«Հայաստա՛ն, հավերժական իմ սեր». ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին նվիրված ցուցահանդես ՌԴ քաղաքներում

Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ՀՀ Սփյուռքի նախարարության և «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության ջանքերով ՌԴ Աստրախան, Վոլգոգրադ և Կրասնոդար քաղաքներում կազմակերպվելու է լուսանկարների շրջիկ ցուցահանդես՝ «Հայաստա՛ն, հավերժական իմ սեր» վերտառությամբ։ Այն նվիրվում է ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին և նպատակաուղղված է տեղեկատվություն տրամադրելու անկախության տարիներին ՀՀ արտաքին քաղաքականության, տնտեսության, գիտության, մշակույթի, ճարտարապետության, սպորտի, տուրիզմի բնագավառներում ձեռքբերումների մասին։
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ցուցադրությունն ունենալու է 7 թեմատիկ բաժին՝ Անկախությունը՝ բարձրագույն արժեք, Դժվարին հաղթանակ, Ազգային հերոսները, Հիշում ենք և պահանջում, Հույսի Հայաստան, Հավատի Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր, ՀՀ Նախագահի հանդիպումները, որտեղ ներկայացվելու են շուրջ 100 լուսանկար։
Ցուցահանդեսը կմեկնարկի Աստրախանում, ապա կտեղափոխվի Վոլգոգրադ և Կրասնոդար։