Երիտասարդներով կարող ենք համահայկական ցանց ստեղծել. «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովի մասնակից

Օգոստոսի 25-ից 26-ը ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԵՊՀ –ում տեղի ունեցավ «Հայկական աշխարհը համացանցում» միջազգային գիտաժողովը:

«Հայերն այսօրը» զրուցել է Ֆրանսիայից ժամանած գիտաժողովի մասնակից, agam-france.org կայք-էջի աշխատակից Շուշան Փիլիպոսյանի հետ, որը հանդես է եկել «AGAM-ի համացանցային գործունեությունը» զեկուցումով:

Կայքը ստեղծվել է 1997 թվականին՝ նպատակ ունենալով հայկական մշակույթի, Ֆրանսիայի հայ համայնքի գործունեության մասին լուրեր տարածել ողջ հայության շրջանակում: Կայքի ընթերցողները նաև կարող են համայնքային, եկեղեցական տարբեր կառույցների գտնվելու վայրի մասին տեղեկություն գտնել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան այցելել: Կայքում տեղադրված է նաև հայ-ֆրանսիական գրականությանը վերաբերող տարբեր ժանրերի 1010 կտոր գիրք:

Ներկայումս կայքում միայն ֆրանսերեն լեզվով է նյութերը հրապարակվում:

«Համացանցային գործունեության մեջ մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ այս հարթակում Սփյուռքն ու Հայաստանը պետք է համախմբված աշխատեն: Միայն նման գործելաոճով՝ կարող ենք մեր պետության առաջընթացին հասնել:

Համացանցն այսօր իրենից հզոր ուժ է ներկայացնում: Ուստի երիտասարդներս, օգտվելով մեզ ընձեռնված հնարավորությունից, կարող ենք  համահայկական ցանց ստեղծել:

Այդ ամենին հասնելու համար նախ անհրաժեշտ է Հայաստանի, հայ ժողովրդի մասին հնարավորիս շատ տեղեկատվություն, հոդվածներ տարածել համացանցում, ինչն էլ կնպաստի, որ աշխարհն, իբրև ազգ, ճանաչի մեզ»,-ասաց Շուշանն ու հավելեց, որ գիտաժողովին հաճույքով է մասնակցել, շատ կարևոր, արդյունավետ քննարկումներ են ծավալել, որոնք հետագայում անպայման կիրառելու է:

Գևորգ Չիչյան

Scroll Up