Սոֆիայում կայացել է բուլղարահայ նկարիչ Բեդիկ Բեդրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը

Սոֆիայի ազգային պատկերասրահում «Կառամատույց» նախագծի պրեմիերան համախմբել էր հազարավոր արտիստների և մտավորականների, քաղաքական և հասարակական գործիչների: «Կառամատույց»-ը «Երկիր գետի և ծովի միջև» շրջիկ ցուցահանդեսի մի մասն է կազմում, որը ներկայացնում է 20-րդ դարի անվանի գեղանկարիչ Բեդիկ Բեդրոսյանի մեծ արվեստը: Ցուցահանդեսն իրականացվել է Վառնա քաղաքում գործող «Արարատ» հայկական կազմակերպության նախագահ Գևորգ Գրիգորյանի նախաձեռնությամբ:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հատուկ շնորհակալական նամակ է հղել Գ. Գրիգորյանին: Նամակում նշված է. «Ջերմորեն ողջոնում եմ Ձեր՝ Սոֆիայի ազգային պատկերասրահում բուլղարացի նկարիչ Բեդիկ Բեդրոսյանին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումը: Բարձր եմ գնահատում մեծ նկարչի աշխատաքները տարածելու գործում Ձեր ներդրած ջանքերը և նշանակալի ավանդը: Բեդիկ Բեդրոսյանի ստեղծագործությունները Բուլղարիայի ժամանակակից արվեստի և մշակութային ժառանգության կարևորագույն մասն են կազմում»:

Բեդիկ Բեդրոսյանի լավագույն ընկերներից մեկը՝ Ջորջ Չապկանովը, Վառնայի «Արարատ» միությանը ներկայացրեց իր նվերը՝ հուշարձանի տեղադրման նոր նախագիծ՝ նվիրված «Վրձնի վարպետին», ինչպես նաև հավելեց, որ Սոֆիայի քաղաքապետարանը աջակցում է հուշարձանի կառուցմանը:

Գևորգ Գրիգորյանը խորին շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին և նշեց, որ «Հիշողությունը սիրո հիմնական աղբյուրն է, և այսօր ներկա գտնվելով ցուցահանդեսին՝ մենք բոլորս զգում եք Բեդիկ Բեդրոսյանի սերը և նրա արվեստի «կախարդական» ուժը»:

Պաշտոնական հյուրերի թվում էին Նելլի Մաթևոսյանը՝ Բուլղարիայում ՀՀ դեսպանության խորհրդական, Բուլղարիայում գործող պատկերասրահների տնօրեններ, պատգամավորներ և այլք: Երեկոն եզրափակվեց բուլղարացիների և հայերի կողմից շատ սիրված երգերով:

Բեդիկ Բեդրոսյանին նվիրված ցուցահանդեսը կգօրծի մինչև օգոստոսի 14-ը:

2017թ.-ի հունիսին ՀՀ ազգային պատկերասրահի մշակութային ծրագրում նույնպես ներառված է «Երկիր գետի և ծովի միջև» շրջիկ ցուցահանդեսը:

Scroll Up