Ինքնություն և հիշողություն

Հարավային Ամերիկայի հայ համայնքները

Հարավային Ամերիկայի հայ համայնքների թվաքանակը ավելի քան երկու հարյուր հազար է, տարածված Արգենտինայում, Ուրուգվայում, Վենեսուելայում եւ Չիլիում: Առաջին երկու երկրները լավ կազմակերպված համայնքներ են, որտեղ գործում են երիտասարդական, հասարակական, մարզական, մշակութային եւ քաղաքական կառույցներ:

Այս համայնքները ստեղծվեցին Հայոց ցեղասպանությունը վերապրածների եւ որբերի կողմից, որոնք հասել էին Հարավային Ամերիկա եւ տեղավորվել զանազան քաղաքներում: Այդ ժամանակից ի վեր, համայնքները համախմբվել եւ կամաց-կամաց կարողացել են կառուցել բազմաթիվ եկեղեցիներ, դպրոցներ, միություններ, որոնց նպատակը եղել է հայկական մշակույթի, ինչպես նաեւ մեր ժառանգության շարունակությունը:

Հարավային Ամերիկայի բազմաթիվ հայ երիտասարդներ լծվել են կամավորական զանազան աշխատանքների, որոնք ծրագրված կերպով իրականացնում են:

Այս ուղղությամբ ինքնություն եւ հիշողություն բառերը, կարեւոր դեր են խաղում այդ երիտասարդներին հայության առօրյա աշխատանքներին կապելու առնչությամբ:

Հիշողությունը մեր նայվածքն է դեպի անցյալը, բայց ներկայի գաղափարներով եւ փորձառությամբ: Հիշողությունը տարբեր միջոցներ ունի, որոնցով կարող ենք մտածել անցյալի մասին, սակայն շարունակել այս օրը:

Այսպիսով, Հարավային Ամերիկայի հայ երիտասարդությունը պահում է հիշողությունը՝ հազարավոր կիլոմետր հեռու լինելով Հայաստանից: Այս հիշողությունը Հայաստանի հետ կապվել է գրքերի, նկարների, հեքիաթների եւ այլ միջոցների ճամփով:

Մյուս կողմից ինքնությունը  դրսեւորում ենք թատերական ներկայացումների միջոցով, որտեղ տեղի հասարակությունը տեղյակ է մնում հայության մասին:

Հարավային Ամերիկայի երիտասարդության մասնակցությունը հայկական կազմակերպությունների գործունեություններին կարեւոր է իրենց ինքնության կազմավորման համար: Այս հարցում Հայաստանի իշխանությունները մեծ դեր ունեն խաղալու, քանի որ մանկությունից սկսում են գիտակցել, թե  հայրենիքը մի հեռավոր եւ իդեալական երկիր է, որը կապված է իրենց ծնողների, պապերի եւ տատերի հետ: Այս երեւույթը փոխվում է երբ գալիս են Հայաստան եւ տեսնում են իրենց աչքերով իրական Հայրենի տարածքը: Սակայն մինչ այդ, բոլորը՝ հայ լեզուն, հայոց պատմությունը, երգն ու պարը, մեր ազգային արժեքներն ու սկզբունքները, փոխանցվել են նախորդ սերունդներից եւ այսօր նոր իմաստ են ստացել: Այս երիտասարդների ինքնությունն ու հիշողությունը նշանակում է ոչ միայն անցյալի վերականգնումը, այլեւ ներկայի եւ ապագայի ակնկալիքները:

Հարավային Ամերիկայի, ինչպես նաեւ այլ շրջանների երիտասարդությունը, հատուկ իմաստ է տալիս Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը, հիշողության եւ պահանջատիրության ձեռնարկներին: Այս հիշողությունը մոտ հարաբերություններ ունի ինքնություն կերտելու գործին:

Ցեղասպանության անպատժելիությունն ու ճանաչման պահանջքը տարբեր հայեցակարգ է դրսեւորում, երիտասարդության եւ ամբողջ համայնքի ներկա կյանքում: Քանի որ այս իմաստով երիտասարդական միություններ զանազան գործունեություն են ծավալում ո´չ միայն հիշելու, այլեւ Հարավային Ամերիկայի երկրների ժողովուրդներին իրազեկելու Մեծ եղեռնի մասին:

Բացի Ցեղասպանությունից  ուրիշ հարցեր եւս հետաքրքրում են երիտասարդներին, ինչպիսիքն են Արցախի հարցը, Հայաստանի եւ Սփյուռքի իրականությունը եւ այլն: Այս կապակցությամբ նրանք իրենց պայքարի համար օգտագործում են զանազան լոզունգներ ու բառեր, օրինակ՝  «արդարություն», «մարդու իրավունքների պաշտպանություն», «պայքար» եւ այլն:

Երիտասարդական միությունները այս կերպ են աշխատում Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու, այս ափերի վրա: Սա աշխատանքի նպատակ է` կենդանի պահել անցյալը, խուսափել որ դա միայն ավանդույթ դառնա եւ կառուցել մի նոր ու փայլուն ապագա:

Բեատրիս Արսլանյան

hetq.am

Բեատրիս

Բեատրիս Արսլանյան

Scroll Up