքական որոշումն է կարևոր:

-Եվրասիական միության ստեղծումը ա՞յդ ենթատեքստում է:

-Ո՞ր ենթատեքստում:

-Հետխորհրդային ժամանակների, աշխարհի գլոբալ փոփոխությունների, գլոբալացվող աշխարհում Ռուսաստանի դերի փոփոխության:

-Ոչ, դա տարածաշրջանային նախագիծ է, աշխարհաքաղաքական ոչինչ չկա, աշխարհաքաղաքականի վերածում են մեր հակառակորդները, որ Մաքսային միության մեջ սպառնալիք են տեսնում գլոբալ շուկայի համար: Ծրագիրը նախաձեռնված է իբրև տարածաշրջանային, պետք էր վերականգնել տնտեսական կապերը, հեշտացնել ապրանքների տեղաշարժը, և, իհարկե, մարդկանց: Եվրասիական միության ստեղծման առաջարկ ՌԴ նախագահից առաջ Ղազախստանի նախագահն էր արել, որին պրագմատիկ Պուտինը դրական արձագանքեց: Հասկանալի է, որ օբյեկտիվ հիմքը ոչ միայն տնտեսությունն է, նաև պատմամշակութային միասնական տարածքը: Նաև` քաղաքական դրդապատճառները: Ռուսական ղեկավարությունը իրեն զուսպ է պահում, որովհետև շարունակ մեղադրանքներ են հնչում, որ կայսերական նախագիծ է, կայսերական նկրտումների դրսևորում, և այլն, և այլն…

-Որ ԽՍՀՄ-ի վերականգնումն է:

-Դա անմիտ է, հիմա փոխվել են ժամանակները, սկզբունքորեն այլ են հասարակությունները: Կայսրությունը ենթադրում է իշխանության հիերախիայի գերակայություն, վարչական գերիշխող ուղղահայաց: Դուք տեսնում եք` ինչպես է կառուցում Ռուսաստանն իր արտաքին քաղաքականությունը, ինչպես է ներքին քաղաքականությունն իրականացվում, ինչպես են կառուցվում հարաբերությունները Մաքսային միության ներսում: Կայսերական մտադրություններ ընդհանրապես չկան: Կայսերական գաղափարներն առաջադրում են ազգայնականները, բայց այդ հասկացությանը այլ իմաստ են հաղորդում: Որքան էլ տարօրինակ է` կայսերապաշտական գաղափարներ առաջադրում են նաև ազատականները: Օրինակ` ազատական կայսրություն ստեղծել, այնպիսի համակարգ, ինչպես Եվրամիությունում է` ֆինանսական կառավարում: Բոլորը միմյանց քաղաքակիրթ ժպտում են խիստ ֆինանսական կարգավորման առկայությամբ: Փափուկ ուժի դրսևորումը Ռուսաստանում բոլորովին այլ է, քան Արևմուտքում: Օրինակ, երբ ռուս պաշտոնատարներին հարցնում ես` ինչո՞ւ ակտիվ չեն, ինչո՞ւ նախաձեռնող չեն, պատասխանում են` մենք փափուկ ուժ ենք կիրառում:

-Փափուկ ուժը, այնուհանդերձ, բավականին ագրեսիվ ուժ է:

-Այո, Չինաստանը, օրինակ, կիրառում է խելացի ուժի ռազմավարությունը, որը ևս, հասկանալի է, որ փափուկ չէ: Եթե Եվրոպան մինչև որոշակի պահ ինքնուրույն քաղաքականություն էր վարում` Վատիկանը և արքայական ընտանիքները, Ֆրանցիսկ պապի ընտրություն-նշանակումից հետո Վատիկանը կորցրեց այն դերը, որ կատարո՞ւմ էր:

-Ինչո՞ւ, Վատիկանը մնում է պետություն, պապը` կաթոլիկ աշխարհի և պետության ղեկավար:

-Մինչև հիմա նրա քայլերից գլխավորը Վատիկանի բանկի վերահսկողությունից հրաժարվելն էր: Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ պապ է դառնում ճիզվիտ կարդինալը, որ գրավիչ կերպարով եկավ հայտարարելու` աղքատությունը անպատվություն չէ, պատիվ է: Ո՞րն է նրա քայլի գաղափարական իմաստը` պետք չէ սոցիալական ընդվզում: Համաշխարհային տնտեսությունը ճգնաժամի մեջ է, երկրագնդի բնակչության մեծ մասի օրակարգի հարցն է` տնտեսությունն անարդար է կառուցված, հասարակությունն անարդար է կառուցված, ինչպե՞ս այդ ճգնաժամից դուրս գալ: Աշխարհի ուժեղները հասկանում են, որ կամ պետք է ունեցածը կիսեն, կամ հասարակությունն ավելի արդար դարձնեն: Ի՞նչ կարելի է հակադրել ընդվզումի բարձրացող ալիքին: Աղքատության մոդան: Գալիս է նոր պապ, որ երթևեկում է հասարակական տրանսպորտով, հրաժարվում պապական նստավայրից և ասում` պետք չէ ընդվզել, պետք չէ ընդվզել աշխարհի ուժեղների դեմ, պետք է սիրել մերձավորին:

-Սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին, ի՞նչ հեռանկարներ ունենք` չունենալով Մաքսային միության հետ մաքսակետ:

-Ընդհանուր սահմանը կարևոր չէ, ձևային հայտանիշ է: Մաքսային միությունը դիտարկում են իբրև կոշտ ձևաչափ, որտեղ ամեն ինչ որոշված է: ԽՍՀՄ-ի ժամանակներում այդպես էր` կա ղեկավարություն, որի որոշումները չեն քննարկվում: Մաքսային միությունը ենթադրում է տնտեսական փոխգործակցություն, ապրանքաշրջանառության ընդլայնում: Իմ կարծիքով` Հայաստանը չպետք է կողմնորոշվի Ռուսաստանի կամ մյուս երկրների դիրքորոշումներով, Հայաստանը պետք է շատ պրագմատիկ լինի և առաջնորդվի իր շահերով: Հիմա խոսքը Մաքսային միությանն անդամակցելու մասին չէ, այլ գործընթացը սկսելու: Ղրղզստանը, օրինակ, երկու տարի այդ փուլում է: Ոչ ոք չի ձգտում արագության: Հայաստանն ընտրել է ուղղությունը, հիմա պետք է պայմաններն առաջադրի և, եթե իր շահերը չհամընկնեն, կարող է ասել` մենք կմտածենք և այս-այս համաձայնագրերը չենք ստորագրի: Մաքսային միությունում կա անդամների հավասարություն` անկախ նրանց տարածքից, բնակչության թվից, տնտեսական վիճակից:

-Իսկ Ռուսաստանի ինչի՞ն է դա պետք, Կրեմլը, միևնույն է, կձգտի պահել ղեկավար դիրքերը:

-Ոչ, երբ Ռուսաստանն ակտիվանում է, անմիջապես մեղադրվում է կայսերական նկրտումների մեջ, որ չունի: Առաջատար կարող է լինել ուրիշ պետություն` կամ Բելառուսը, կամ Ղազախստանը, կամ այլ երկիր: Ասենք` Հայաստանը: Ղրղզստանը չի կարող ղեկավար դիրքերի հավակնել, որովհետև չունի այդ առաքելությանն ունակ էլիտա: Ղազախստանը սկզբում նախաձեռնող էր, բայց նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մի քանի առաջարկներ ընկալում չունեցան Ռուսաստանում, օրինակ` տարածաշրջանային միասնական տարադրամի ներմուծումը, որը, իհարկե, ռուբլին չէր կարող լինել, այլ` թենգան, կամ ենրեան: Բելառուսը փորձում է խելացի ուժ կիրառել` երկու մեծ տերությունների մրցակցությունից իր օգուտները ստանալ: Բայց Բելառուսի կառավարման համակարգում քաղաքական էլիտան ղեկավար դեր չունի:

-ՈՒժերի այդ դասավորության մեջ ի՞նչ կարող է Հայաստանն անել:

-Հայաստանն ունի ինտելեկտուալ էլիտա և ազգային ինքնագիտակցության զարգացման, հոգևոր մոբիլիզացիայի հնարավորություն: Եթե Հայաստանն ավելի ակտիվ լինի, շատ ավելին կստանա Ռուսաստանից: Օրինակ` խոշոր ներդրողներից: Նախապաշարվածություն կամ դիմակայություն Ռուսաստանի ղեկավարության կամ ազատական մտածողության կողմից չկա այս հարցում, բայց Հայաստանում էլ չկա որևէ կառույց կամ անհատ, որ առաջարկներ է անում, նախաձեռնություններ է ներկայացնում: Ռուսաստանի նախագահի որոշումները պրագմատիզմի և ողջամտության արդյունք են, բայց նրա կողքին պակասում են գաղափարակիրները, որ պատրաստ են պայքարել իրենց գաղափարների իրականացման համար: Իր հոգեխառնվածքով Պուտինը բարեփոխիչ չէ, անհրաժեշտ է, որ ինչ-որ մեկը նրան համոզի ու ապացուցի, որ որոշակի քայլեր են անհրաժեշտ առաջ գնալու համար: Հետխորհրդային տարածքում հիպոթետիկ մակարդակով այդ կարող է անել միայն Հայաստանը: Դա կարևոր է և Ռուսաստանի, և տարածաշրջանի, և Հայաստանի համար: Եթե Մաքսային միությունում չորրորդ-հինգերորդ խաղացող հայտնվի, նախագիծն առաջ կգնա: Հեռանկարներ կբացվեն, երբ ռուսական էլիտայում էլ փոփոխություններ լինեն:

-Հայաստանում Մաքսային միությանն անդամակցելու նախագահի հայտարարությունը միանշանակ չընդունվեց, հնչեցին և բավական բարձրաձայն դեմ ձայներ: Որոշումը պայմանավորվեց առաջին հերթին անվտանգությամբ: Կարո՞ղ է ՀԱՊԿ-ը պաշտպանել Հայաստանը և ո՞ւմ սպառնալիքից: Ադրբեջանի՞, ում ինտենսիվ զինում է Ռուսաստանը, Թուրքիայի, ում հետ փակ է սահմանը, Իրանի՞, ում հետ ջերմ հարաբերություններ ունենք, Վրաստանի՞, ով ապահովում է հիմնական ցամաքային կապը աշխարհի հետ: ՈՒմի՞ց այդքան պետք է վախենանք:

-Հայ հասարակության մեծ մասը հայտարարությունը լավ ընդունեց, ես տեսել եմ «Ինտեգրացիա և զարգացում» կենտրոնի կատարած հարցումները, որոնց համաձայն` բնակչության 86 տոկոսը կողմ է ՄՄ-ին անդամակցելուն, 75 տոկոսը մերձավոր դաշնակից տեսնում է Ռուսաստանին: Հասարակության տրամադրություններն են նախագահին նման որոշում ընդունելու մղել: Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանությամբ, որովհետև իրադրությունը լարված է և Կենտրոնական Ասիայում, և Փոքր Ասիայում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը չի ցանկանում կտրուկ քայլեր կատարել գլոբալ խաղացողների ներգրավման ուղղությամբ, որովհետև ձևաչափի փոփոխությունը հայտնի չէ ինչի կհանգեցնի, իսկ Ռուսաստանը պետք է կատարի պարտավորությունները: Զենքի վաճառքը հաստատում է, որ կան օլիգարխիկ շահեր, որոնց համար բիզնեսը ամենակարևորն է: Ռուսաստանը պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ի գծով, ես պատճառներ չեմ տեսնում, որ հրաժարվի իր պարտավորությունները կատարելուց:

-Ղազախստանն էլ ՀԱՊԿ անդամ է, բայց նախագահի մակարդակով քանիցս հայտարարում է, որ ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն` Նուրսուլթան Նազարբաևի կարծիքով` ԼՂՀ-ն ադրբեջանական տարածք է:

-Կա հռետորաբանություն, կա իրականություն:

-Ինչի՞ն հավատա միջին վիճակագրական քաղաքացին:

-Ես կարծում եմ, որ նախագահ Նազարբաևի օրոք կտրուկ քայլեր չեն լինի, երբեմն կարելի է նման հայտարարություններ անել, որոնք որոշակի ենթատեքստ ունեն: Իրականությունը կախված է ոչ Ադրբեջանից, ոչ Ղազախստանից, բոլորն էլ դա հասկանում են, բիկֆորդյան քուղը վառելը կարող է գլոբալ պայթյուն հարուցել: Ո՞Ւմ է պետք: Հաստատ ոչ Ադրբեջանին, ոչ Ղազախստանին: Ադրբեջանին հիմա ավելի ձեռնտու է տարածքի ինչ-որ մասեր գնելը, քան ռազմական գործողություններ վարելը: Ընթացիկ իրավիճակում` մեկ սերնդի մասշտաբով, պետք չէ այդքան սուր արձագանքել նմանատիպ հայտարարություններին, որ հնչում են նախընտրական շրջանում կամ կոնկրետ ինչ-որ դեպքի առնչությամբ:

-Ինչպե՞ս եք տեսնում բանակցային գործընթացը Մաքսային միության մեջ, եթե Հայաստանը ցանկանա լինել Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներից, այլ ոչ թե հետո միանալ գործող կառույցին:

-Բավարար ժամանակ կա, եթե մենք 2014-ի ավարտին այդ մասին խոսեինք, զուտ ձևական կլիներ: Եվրասիական միությունը հիմնադիր հասկացություն չունի, բոլորը հավասար են իրենց իրավունքների մեջ:

-Բայց կառույցը արդեն ձևավորվում է, Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ստեղծված, վերջերս ռուս խորհրդարանականները խոսում էին նաև Եվրասիական խորհրդարանական վեհաժողովի ստեղծման մտադրության մասին:

-Գլխավորը փոխգործակցությունից որոշակի արդյունքներ ստանալն է, այդ պատճառով էլ կարևորը սեփական բիզնես-պլան ունենալն է, հնարավոր ներդրողների հետ պայմանագրեր ստորագրելը, նախագծերին մասնակցելը, առաջարկներ անելը, իսկ թե այդ ամենը ինչ ձևաչափով կկատարվի` ՄՄ-ի, թե Եվրասիական միության, այնքան էլ էական չէ:

-Ի՞նչ է անհրաժեշտ աբխազական երկաթուղին վերաբացելու համար, ո՞վ կարող է աշխատեցնել այդ թափանիվը:

-Ռուս չինովնիկների համար երկու տեսակետ է գերակա. առաջինը` աշխատենք արագ-արագ, ՄՄ-ն ստեղծենք, բոլորին ներգրավենք, երկրորդը` մենք ոչինչ չենք անելու, առաջարկեք ձեր գաղափարները և առաջ մղեք: Ռուսական կողմն ընդառաջ կգա, կարող են ինչ-որ հարցեր լինել, Ղազախստանը կտրտնջա, Բելառուսը բողոքներ կունենա, Հայաստանը Ռուսաստանի փորձագիտական խմբերի, կառավարության աջակցությունը միշտ կունենա:

-Ձեր խոսքը հնչում է հետաքրքիր ու գեղեցիկ, բայց դա տեսություն է, իսկ պրակտիկան այլ է` ապրել է պետք, ցանկալի է ոչ ցամաք հացով: Հայաստանը հարուստ երկիր չէ, կյանքը դժվար է, աշխատատեղերը քիչ են ու մեզ հիմա պետք է ոչ թե «Հայրենակիցներ» ծրագրով լուծել ՌԴ-ում աշխատուժի խնդիրը, այլ աշխատատեղեր ունենալ Հայաստանում արտագաղթը կանխելու համար:

-Այդ հարցը լուծելու համար մեծ ներդրումներ են պետք:

-Հենց այդ պատճառով էլ ես տեսությանը չեմ հավատում:

-Հայաստանի քաղաքական էլիտան պետք է որոշի` կամ այսօր հանգիստ նստում է ու սպասում, թե ուրիշները ինչ են որոշում, կամ նախաձեռնություն է դրսևորում իր կենսական հարցերը լուծելու համար:

-Եվ` ինչպե՞ս:

-Ձևավորվում է կոնկրետ ազգային գաղափար, ոչ ապրիորի, ասենք` ինչպես կոմունիզմ կառուցելը, Եվրամիություն մտնելը, դեմոկրատիան կամ ազատ շուկան, այլ զարգացման հաստատուն ազգային ծրագիր, որի համար Հայաստանում բոլոր հիմքերը կան` պատմական արմատներ, քաղաքակրթական վիթխարի ժառանգություն, որ գուցե ակտիվորեն չի ներկայացվում, բայց պահպանվում է: Աշխարհում շատ երկրներ անցել են այդ գործընթացը, և այնտեղ վճռական դեր խաղացել են առաջնորդներն ու էլիտան, որ կազմակերպել են գործընթացն ու ռեսուրսներ գտել: Նշեմ Թայվանը, Հարավային Կորեան, Սինգապուրը, Մալայզիան: Ի՞նչն է Հայաստանին խանգարում այդ ճանապարհով գնալ:

-Ձախողվելու վախը:

-Ճեղքում կատարում են համարձակ գործողները, դուք ասել եք Այբ-ը, պետք է մտածեք Բեն-ի մասին, հետո ի՞նչ եք անելու: Ես կարծում եմ` հայերն այն մարդիկ չեն, որ վախենում են ու սպասում, նրանք պատրաստ են գործել և սպասում են, սովորաբար, միայն համընթաց քամուն:

Զրույցը` Անահիտ Ադամյանի

Scroll Up