«Քույր դպրոցներ» ծրագիրը՝ գործողության մեջ

Սփյուռքի և Հայաստանի դպրոցների միջև բարեկամության կամրջի հաստատման ՀՀ սփյուռքի նախարարության «Քույր» դպրոցներ» ծրագիրը գնալով ավելի մեծ ճանաչում է գտնում, դպրոցները ոգևորությամբ են ընդունում հայեցի կրթության և դաստիարակության բնագավառում միասնաբար գործելու, փոխօգնության, համագործակցության առաջարկը:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 20-ին հերթական հուշագիրը կնքվեց Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի և Նիդեռլանդների «Նոր Այգ» դպրոցի տնօրենների միջև, որի դրույթների համաձայն կիրականացվեն համատեղ ուսումնամեթոդական, կրթական մշակութային, տեղեկատվության փոխանակման, ուսուցիչների վերապատրաստման, մայրենի լեզվի, հայրենագիտության ծրագրեր, միջոցառումներ:
Երկու դպրոցների տնօրենները՝ Մանիկ Հայրապետյանն (հ. 150 դպրոց) ու Ալիս Թովմասյանը («Նոր Այգ» կիրակնօրյա դպրոց) նշեցին, որ իրենց դպրոցների առջև նոր հնարավորություններ են բացվում ճանաչելու միմյանց, օգնելու լուծեւ մատաղ սերնդի մայրենիի ուսուցման, ազգային դաստիարակության խնդիրները, կազմակերպելու մանկավարժական փորձի փոխանակում, հեռավար կրթական ծրագրեր:
Քույրացված դպրոցների տնօրենները շնորհակալական խոսքեր ուղղեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը` հայկական համայնքների կրթական խնդիրների լուծանն աջակցության ծրագրերի համար:
Հուշագրի հաստատմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Նոր-Նորք թաղապետարանի աշխատակիցներ: Սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը, շնորհավորելով դպրոցների քույրացման և Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ, հույս հայտնեց, որ մեծ հումանիստի և հայ ժողովրդի բարեկամի անունը կրող երևանյան դպրոցի և հեռավոր Նիդեռլանդներում գործող փոքրիկ հայկական մեկօրյա դպրոցի միջև կապերի հաստատումն, անշուշտ, կնպաստի երկու դպրոցներում իրականացվող հայեցի կրթության և դաստիարակության գործի զարգացմանը:
Հուշագրի կնքման հանդիսավոր արարողության հաստատումից հետո անցկացվեց դպրոցական մեծ միջոցառում՝ նվիրված անկախության 25-ամյակին: Հյուրերը շրջեցին ցուցասրահում, ուր ներկայացված էին հոբելյանին նվիրված դպրոցի աշակերտների ստեղծագործությունները: