Հերթական թուրք լրագրողը դատապարտվել է Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ

Թուրքական Sözcü պարբերականի գրող Նեջաթի Դողրուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր հոդվածներից մեկով վիրավորելու հիմնավորմամբ դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական CNN Turk լրատվականը, այս մասին Դողրուն գրել է Sözcü-ի իր սյունակում:
Նա պարզաբանել է, որ իր հոդվածում չեն եղել վիրավորական արտահայտություններ, այլ պարզապես եղել են հատվածներ, որոնց միջոցով ինքը նպատակ է ունեցել հասարակության ուշադրությունը հրավիրել կարևոր խնդիրների վրա: Նեջաթի Դողրուն մեղադրել է դատախազին հոդվածը ոչ թե իր ամբողջականությամբ, այլ հատվածաբար սխալ մեկնաբանելու մեջ: Նա հայտնել է նաև, որ դատարանի կողմից արձակած 11 ամիս 20 օր ազատազրկումը կարողացել են փոխել գրավի: