Իտալական պարբերական. Մարսելցի 60-ամյա Արամը չի ներում և չի հավատում խաղաղությանը

Լիբանանում բնակվող 60-ամյա Արամը երկար տարիներ Մարսելում բար ունի, որտեղ հավաքվում են քաղաքի հայերը: Նա ծնվել է ո՛չ պատմական Հայաստանում, բայց հարկ է միայն հիշել կոտորված մարդկանց ու կործանված եկեղեցիների մասին, և զայրույթն ու ցավը գլուխ են բարձրացնում: Նրա և Մարսելի հայերի մասին է իտալական Q Code ամսագրում հրապարակված հոդվածը, տեղեկացնում է NEWS.am-ը:

«Մարսելում ափ դուրս եկած բազմաթիվ միգրանտների՝ իտալացիների, կորսիկացիների, հյուսիսաֆրիկացիների, վիետնամցիների նման, հայերի համար էլ այս հնագույն նավահանգիստը նոր կյանքի սկիզբ է դարձել, նոր ուղու առաջին կայան: Բազմաթիվ հայեր հենց այստեղ էլ մնացել են: 1930-ականների սկզբին նրանց թիվը շուրջ 20 հազար էր կամ քաղաքի օտարերկրյա բնակչության 10%-ը:

Սակայն Մարսելում հայ համայնքի համար կյանքի առաջին տարիները դյուրին չէին: Առանց կարողության և լեզվի իմացության՝ նրանք հայտնվում են քաղաքի տարբեր շրջաններում տեղակայված լեփ-լեցուն ճամբարներում, իսկ հետո՝ գործարանային թաղամասերի համեստ բնակարաններում: Նրանցից շատերը հենց գործարաններում էլ աշխատանքի են անցնում: Հայերը կրկին բախվում են աղքատության և օտարության խնդիրներին, ինչի մասին Անրի Վեռնոյը, նույն ինքը՝ Աշոտ Մալաքյանը, պատմում է «Պարադի փողոց, տուն 588» ֆիլմում:

Բայց հայրենիքի հետ անքակտելի կապերը մնում են: Եվ Մարսելի հայերը սկսում են վերականգնել կտրված կապերի շղթաները: 1919 թվականին Կոստանդնուպոլսից Մարսել է փոխադրվում հայկական դպրոցը: Բայց հայերը հիմնականում հավաքվում էին հայկական 7 եկեղեցիներում, որտեղ չէին լռում նրանց լեզուն, երգերը, ծիսակարգերն ու եկեղեցական տոները:

1931 թվականին Ավենյու Պրադոյում կառուցվում է մայր տաճարը: Եվ զարմանալի չէ. եկեղեցին միշտ ամուր կապ է հանդիսացել հայրենիքից հեռու հայտնված հայերի համար:

Այն, որ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը կենդանի է, զգացվում է անմիջապես: Ցուցանակներ և պաստառներ պետական հաստատությունների վրա, համաժողովներ, կլոր սեղաններ և ցուցահանդեսներ, որոնցից մեկը՝ բացված Մարսելի Պատմության թանգարանում, ներկայացնում է 100 փախստականի լուսանկար, որոնք 1922-26 թվականներին հայտնվել են Մարսելի նավահանգստում:

Քաղաքում բազմաթիվ են նաեւ «յան»-ով ազգանունները: Հայկական ամենուր է: Բայց ես ուզում եմ զրուցել ու ցանկանում եմ գնալ այնտեղ, որտեղ շատ հայեր կան:

Ինչի՞ց սկսել, եթե ոչ եկեղեցուց: Ցանկանում եմ սկսել Ղյու Սիբիի կաթոլիկ եկեղեցուց, բայց այնտեղ հասնելու երկու փորձից, տեղացիների օգնությանը դիմելուց հետո կրկին հայտնվում եմ այնտեղ, որտեղից շարժվել էի:

Երբ երեկոյան արկածներս եմ պատմում Մարսելում բնակվող միլանցի Կլաուդիոյին, նա նշում է, թե որտեղ կարող եմ հայերի գտնել, նաև առաջարկում իմ ուղեկցորդն ու թարգմանիչը լինել:

Հաջորդ օրը՝ իմ ճամփորդության վերջին օրը, մենք հայտնվեցինք բարում: Ավելի հստակ՝ հայերի բարում:

Ներսում կարծես դեպի անցյալ պատուհան է բացված: Գուցե՝ 1940-ականներ: Թույլ լույս, գունաթափ պատեր: Բայց դա դիզայն չէ: Հայերին կապող Արարատ լեռն ու դռան վրայի խաչելությունը ցույց են տալիս. այցելուներից եկամուտ ստանալն այստեղ երկրորդական է, յուրայինների համար հավաքատեղին՝ առաջնային:

Հնչեղ «ռ»-ից ու բաղաձայններից հասկանում ես. այստեղ գրեթե բոլորը հայեր են: Առաջին գավաթ պաստիսից հետո ծանոթանում ենք տիրոջ հետ. շուրջ 60 տարեկան լիբանանահայ է, Արամ անունով:

Երկրորդ գավաթը, գուցե նաեւ՝ երրորդ… Արամը ցույց է տալիս Արարատն ու ասում, որ ամենօրյա կապ է պահում և՛ Բեյրութի, և՛ այժմյան Հայաստանի հայրենակիցների հետ, բայց Մարսելում կյանքից, իր իսկ խոսքով, միանգամայն գոհ է: Մյուս կողմից, ընդգծում է, ցանկացած երկրում հայերը ձգտել են հարմարվել և ինտեգրվել: Իսկ պատճառն այն է, որ հայերի արժեհամակարգում առաջին տեղերից մեկում աշխատանքն ու օրենքը հարգելն է:

Արամը շատ լավ գիտի, որ թուրքական կառավարության քաղաքականությունը չի համընկնում նրա հետ, ինչ մտածում են շարքային մարդիկ: Ցույց է տալիս լուսանկարը. ահա 100 հազար թուրքեր Հրանտ Դինքի հուղարկավորությանը: Ասում է՝ հայերի պայքարը չի ավարտվի, մինչև Թուրքիան չճանաչի հանցագործությունը:

Ցեղասպանության ճանաչումն միակ ցավը չէ: Արամը դառնությամբ է պատմում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Երեկ այն կործանվեց օսմանցիների կողմից, իսկ այսօր այն բախտի քմահաճույքին է թողել Թուրքիայի կառավարությունը:

Անհավատալի է, թե ինչ ուժ կարող է ունենալ հիշողությունն ու հայրենի եզերքի հանդեպ ձգտումը, եթե անգամ հայը, Արամի պես, ծնվել է պատմական Հայաստանից շատ հեռու:

Նրան պատմում եմ, որ փաստագրական ֆիլմ եմ տեսել հայկական տաճարների մասին, որոնք քուրդ հովիվներն ախոռի են վերածել: Այստեղ Արամը նորից է զայրանում. քրդերին չի կարող ներել, որ ժամանակին շահադիտական նպատակներով օգնեցին թուրքերին:

Հետո հերթն ադրբեջանցիներինն է, որոնց հետ հարաբերությունները չափազանց լարված են: Իսկ հետո անցնում է վրացիներին, որոնց հետ հայերը բացահայտ կոնֆլիկտներ չունեն, բայց հաստատ չես ասի, որ երկու ժողովուրդները սիրում են միմյանց: Ավելի շուտ՝ հակառակը: Եվ Արամը նույնպես բացառություն չէ:

Վերջում սկսում եմ կարծել, որ Արամը երրորդ հազարամյակի հայ է. միջմշակութային հաղորդակցության կողմնակից չէ:

Իհարկե, Արամի գաղափարները չափազանց սուր են: Նա ինձ բացահայտորեն ասում է, որ չի հավատում տարբեր մշակույթների խաղաղ գոյակցության հնարավորությանը: Բայց դրանք ելնում են մի ժողովրդի պատմությունից, որը քրիստոնեական կղզյակ է մնացել մահմեդականացած հողերում: Ամբողջ ուժով հայրենի արմատներից կառչելուց բացի, այստեղ ոչինչ չի մնացել անել:

Հետաքրքիր է, երիտթուրքերն այդպիսի՞ ապագայի հույս ունեին: Եվ ինչի՞ վրա է հույս դնում մեր կառավարությունը, երբ աչք է փակում բռնապետական ռեժիմների կողմից իրագործվող կոտորածների նկատմամբ:

Բայց արդեն ուշ է, և Արամը պետք է փակի բարը: Հատուկ մեզ համար նա մեկուկես ժամ ավելի երկար մնաց:

Հրաժեշտ ենք տալիս, միմյանց ձեռք ենք սեղմում, շնորհակալություն ենք հայտնում երեկոյի համար: Ափսոս, որ չլուսանկարվեցինք: Հայկական դրոշի ֆոնին հիասքանչ լուսանկար կստացվեր»:

Scroll Up