Հայաստանին ԱՄՆ արտաքին օգնության թեման կլինի Ներկայացուցիչների պալատի օրակարգում

Հայաստանին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող արտաքին օգնության գերակա ուղղությունների հարցը հունիսի 22-ին կլինի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգում:
Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովի անդամներին հանձնարարված է կազմել Հայաստանին ցուցաբերվող արտաքին օգնության օրինագիծը եւ ներկայացնել Կոնգրեսին ու Սենատին: Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:
2017-ի ֆինանսական տարվա արտաքին օգնության մասին օրինագծի քննարկման ամսաթիվը դեռ հաստատված չէ, սակայն ակնկալվում է, որ նախնական քննարկումը կլինի հուլիսի կեսերին: ԱՄՆ հայ դատի հանձնախմբի առաջ քաշած ամերիկյան արտաքին օգնության գերակա ուղղությունների թվում է Լեռնային Ղարաբաղին առնվազն 5 մլն դոլար ֆինանսական օգնությունը, որն ուղղված է լինելու հումանիտար եւ զարգացման ծրագրերին, այդ թվում՝ Լեդի Քոքսի վերականգնողական կենտրոնի մոդերնիզացմանը եւ ընդլայնմանը:
Բացի այդ, Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Սենատից եւ Ներկայացուցիչների պալատից խնդրել է աջակցել ամերիկահայերի արտաքին օգնության այլ գերակա ուղղություններին, որոնց թվում են.
-Ադրբեջանին ԱՄՆ հատկացրած օգնության զրոյացում, քանի դեռ այդ երկրի նախագահը համաձայնություն չի տվել դիպուկահարներին եւ ծանր զինատեսակները հետ քաշելու մասին սենատորներ Ռոյսի եւ Էնգելի պայմաններին,
-Հայաստանին առնվազն 40 մլն դոլար հատկացնել առետրային եւ ներդրումային հարաբերությունների զարգացման համար,
-Հայաստանին արտահերթ կարգով առնվազն 10 մլն դոլար հատկացնել Մերձավոր Արեւելքից Հայաստան ժամանած մոտ 20 հազար սիրիացիներին տեղավորելու համար: