Արցախում մեծ շուքով նշում են ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձը. լուսանկարներ

ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շարքն այսօր սկսվել է դեռ վաղ առավոտից:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մայրաքաղաքում առավոտյան սկսվել է մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել Հաղթանակը խորհրդանշող հուշաքարի պատվանդանին:
Տոնի կապակցությամբ Արցախ են ժամանել բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից:Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պետական և զինվորական բարձաստիճան այրերի հետ ժողովրդի հետ միասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ոտքով այցելել են քաղաքային հուշահամալիր:
Հայկական երկու պետությունների բարձագույն ղեկավարները ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել քաղաքային հուշահամալիրում և հարևանությամբ գտնվող Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին: Այնուհետև տեղի է ունեցել ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը:
Նշենք, որ այսօր Արցախի բոլոր շրջաններում ևս կկազմակերպվեն բազմաբնույթ տոնական միջոցառումներ, իսկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկայանա տոնական համերգ, որը կավարտվի հրավառությամբ: