Լոնդոնում 6-րդ անգամ կայացավ Հայկական բացօթյա փառատոնը. լուսանկարներ

Հայկական բացօթյա փառատոնը (Armenian Street Festival) Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում համահայկական ամենամեծ իրադարձությունն է: Մեկ օրվա ընթացքում մեկ վայրում այն կարողանում է համախմբել երկրի տարբեր ծայրերում սփռված հայկական համայնքներին: Փառատոնն իրականացվում է Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքի ջանքերով և մասնակցությամբ։ Մշակութային տարբեր ուղղություններ ընդգրկող այս միջոցառումը ամեն տարի մեծ շուքով ու ջերմությամբ նշվում է Սուրբ Սարգիս եկեղեցու բակում և մասնակցելու համար հայերը ժամանում են երկրի տարբեր քաղաքներից, նույնիսկ սփյուռքահայ այլ համայնքներից՝ տեսնելու, ծանոթանալու միմյանց և վայելելու հայկական մթնոլորտը:

«Խենթանալու բան է, երբ այս օրերին տեսնում եմ մարդկանց ոգևորությունն ու համախմբումը- ասում է լոնդոնահայ ճանաչված ջութակահար Լևոն Չիլինգիրյանը,- Փառատոնը շատ կարևոր դեր ունի Լոնդոնի հայ համայնքի կյանքում: Գիտե՞ք, միայն Լոնդոնը որ նկատի ունենաք, արդեն դժվար է նման կապ միմյանց միջև պատկերացնելը: Այն շատ մեծ քաղաք է, մանավանդ երիտասարդները այնքան զբաղված են, որ ոչ միշտ են կարողանում ժամանակ հատկացնել մշակութային իրադարձություններին: Այս փառատոնը այդ բացը լրացնում է և տարվա մեջ թեկուզ մեկ օրով, նրանք ոգևորված գալիս են «Այվերնա Գարդենս» (որտեղ գտնվում են Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանն ու Ս. Սարգիս եկեղեցին), շտապում են տոնական տրամադրության ու հայկական միջավայրի մասնակիցը դառնալու:

Այս տարի ևս «Armenian Street Festival»-ը նույն բակում հյուրընկալել էր  բրիտանաբնակ հայերի, հայկական տարբեր կազմակերպությունների, որոնք առանձին տաղավարներով ներկայացնում էին իրենց գործունեությունը՝ արվեստի, կրթական- մշակութային և հասարակական տարբեր ոլորտներում՝ երաժշտություն, կերպարվեստ, թատրոն, գրքերի հրատարակչություն, ձեռագործ աշխատանքներ, հայկական արտադրություն, հայկական խոհանոց և այլն։

« Այս փառատոնը մեզ համար շատ մեծ առիթ է համախմբվելու, միմյանց հետ հաղորդակցվելու և օտարերկրացիներին ծանոթացնելու հայ համայնքին և հայկական մշակույթին,- ասում է Լոնդոնի «Հայաշեն» հայ տեղեկատվության և խորհրդի կենտրոնի տնօրեն Միսաք Օհանյանը (Լոնդոն),-  Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներից են հայեր ժամանում, ուստի առիթ է նաև իրար ճանաչելու կամ տարին մեկ անգամ պարզապես միասին լինելու: Բայց մենք նաև խնդիր ունենք նման շփումները առավել հաճախակի դարձնելու: Տարվա մյուս օրերին, բնականաբար, այսպիսի աշխուժություն և հետաքրքրություն չի լինում»:

Փառոտոնն ուներ նաև պաշտոնական հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկան Քենսինգթոն -Չելսիի արքայական շրջանի ղեկավար Էլիզաբեթ Ռըդերֆորդը,, Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդը, ՀՀ դեսպանատան հյուպատոսական հարցերով կցորդ Հայարփի Դրմեյանը և ուրիշներ:

 «Ինձ համար անչափ կարևոր է հատկապես երիտասարդների ներգրավվածությունը այս փառատոնին:- ասում է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:- Մեր գլխավոր նպատակն է  բրիտանահայ համայնքին, թեկուզ մեկ օրով, երկրի տարբեր ծայրերից հավաքել ու համախմբել իրենց ինքնության շուրջ՝ մեր մշակույթի, պատմության, մեր հոգևոր ժառանգության»:

Փառատոնի ընթացում ելույթ ունեցան ճանաչված ջութակահար Լևոն Չիլինգիրյանը, «Կոմիտաս» երգչախումբը,  «Ախթամար» ժողովրդական պարի համույթը և ուրիշներ: Այս տարվա ծրագրի հատուկ հյուրերն էին Հայաստանից դուդուկահար Գևորգ Կարապետյանը և երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Նաիրա Հայրապետյան

Աղբյուրը` Հայերն այսօր

2 3 4 5 6 7 8

Scroll Up