Երբ քո տանն ես ցուրտը տանում, տունն ավելի է քաղցրանում. «Սփյուռք» ամառային դպրոց-2016

ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացը յուրօրինակ միջավայր է, որտեղ հավաքվել են սփյուռքի յուրաքանչյուր խնդիրը բաց նյարդով ընկալող, ապրող ու զգացող հայ ուսուցիչները: Նրանք հայրենիք են եկել այդ խնդիրների լուծման ճիշտ ճանապարհը իրենց հետ տանելու համար: Եգիպտոսից մինչև Կանադա. Հայկական սփյուռքի խնդիրները բազում են՝ տեղային կամ գլոբալ, նման ու միաժամանակ էականորեն տարաբնույթ: Ուսուցիչը այս դեպքում դառնում է առաջին ու ամենազգայուն ալիքը, որ զգում է խնդիրների խորքայնությունն ու ստանձնում դրանք շրջանցելու, լուծելու, ոչնչացնելու դժվար պարտականությունը: Աշխարհն օր օրի շարժվում է առաջ, հեռավորությունն ու տարածությունը փոխում են իրենց հիմնական ընկալումները, ժամանակը վերածվում է սոցիալական իրողության, իսկ լոկալ լեզուներն ու ազգային պատկանելությունը գնալով մղվում են երկրորդական պլան:
Այս դեպքում՝ Հայկական սփյուռքի ուսուցչի աշխատանքը վերածվում է առաքելության, որից էլ հիմնականում կախված է ազգային ինքնությունից նահանջի կասեցումը կամ դանդաղեցումը: Այդ նահանջի մասին մեր մեծերը ահազնագում էին դեռևս անցյալ դարի 30-ականներից սկսած, երբ ուծացման հիմնական ազդակն էր դառնում լեզվի մոռացումը: Այս մտայնությունը գերարդիական է նաև այսօր, սակայն տեսնելով «Սփյուռք» ամառային դպրոցին մասնակցող ուսուցիչների ոգևորությունն ու նորը սերտելու պատրաստակամությունը, կարելի է վստահորեն ասել՝ հայը դեռևս օտար հողում շարունակում է հայ մնալ:
Դաս՝ բառի բոլոր իմաստներով
Անցյալ տարի դարձյալ ամառային դպրոցի շրջանականերում ինձ բախտ վիճակվեց ծանոթանալու մանկավարժական գիտությունների դոկտոր, նախևառաջ՝ նվիրյալ մանկավարժ և հայրենասեր տիկին Ջուլիետա Գյուլամիրյանին: Նրա վարած յուրաքանչյուր դասընթացը մասնակից ուսուցիչների համար նոր գիտելիքների, հմտությունների ու անսպառ փորձառության իրական հնարավորություն էր: Այդպես է նաև այս տարի: Ես դեռևս չեմ ճանաչում մեկ այլ դասախոսի, ով լսարանի հետ աշխատելու այսքան սեր, հոգեբանություն ու մասնագիտական զինանոց ունենա: Մասնակից ուսուցիչներն էլ մի պահ իր համար դառնում են աշակերտներ, որոնց պիտի անընդհատ սովորեցնել, անխնա տալ, կրթել:
Ճուտը ասաց ճնճղուկ մորը.
-Ձյուն է գալու, ցրտեց օրը:
Ուրիշների նման ինչո՞ւ
Տաք աշխարհ չենք մենք էլ թռչում:
Լիպարիտ Սարգսյանի «Քո տունը» բանաստեղծությունն են կարդում ուսուցիչները: Այս բանաստեղծությունը հետագայում իրեց աշակերտների համար պիտի նորից վերընթերցեն, սակայն այսօր աշակերտ են նաև իրենք: Կարդում են ու պատմում իրենց զգացողությունների, զգացածի մասին: Ապրված մի վերհուշ արթնանում է ռուսաստանաբնակ ուսուցչուհի Իրինա Գևորգյանի մոտ. հայրենի տուն, բակ, մնալու, ցուրտը բնում հաղթահարելու, չհեռանալու ցանկություն:
-Ինչպես ասեմ,-տխրեց մայրը,-
Լայն ու մեծ է այս աշխարհը,
Բայց սովոր է միշտ մեր ցեղը
Ապրել միայն ծնված տեղը:
Տանել ձմռան բուքն ու ձյունը,
Բայց չլքել իր հին բույնը:
Լսարանում ավելի շատ ստեղծվում է կարոտի, հայկականության, հայ լինելու զգացողության մի մթնոլորտ, որը դառնում է ավելին, քան դասը, կամ ավելի շուտ՝ այն դառնում է դաս՝ բառի բոլոր իմասներով: Այսօր նրանք այստեղ են՝ հին բնում, և այստեղից նախևառաջ պիտի ոգեղենություն տանեն, լիցքավորեն հայրենասիրությամբ իրենց հոգիները: Եվ ուսուցիչներից յուրաքանչյուրի աչքերում այդ ամենը զգացվում է:
Քերականական ու շարահյուսական բարդ կառույցներից այն կողմ՝ նրանք իրենց աշակերտների մեջ հայի ոգուն թևեր տալու խնդիր ունեն: Այսօր իրենց հոգին է այդ թևերը ստացել, երբ փոքրիկ բանաստեղծությունը դարձել է յուրահատուկ նկարագրություն իրենց անցյալի, հայրենիքի կարոտի ու հեռավորության ցավի: Յուրաքանչյուր քառատողը ընթերցելիս՝ նրանց ձայնի մեջ մի թրթիռ է ծնվում, որը գալիս միահյուսվում է աշխարհի կենտրոնում ծվարած, տիեզերքին միաձուլված իրենց հայրենի բնաշխարհի ձայներին: Տիկին Գյուլամիրյանը մանկավարժական մեթոդների, հնարքների, խրախուսանքների միջոցով այնպես է կառուցում դասը, որ ուսուցիչներից յուրաքանչյուրն իր սրտի լարերով զգա և հետագայում նույնը փոխանցի, հասցնի նաև իր աշակերտին: Աշակերտին, որ գուցե Հայաստանը չի տեսել, հայերեն լավ չգիտի, բայց մի անտեսանելի-անքակտելի թելով կապված է հայրենի բնին: Այդ աշակերտին պիտի ոչ թե պատմի հայրենիքի մասին, այլ ստեղծի միջավայր, որտեղ նա կփակի իր աչքերն ու կզգա այդ հայրենիքը:
«Խրախուսեք ձեր աշակերտների ազատ մտածողությունը, ինքնուրույնությունը, յուրահատկությունը,- նշում է տիկին Գյուլամիրյանը և շարունակում,- ես երբեք չեմ ասում, որ արդեն հիսուն տարվա փորձ ունեմ, և այլևս սովորելու ոչինչ չկա: Գերարագ ժամանակի հետ պիտի համապատասխան քայլել»: Նրա խորհուրդները ուսուցիչների հետագա գործունեության հիմնասյուները կլինեն: Դրանք բանաձևեր են, որոնք օգնում են ապակիների մեջ ոչ թե հայելիներ տեսնել, այլ պատուհաններ:
Դու փոքր ես դեռ, կմեծանաս
Ասածներս կհասկանաս:
Երբ քո տանն ես ցուրտը տանում,
Տունն ավելի է քաղցրանում:
Սփյուռքահայ ուսուցիչներն այտեղից կհեռանան նոր զգացողություններով, ապրումներով, իրենց հետագա գործունեության արդյունավետությանը խթանող նորանոր հմտություններով, մեթոդներով, գիտելիքներով: Առավել քաղցրացած հայրենիքը նրանց դարձյալ կսպասի՝ այն անտառային թռչունի օրինակով, որ աշխարհ շրջելուց հետո, միևնույնն է, անտառի իր փոքրիկ բույնը չի մոռանում:
Ամալյա Կարապետյան
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»