Թահանգայի հայ աշակերտների և երիտասարդների նվերը՝ հերոս-զինվորներին

Հայաստանում է ԱՄՆ Թահանգա քաղաքի հոգևոր հովիվ Տեր Ավետիս քահանա Աբովյանը՝ քաղաքի «Երվանդ Բաբայան» հայկական շաբաթօրյա  դպրոցի աշակերտների և հայ համայնքի երիտասարդների պատրաստած նվերները սահմանին գտնվող զինվորներին փոխանցելու և համայն հայությանը զորակցություն հայտնելու համար:

«Այցելելով Արցախ՝ մեր հերոս-զինվորներին հանձնեցի հարյուր զույգ զինվորական ռետինե կոշիկներ և արևից լիցքավորվող լապտերներ, բանակի հրամանատարության հետ նաև պայմանավորվեցինք, որ նմանօրինակ օժանդակությունները շարունակական բնույթ են կրելու, իսկ քննարկման արդյունքում հստակեցրինք, թե ինչի  կարիք ունեն զինվորները, որպեսզի տրամադրվող օգնությունը նպատակային լինի»,-«Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ասաց Տեր Ավետիսը և հավելեց, որ աշակերտներն ու համայնքի երիտասարդները մեծ ոգևորությամբ են միացել զինվորներին թևութիկունք լինելու կարևոր գործին՝ ցուցաբերելով սրտացավություն և պատրաստակամություն:

Զրույցի ընթացքում տեղեկացանք նաև, որ համայնքի կողմից երկու բեռնատար մեքենաներով տաք հագուստ է ուղարկվել զինվորներին:

«Վստահեցնում եմ, որ համայնքը շարունակելու է ներդրում ունենալ Հայրենիքի ամրության և սահմանների պաշտպանության գործում:

Կոչս է հայ ժողովրդին, որ իրենց հոգիներում չհանգցնեն Հայրենիքը պաշտպանելու ձգտումը և հետագայում էլ լցված լինեն նույն ազգային վառ ապրումներով: Ուզում եմ, որ այս միասնականությունն ավարտ չունենա, այլև ընդհակառակը՝ նոր ծիլեր տա և հարատևի»,-իր խոսքը ամփոփեց Տեր Ավետիս քահանա Աբովյանը:

Scroll Up