«Դրսում ապրող ամեն մի հայ պետք է օտարներին պատմի, որ կա մի չքնաղ Հայաստան աշխարհ».Էլիո Շմավոնյան

Մեկնարկեց «Արի տուն-2016»-ի 8-րդ՝ եզրափակիչ փուլը, որի հանդիսավոր բացումն ու փակումն առավել հուզիչ ու տպավորիչ էին. այն ասես նաև մի փոքրիկ հաշվետվությունն ու ամփոփումն էր բոլոր փուլերի: ՀՀ սփյուռքի նախարարի ջերմ ու ոգևորող ողջույնի խոսքերով սկիզբ առած արարողության մասնակիցների՝ տարբեր երկրներից եկած սփյուռքահայ մի քանի պատանիների հետ «Հայերն այսօր»-ի համար ունեցած զրույցիս ընթացքում ինձ ուրախացրեց այն փաստը, որ թեև կոտրատված, թեև կիսատ-պռատ ու աղքատիկ բառապաշարով, այնուամենայնիվ, նրանք ձգտում էին զրուցել, պատմել իրենց մասին մայրենի լեզվով:
Հարութ Արթինյան, Նիդերլանդներ, 18 տարեկան
-Ծնվել եմ Սիրիայում, 17 տարի մեր ընտանիքն ապրել է դրսում: «Արի տուն» ծրագրին մասնակցում եմ եղբորս՝ Ավո Արթինյանի հետ: Ծրագրի մասին լսել ենք մեր մորաքրոջ աղջկանից: Ես արդեն մեկ տարի է, ինչ ուսանում եմ Ամերիկյան համալսարանում: Կարողացել եմ հարմարվել նոր միջավայրին, նոր ընկերներ ձեռք բերել և ստանալ բարձր գիտելիքներ: Ծրագրի մասին լսել ենք նաև հեռուստատեսությամբ, նախկին մասնակիցներից. այն միշտ հետաքրքրել է ինձ ու եղբորս: Շատ ուրախ ենք, որ այս օրերի ընթացքում պետք է մասնակցենք նաև հայոց լեզվի դասընթացների, ավելի լավ սովորենք հայերեն: Ես, ուսանելով Երևանում, այս ընթացքում կարողացել եմ հարստացնել իմ բառապաշարը. այդ հարցում շատ կարևոր են շփումները: Ճիշտ է, մեր ընտանիքը հայախոս է, սակայն ընկերների միջավայրում մենք միշտ խոսել ենք օտար լեզվով: Շատ եմ սիրում Հայաստանն ու հայոց լեզուն: Ապրելով այստեղ՝ ես ավելի թանկ եմ գնահատում տարիներ շարունակ հեռվից սիրած մեր Հայրենիքը:
Ավո Արթինյան, 16 տարեկան
-Ես երազում էի մասնակցել այս ծրագրին, լինել Հայաստանի տեսարժան վայրերում, նոր ընկերներ ձեռք բերել, հայոց լեզվի դասերի մասնակցել, հայրենասիրական երգեր ու պարեր սովորել: Ես ուզում եմ ճարտարագետ դառնալ, սակայն դեռևս չեմ որոշել, թե որտեղ պետք է շարունակեմ բարձրագույն կրթություն ստանալ. դեռ ժամանակ ունեմ մտածելու և որոշում կայացնելու: Թե որտեղ կսովորեմ ու որտեղ կաշխատեմ, ինձ համար դա այնքան էլ կարևոր չէ. կարևորն այն է, որ հետագայում կարողանամ իմ փոքրիկ ներդրումն ունենալ Հայրենիքում:
Էլիո Շմավոնյան, Լեհաստան, Վարշավա,15 տարեկան
-Ծնվել եմ Լեհաստանում: Մեր ընտանիքում բոլորը խոսում են հայերեն. իհարկե, դրանում շատ կարևոր են տատիկիս, պապիկիս, ծնողներիս ներդրումներն ու ջանքերը, որպեսզի ես և 9-ամյա քույրիկս չմոռանանք մեր մայրենի լեզուն: Միջավայրի վրա հույս դնել չի լինի, քանի որ Վարշավայում իմ լեհ և հայ ընկերները խոսում են լեհերեն: Հայ ժողովրդի պատմության հերոսական ու ողբերգական բոլոր դեպքերի մասին մեզ պատմել են տատիկս ու պապիկս. ես գիտեմ Հայոց ցեղասպանության դաժան պատմությունը, այս տարի լսեցինք ապրիլին Ղարաբաղում ազերիների կողմից ծավալած պատերազմական գործողությունների և մեր քաջ զինվորների հերոսության մասին: Լեհաստանում իմ լեհ ընկերները ոչ միայն չգիտեն Հայոց ցեղասպանության մասին, այլև, դժբախտաբար, չգիտեն անգամ, թե ովքեր են հայերը: Ե՛ս եմ պատմում հայերի մասին: Դրսում ապրող ամեն մի հայ պետք է օտարներին պատմի, որ կա մի չքնաղ Հայաստան աշխարհ:
Լսելով օտար հողում ապրած այս հայորդիներին ՝ հաստատապես համոզվում ես, որ Հայաստանի ապագան ամուր ձեռքերում է, որ հաղթական կամրջի վաղվա շինարարներն այսօրվա խոստումնալից երիտասարդներն են:
Կարինե Ավագյան