Արցախի աջակցության ակցիաներ Բադեն-Վյուրթեմբերգում

Արցախի սահմանին վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած պատերազմական գործողությունների կապակցությամբ Բադեն -Վյուրթեմբերգի Հայ համանքի կողմից մի շարք բողքի ակցիաներ են իրականացվում։ Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Բադեն -Վյուրթեմբերգի հայկական համայնքից:
Ապրիլի 4-ին համայնքը հայտարարություն էր հրատարակել, դատապարտելով ադրբեջանական կողմի վայրագություններն ու պահանջելով միջազգային հանրությունից դատապարտել ագրեսորին և ամեն ուժ գործադրել հարցի խաղաղ լուծման համար։
Բադեն Վյուրթեմբերգի Գյոփինգեն քաղաքի Սուրբ Խաչ Հայ Առաքելական Եկեղեցում անցյալ կիրակի մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում տեղի ունեցավ Հայրապետական Մաղթանք եւ աղոթք Հայաստանի եւ Արցախի խաղաղության համար։ Իր քարոզում Տիրատուր քահանա Սարդարյանը շեշտեց համախմբվածության անհրաժեշտությունն ինչպես Հայաստանում եւ Արցախում, այնպես էլ սփյուռքում եւ հատկապես՝ Բադեն Վյուրթեմբերգում։
Նույն օրը, ժամը 14-ին տեղի ունեցավ միջեկեղեցական արարողություն Բարտենբախ թաղամասի Ավետարանական Եկեղեցու համայնքի հետ։ Այդ արարողության ժամանակ հայ եւ գերմանացի հոգեւորականներն աղոթեցին երկու ժողովրդների բարեկամության, ինչպես նաև Արցախի խաղաղության համար։ Արարողության ժամանակ հանգանակված գումարը պետք է փոխանցվի Լեռնային Ղարաբաղի օգնության ֆոնդին։
Տիրատուր քահանան հորդորեց ներկաներին իրենց ուժերի սահմաններում ջանք թափել, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, որպեսզի ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ «Այս հարցում շատ կարեւոր է քրիստոնյա եկեղեցիների դիրքորոշումն ու գերմանացի ժողովրդի օժանդակությունը» – ասել է Տիրատուր քահանան։ Բողոքական եկեղեցու հոգևորականը իր կողմից պատրաստակամություն հայտնեց զորավիգ լինել հայ ազգին, հայ քրիստոնյաներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Սիրիայում եւ Իրաքում, ուր քրիստոնյաները նեղության մեջ են։
Միևնույն ժամանակ համայնքից տեղեկացնում են, որ Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքը և Շտուտգարտի, Էսլինգենի, Նեքարսուլմի, Մանհայմի մշակութային միությունները համատեղ ակցիա են կազմակերպել։ Հանգանակված գումարը նույնպես կփոխանցվի Լեռնային Ղարաբաղի օգնության ֆոնդին։