Մոտ 600 լրագրող է հավատարմագրվել լուսաբանելու համար Հռոմի Պապի այցը Հայաստան. ԱԳՆ

Մոտ 600 լրագրող է հավատարմագրվել լուսաբանելու համար Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության Twitter-ի միկրոբլոգից։

Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-­ին: Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:

Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք՝ Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:

Հունիսի 25-­ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

Scroll Up