Ադրբեջանի ճնշումը Իսրայելի վրա՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար, պետք է արժանանա հայերի հակազդեցությանը

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Քանի որ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին դարձել են ավելի լարված, ռազմավարական դաշինքից անցնելով բացահայտ թշնամության, ապա շատ վերլուծաբաններ սկսել են զարմանալ Իսրայելի կառավարության ոչ բնորոշ զուսպ արձագանքի վրա՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հակասեմական ելույթներին և հակաիսրայելական գործողություններին:

Այս պայմաններում հայերը և նրանց կողմնակիցները զարմացած են վարչապետ Բենիամին Նեթանյահուի շարունակական մեղսակցությունից՝ թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման և Կնեսետում (խորհրդարան) դրա ճանաչման արգելափակման գործում:

Մերձավոր Արևելքի որոշ փորձագետներ երկու բացատրություն ունեն Իսրայելի տարօրինակ դիրքորոշման վերաբերյալ.

1) Չնայած Իսրայելի և Թուրքիայի միջև առկա առերևույթ ատելությանը՝ երկու երկրները շարունակում են իրենց հետախուզական տվյալների գաղտնի փոխանակումը և զենքի առևտուրը:

2) Ադրբեջանը՝ Թուրքիայի կրտսեր եղբայրը, ագրեսիվ դեր է ստանձնել ճնշելով Իսրայելի վրա Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, որպես լծակ օգտագործելով իսրայելական առաջադեմ զենքի միլիարդավոր դոլարների գնումը՝ Իսրայելին ապահովելով խիստ անհրաժեշտ նավթամթերքներով և տրամադրելով Ադրբեջանում բազա՝ Իրան ներթափանցելու և լրտեսելու համար, որի հետ նա ունի 700 կմ սահման:

Իսրայելի կառավարությունն այնքան գերզգայուն է դարձել Ադրբեջանի թելադրանքներին, որ վերջերս Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Երուսաղեմ կատարած այցի ժամանակ, հակառակ Իսրայելի արտգործնախարարի դժկամությանը, պարոն Նալբանդյանը կարողացավ հանդիպել Իսրայելի նախագահի հետ:

«Երուսաղեմ փոստ» թերթի նոյեմբերի 1-ի համարում մի հոդված լիովին ցույց է տալիս Իսրայելի՝ Ադրբեջանին հաճոյանալու աստիճանը: Այն ժամանակ, երբ արևմտյան խմբերի մեծ մասը, ներառյալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), հրաժարվեց դիտորդ ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին Բաքվի կիրառած սահմանափակումների պատճառով, Իսրայելի Կնեսետի չորս անդամներ շտապեցին Ադրբեջան՝ ցույց տալու իրենց աջակցությունը Ալիևի բռնատիրական վարչակարգին… Իսրայելի նախկին արտգործնախարար, այժմ Իսրայել-Ադրբեջան խորհրդարանական խմբի նախագահ Ավիգդոր Լիբերմանի գլխավորած պատվիրակության կազմում էին ԱՄՆ-ում Իսրայելի նախկին դեսպան Մայքլ Օրենը, Սոֆա Լանդվերը և Յոել Ռազբոզովը:

«Երուսաղեմ փոստը» հաղորդում է, որ Լիբերմանը, որպես արտգործնախարար «աշխատել է ամրապնդել Իսրայելի կապերն Ադրբեջանի հետ», և մեջբերել է Բաքվում ասված նրա խոսքերը, որ այն «Իսրայելի համար կարևոր երկիր է և լավ բարեկամ…. Նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ, [Ադրբեջանը] հայտնի էր հրեական համայնքի նկատմամբ իր լավ վերաբերմունքով, և այնտեղ հակասեմիտիզմ չկա: Մենք պետք է շարունակենք ամրապնդել մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ»: «Ազերնյուս» գործակալությունը ևս մեջբերել է Ընտրական լրատվական կենտրոնին հայտնած նրա խոսքերը, որ Ադրբեջանը «հանդիսանում է ժողովրդավարության, կայունության և հաջող արտաքին քաղաքականության օրինակ»: Նման անհեթեթ և կեղծ հայտարարություններն անընդունելի են իրազեկ մարդկանց մեծ մասի կողմից:

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է նախկին արտգործնախարարն այդքան շահագրգռված արդարացնելու Ադրբեջանի անցյալի և ներկայիս հակասեմիտիզմը: Բաքվից Կնեսետի չորս անդամների վերադարձից հետո, նրանց պետք է խնդրել բացահայտել այն շռայլ նվերները, որ նրանք հավանաբար ստացել են որպես երախտիքի նշան Ադրբեջանի անարդար ընտրությունները կուրորեն վավերական ճանաչելու համար: Զարմանալի չէ, որ Ալիևը պահպանեց իր վերահսկողությունը իշխանության վրա՝ շարունակելով նրա տիրող կուսակցության մեծամասնությունը խորհրդարանում, մինչ հիմնական ընդդիմությունը բոյկոտեց նախորդ կիրակի օրվա ընտրությունները:

«Երուսաղեմ փոստը» հաղորդեց, որ «Ադրբեջանը համարվում է ամենամտերիմ մահմեդական երկիրն Իսրայելի համար, և երկու երկրներն ունեն սերտ կապեր ու նշանակալից առևտուր: Ադրբեջանը Իսրայելի ամենամեծ նավթային մատակարարն է, և ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև հասել է 5 մլրդ դոլարի, ավելի քան Ֆրանսիայի հետ: Վերջին տարիներին Լիբերմանը, այն ժամանակվա նախագահ Շիմոն Պերեսը և պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը ալցելել են Բաքու»:

Ձեռնամուխ լինելով նավթ՝ զենքի դիմաց քաղաքականությանը՝ Իսրայելի պաշտոնյաներին շատ հարմար է անտեսել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները, խոսքի ազատության բացակայությունը և լրագրողների ու ակտիվիստների, այդ թվում՝ Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի ղեկավար Լեյլա Յունուսի և «Ազատություն» ռադիոկայանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի ազատազրկումը:

Թեև ինչ-որ չափով հասկանալի է, որ Իսրայելը և Ադրբեջանը հետապնդում են իրենց սեփական շահերը, անկախ նրանից, թե ինչքան դատապարտելի են միջոցները, սակայն Հայաստանը ևս պետք է հետամուտ լինի իր ազգային շահերին և հակազդի ցանկացած երկրի գործողություններին, որոնք սպառնում են նրա անվտանգությանը և հարցականի տակ դնում Ցեղասպանությունը: Հայաստանի կառավարությունը պետք է հստակորեն հասկացնի Իսրայելի պաշտոնյաներին, որ Ադրբեջանին բազմամիլիարդ դոլարների ժամանակակից զենք վաճառելով, նրանք պատասխանատվություն են կրում հազարավոր հայերի կյանքը վտանգելու համար: Ադրբեջանցի պաշտոնյաները հրապարակայնորեն հայտարարում են, որ Իսրայելից ձեռք բերված զենքով նրանք նպատակ ունեն հարձակվել Արցախի և Հայաստանի վրա:

Վերջապես, Հայաստանը պետք է զգուշացնի Ադրբեջանին, որ Հայոց ցեղասպանության նրա անտեղի ժխտումները և այլ երկրների, ինչպես, օրինակ, Իսրայելի վրա ճնշումները՝ իր ժխտողական գործերին միանալու համար, ավելի կթշնամացնեն հայերին՝ անհնար դարձնելով որևէ զիջման գնալ Արցախյան հակամարտության հարցում:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 

Scroll Up