«Բոլորը զարմանում էին՝ ինչպե՞ս են Պրահայի կենտրոնում մեզ եկեղեցի տվել»

Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանը՝ Չեխիայի հայ համայնքի մասին Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանը «Առավոտի» հետ զրույցում Չեխիայի հայ համայնքը կարող ու հեռանկարային է որակում: Ինչ վերաբերում է իր հովվությանը, ասում է՝ աշխարհի որ ծայրում էլ լինես, Աստծուն ծառայելը հեշտ է, եթե սիրում ես քո գործը:

Հայր սուրբը 10 տարի առաջ է նշանակվել, հիշում է, որ երբ ոտք դրեց Պրահա, որեւէ մեկին չէր ճանաչում, ընդամենն ուներ մեկ հայի հեռախոսահամար, որին նույնպես չեր ճանաչում: 2015 թ. հոկտեմբերի 11-ին Պրահայի՝ 14-րդ դարում կառուցված Սբ. Հոգի կաթոլիկ եկեղեցին փոխանցվեց Հայ առաքելական եկեղեցու Սբ. Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին՝ անժամկետ օգտագործման համար: Հայր սուրբը ուրախությամբ է փաստում, որ հետխորհրդային շրջանի մեր հայրենակիցներից ձեւավորված հայ համայնքը մոտ է եկեղեցուն ու արմատներին, ասում է՝ կան հայեր էլ, որ եկեղեցուն մոտ չեն, բայց փորձում են ինչ-ինչ միջոցներով մարդկանց մոտ բերել:

Հոգեւորականի խոսքով, Չեխիայի հայ համայնքը մտավոր կարողություններով բարձր անձանցից է բաղկացած, համալսարանական երիտասարդներ կան, բազում արվեստագետներ, գործարարներ: «Արդեն 5 տարի է՝ Պրահայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ունենք, եւ դեսպանատան հետ համագործակցության արդյունքում բավականին լուրջ հաջողություններ ենք արձանագրել, գործում է «Օրեր» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է մեր բարեկամ Հակոբ Ասատրյանը, ունենք շաբաթօրյա հայկական դպրոց, որի շեֆությունը ստանձնել են եկեղեցու բարերարները, երիտասարդական միությունը, մի քանի կազմակերպություն՝ Չեխ-հայկական մշակութային միությունը, «Ուրարտու» միությունը, «Արմենիա» ակումբը եւ այլն: Մի խոսքով, տարբեր ուղղություններով աշխատում են բավականին հաջող, փորձում ենք Չեխիայի հայության կարող ուժերը՝ մտավոր եւ գործարար, համախմբել՝ բոլոր խնդիրները միասին լուծելու համար»,- նշեց Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվը:

Հետաքրքրվեցինք՝ վերջին անգամ ե՞րբ է հայկական եկեղեցում պսակի, մկրտության արարողություն կատարվել: Հայր Բարսեղն ասաց, որ անցյալ տարի երկու մկրտության եւ մեկ պսակի արարողություն է եղել Սուրբ Հոգի եկեղեցում, ընդ որում՝ պսակի արարողությունը դեկտեմբերի 25-ին էր: Նա հույս ունի, որ պսակվողներն ու մկրտվողները պիտի հիշեն, որ Պրահայի Սուրբ Հոգում են պսակադրվել եւ մկրտվել:

Պրահա

Մեր զրուցակիցը հայտնեց, որ վերջին 4-5 տարիներին հրաշալի հարաբերություններ են ստեղծվել Չեխիայի կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ, ու հենց նրա շնորհիվ է Պրահայի ճիշտ կենտրոնում գտնվող Սուրբ Հոգի եկեղեցին անժամկետ տրվել Հայ առաքելական եկեղեցուն: «Բավականին դժվար աշխատանք էր, անհնարին թվացող, բոլորը զարմանում էին, թե ինչպե՞ս են մեզ Պրահայի կենտրոնում տվել եկեղեցին: Մեր շնորհակալությունն ենք հայտնում կարդինալ Դուկային, որ իր հայանպաստ, հայասեր վերաբերմունքը տվեց նման արդյունք: Ի դեպ, Պրահայում նաեւ ունենք հայկական խաչքար, որի բացմանը ներկա էր ՀՀ նախագահը, ու խաչքարի տեղը նույնպես տրամադրել է կարդինալ Դուկան»:

Հայր Բարսեղին հարցրինք՝ կա՞ն հայեր, որ որեւէ հայերեն բառ չգիտեն, բայց սիրով են այցելում հայկական եկեղեցի: Հոգեւորականը պատասխանեց, որ դրանք հիմնականում նոր սերնդի երիտասարդներ են, ու փաստեց, որ այդ առումով Չեխիայում վիճակն ավելի բարվոք է, քան Գերմանիայի հայկական համայնքներում, որտեղ հայերենն ավելի տկար է: Հարցրինք՝ պատահե՞լ է, որ խառն ամուսնությունների դեպքում՝ հայկական եկեղեցով պսակվեն: «Ամուսնությունների 80 տոկոսը խառն են, եւ դրանք հիմնականում կատարվում են Հայ առաքելական եկեղեցում: Քանի որ արդեն կայացած իրավիճակներ են հանդիպում, ու այնպես է, որ մարդիկ պիտի անպայման ամուսնանան, փորձում ենք գոնե մեր եկեղեցու ծոցում պահել, չենք կարող խիստ վերաբերմունք դնել նրանց նկատմամբ, այլապես կխուսափեն ե՛ւ համայնքից, ե՛ւ եկեղեցուց: Հենց մեր ջերմ վերաբերմունքն էլ մարդկանց առիթ է տալիս ավելի շփվել, հայ մնալ ու հայկականությունը պահել»:

Քանի որ Սփյուռքում հաճախ է պատահում, որ ավանդական կուսակցությունների ու կառույցների տարաձայնությունները բացասաբար անդրադառնան հայ համայնքի վրա, հետաքրքրվեցինք՝ Չեխիայում կա՞ նման իրավիճակ: «Մեր համայնքը շատ ուրախ եւ երջանիկ է, որ կուսակցություններ չունենք»,-ժպտալով ասաց հայր Բարսեղը: Հարցազրույցի ավարտին նա մաղթեց՝ մեր հայրենիքը տեսնել այնքան ամուր, որ որեւէ հայ հայրենիքից չհեռանա, սահմանները խաղաղ լինեն, զինվորներն անվնաս, քաղաքացիներն էլ աշխատանք ունենան ու բարօրության մեջ ապրեն, իսկ «դրսում» գտնվողներն էլ հնարավորինս աջակցեն, որպեսզի Հայաստանը հզորանա:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Պրահա-Երեւան 

Scroll Up