«Հայրենիքը միայն կռվելով չեն պաշտպանում, այլև՝ այնտեղ ապրելով». Բերձորի Անդրանիկ (Չավուշյան)

Իսկական հերոսները չեն խոսում, խուսափում են խոսել իրենց գործած սխրանքների մասին, իսկական կռվողները միայն կռվում են, իսկական հայրենասերները ամպագոռգոռ խոսքեր չեն ասում Հայրենիքի մասին. նրանք պարզապես ապրում են Հայրենիքում, Հայրենիքի համար և հարկ եղած դեպքում՝ պաշտպանում իրենց տան սահմանները:

Նրանցից մեկն էլ Սիրիայում ծնված, Լիբանանում  ապրած և Արցախում հաստատված Անդրանիկ Չավուշյանն է՝ Բերձորի Անդրանիկը, ում   հետ զրուցելիս հիացա նրա համեստությամբ, զսպվածությամբ, իսկական հայրենասերին բնորոշ պատրաստակամ մարտունակությամբ և աննահանջ ոգով ու կամքի գերհզոր դրսևորման համառությամբ, որով էլ նա, մարտի դաշտից դուրս, նաև կռիվ է տալիս Արցախում իրեն բաժին հասած հողակտորի հետ:

«Չեմ սիրում խոսել ապրիլյան պատերազմի օրերին իմ և  ընկերներիս  կատարած գործողությունների մասին, որովհետև դա մեր բոլորի պարտքն է. Հայրենիքը բոլորինն է: Ծնվել ու մեծացել եմ Սիրիայում, մինչև պատանեկան տարիքս ապրել եմ իմ ծննդավայրում, հետագայում՝ տեղափոխվել Բեյրութ, երկու տարի առաջ եկել եմ Երևան, անուհետև մեկնել եմ Արցախ ու հաստատվել այնտեղ: Մինչ այդ բարեսիրական գործերով ենք եղել Արցախում և մտածել եմ՝ ինչո՞ւ  ոչ, պե՛տք է գամ ու բնակվեմ հե՛նց Արցախում:   Հայրենիքը միայն կռվելով չեն պաշտպանում, այլև՝ այնտեղ ապրելով: Բեյրութում ես «Արցախ» ֆոնդի անդամ էի, Քաշաթաղի վերաբնակեցման ծրագիրն էինք անում: Ինձ համար կարևոր չէր , թե որտեղ պետք է ապրեմ Հայաստանում ու Արցախում. ինձ համար բոլոր  քաղաքները, մարզերն ու գյուղերը հարազատ են, Հայրենի՛ք են. որտեղ՝ հայ, այնտեղ էլ՝ ես, եթե իմ ժողովուրդը վատ է ապրում , ուրեմն ՝ ես էլ եմ վատ ապրում, եթե լավ է ապրում, ես էլ  եմ լավ ապրում: Կինս հայաստանցի է, ղարաբաղցի. Հայաստանում ամուսնացանք, մեկ տարի կնոջս հետ ապրեցինք Բեյրութում, հետո եկանք Հայաստան ու գնացինք Արցախ:Հրաշալի բնություն, հրաշալի մարդիկ, սա՛ եմ ես տեսել Արցախում: Քո հայրենիքի որ տարածքում   էլ , որ ապրես, պետք է պայքարես՝ պահպանելու հայկական ինքնությունդ, ավանդույթները, մշակույթը: 12  տարուց ավել ծառայել եմ եկեղեցում, եղել եմ սկաուտական շարժման շարքերում. որտեղ հայ համայնքում կարիք կար ակտիվացնելու աշխատանքները, մենք այբտեղ էինք: Հայաստանի, Արցախի ժողովուրդն ավելի գործնական է, և ստիպված են լինել այդպիսին՝ շրջապատված լինելով թշնամի երկրներով: Մեկ տարի  և 4 ամիս է, ինչ ընտանիքիս հետ Արցախում եմ՝ Բերձորում. մի աղջիկ ունեմ՝ Քնարիկս, մյուսն էլ՝ Ավետիս որդիս(հորս անունով ենք կոչել)  ծնվեց, երբ ես դիրքերում էի. ուզում էին տղաներն ինձ համոզել, որ գնամ, սակայն  չգնացի, չէի կարող թողնել ընկերներիս ու դիրքերը, և այդ ժամանակ առավել ևս պարտավորված էի մնալ առաջնագծում. ես պաշտպանում էի նաև իմ որդուն ու նրա Հայրենիքը: Մինչև դիրքեր գնալս էլ իտանեցիները, ծանոթներն ինձ համոզում էին չգնալ, քանի որ  երեխայի ծնվելուն շատ քիչ էր մնացել, սակայն ես չէի կարող մնալ տանն ու համբերել, երբ առաջնագծում ջահել զիվորներ էին զոհվում, երբ նենգ թշնամին նշանառության տակ էր առել մեր սահմաններն ու մեր գյուղերը: Խումբ կազմվեց. եթե չկազմվեր էլ, միևնույն է, ես որոշել էի գնալ  անհատապես՝ ոտքով, իմ մեքենայով …ինչպես պատահեր:Ռազմական փորձառություն ունեմ, որովհետև 2,5 տարի ծառայել եմ   լիբանանյան բանակում: Բեյրութը պատերազմ տեսած երկիր է, ես էլ, լինելով այնտեղի բնակիչ, բոլորի նման զենք ունեի, միշտ պատրաստ՝ պաշտպանելու  ընտանիքս, տունս: Արցախում,  առաջնագիծ գնալիս, միայն մտածում էի կռվելու և հաղթելու մասին. մեր բոլոր տղաներն էին այդպես տրամադրված. մենք նապաստակ չենք, որ փախչենք: Եթե  ազերիների կողմից   առաջին շարքերում կռվում էին  տարիքով վարձկան մարդասպաններ, որոնց բթացած ուղեղներում միայն մի ծրագիր էր տեղադրված՝ սպանել, ոչնչացնել գազանաբար, ապա  մեր առաջնագծում  ջահել ու հայրենասեր զինվորներ էին, ովքեր պայքարում էին հարազատ երկրի սահմանների անառիկության, հայրենի հողի համար: Դիրքերում հայրենասիրական երգեր էինք երգում. դա ավելի էր ոգևորում բոլորիս: Իմանալով, որ ես Սփյուռքից եմ տեղափոխվել, բոլորն ինձ ասում էին՝ կեցցես….ես վիրավորվում եմ, ես ինձ այս հողի ու ջրի մարդ եմ համարում, ես հայ եմ , ի՞նչ կապ ունի,  թե որտեղից եմ եկել, ես Արցախի բնակիչ եմ և պաշտպանում եմ իմ տուն ու ընտանիքը, այն հողը, որը մշակում եմ իմ ձեռքերով:

Այս օրերին տանն եմ, վայելում եմ ընտանիքիս, բալիկներիս ջերմությունը, հող եմ մշակում…Դուք հարցնում եք, թե պատերազմը վերսկսվելու դեպքում դարձյա՞լ կգնամ առաջնագիծ….(Անդրանիկը   ժպտում է) իհարկե՛, անկասկա՛ծ, ես  պատրաստ եմ. չէ՞ որ  սահմանից այս կողմ իմ ժողովուրդն է, իմ ընտանիքը, մեր ապագան, Քնարիկ դստրիկս ու Ավետիս որդիս: Իմ  նշանաբանն է՝ քիչ խոսել, շատ գործ անել»:

Մեր խմբագրասենյակում դեռ երկար շարունակեցինք  զրուցել Բերձորի Անդրանիկի հետ, հարցեր տալ նրան և, այնուամենայնիվ, նրա բոլոր արտահայտություններն ու  նախադասությունները  բևեռվում  էին Հայրենիքի շուրջ:

 Կարինե Ավագյան

1 2

Scroll Up