Քե´զ համար, հայ զինվոր. բարեգործական երեկոյի ընթացքում հավաքվել է մոտ 6000 եվրո

Մայիսի 27-ին, ժամը 19:00-ին Բրյուսելի Հայ տանը «Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է «Քե´զ համար, հայ զինվոր» խորագրով բարեգործական երեկոն: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Ֆրանսիայից Սուրեն Դավթյանը, Բելգիայից ԴՋ Ստեփանը, ԴՋ Տարոնը, ԴՋ Մայքը, Վարդգես Խանջարյանը և «Սևան» պարախումբը։ Երեկոն վարել է Լևոն Ձնաբերդցին։
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ երեկոյի ընթացքում հավաքվել է 6040 եվրո, որը հատկացվելու է Արցախյան քառօրյա պատերազմում զոհված և վիրավորված զինվորների և սպաների ընտանիքներին։
«Երեկոյի ընթացքում հավաքվել էր 3020 եվրո: Մեր բարերարներից մեկը, որը չցանկացավ անունը հրապարակել, հավաքված գումարը կրկնապատկեց: Արդյունքում՝ կարողացանք մեր հերոս զինվորների համար հավաքել 6040 եվրո», «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց «Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Սերգոյանը և հավելեց, որ որոշել են սոցիալական ցանցերով և համայնքում դրամահավաքը շարունակել, որի ավարտը կտրվի հունիսի 30-ին: