Եվրոպայի սահմաններին աննախադեպ թվով փախստականներ են կուտակվել

Օրվա կադր.  սիրիացի տղան՝ փոքրիկ եղբորը գրկած, անցնում է Հունաստանի եւ Մակեդոնիայի սահմանը…

Photo: UNHCR/A. McConnell

Եվրոպական երկրները մեծ խնդիրներ ունեն կապված փախստականների աննախադեպ հոսքի հետ:  Միգրացիոն   ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինից հետո: Ապօրինի   ներգաղթյալների  քանակը  Եվրոպայում  տարբեր  գնահատականներով  արդեն իսկ 5-7  միլիոնի  է  հասնում:  Ապօրինի  միգրանտների  հիմնական  հոսքն  ընդունում  են  Ֆրանսիան,  Գերմանիան,   Իտալիան,   Իսպանիան:

Արտաքին սահմանների անվտանգության գծով ԵՄ Frontex գործակալությունը հայտնել է, որ 2015-ին Եվրամիության սահմանները հատել է 340 հազար միգրանտ, այն դեպքում, երբ 2014-ի ամբողջ ընթացքում նրանց թիվը եղել է 280 հազար:

Գերմանիայի իշխանությունները մինչև տարեվերջ մոտ 800 հազար փախստականի ներհոսք են ակնկալում, ինչը 4 անգամ գերազանցում է 2014-ի ցուցանիշը: Նրանց  հիմնական մասը Սիրիայից են և Աֆղանստանից եւ հիմնականում  նրանք ժամանում են Թուրքիայի և Հունաստանի տարածքով:

Ներգաղթյալների աճող թվից տուժում են նաև հունական կղզիները։ Այնտեղ, ի տարբերություն Գերմանիայի, չկան միջոցներ նրանց այլ երկրներ ուղարկելու համար։ Այսօր ամենաշատ փախստականները Կոս և Լերոս կղզիներում են: ։

Հերթական երկիրը, որի միջով փախստականները հայտնվում են Եվրոպայում, դարձել է Մակեդոնիան։ Մակեդոնիա հասնելու համար երկար ամիսներ ճանապարհորդելով՝ ներգաղթյալները տեղափոխվում են Սերբիա, այնուհետև հատում են Հունգարիայի հետ սահմանը։

Օգոստոսի   20-ին  Մակեդոնիայի   կառավարությունն   արտակարգ  իրավիճակ  հայտարարեց   Հունաստանի   հետ  սահմանին  և  լրացուցիչ  զինվորական  ստորաբաժանումներ   տեղակայեց   այնտեղ`   կանխելու   համար  ապօրինի  ներգաղթյալների   մուտքը   երկիր: միայն ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցության շնորհիվ հաջողվեց փոքր ինչ մեղմել իրավիճակը՝ օգնություն ցուցաբերելով փախստականներին, որոնց թվում շատ երեխաներ կային:

Մակեդոնիան այդքան ռեսուրս չունի, որպեսզի ընդունի բոլոր փախստականներին, կուտակված հունա-մակեդոնյան սահմանին: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է երկրի ԱԳՆ ղեկավար Նիկոլա Պոպոսկին:

– Վերջին մի քանի օրում կտրուկ աճել է փախստականների թիվը, խոսքը գնում է 3-3.5 հազար մարդու մասին օրական, – նշել է նախարարը, հիշեցնելով, որ Մակեդոնիայում մոտ երկու միլիոն մարդ է բնակվում, այդ իսկ պատճառով երկիրն ի վիճակի չէ այդքան մարդ ընդունել:

Ավելի վաղ Amnesty International ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել էր, որ սահմանին փախստականների հետ վարվել են ինչպես զանգվածային ցույցերի մասնակիցների հետ:

Միջազգային գործակալությունները հայտնում են  նաեւ եվրոպական տարբեր երկրներում  ներգաղթյալների ընդվզումների ու անկարգություների  մասին:

Օգոստոսի  20-ին  մոտ  50  փախստական  գրոհել  է  ոստիկանների  վրա   Գերմանիայի  Թյուրինգիայի  դաշնային   շրջանում,   բախման   հետևանքով   13 մարդ   վիրավորվել   է:   Ըստ   Էրֆուրտ   քաղաքի   ոստիկանության   ներկայացուցիչների,   անկարգությունները   սկսվել   են   օգոստոսի  19-ի  երեկոյան  Զուլ  քաղաքի  փախստականների  համար  նախատեսված   ապաստարանում,  երբ  միգրանտներից   մեկը  սկսել  է   պատռել  Ղուրանի  էջերը`   ագրեսիա   հրահրելով  այլ    20   փախստականների   մոտ:  Ավելի  ուշ  նրանց  է  միացել   ևս  30   փախստական:

ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի  ներգաղթյալների  աննախադեպ հոսքը Եվրոպա:

Մինչդեռ ՄԱԿ-ի միգրանտների գծով հատուկ զեկուցող Ֆրանսուա Կրեպոն երեկ   հայտարարել է, որ Եվրոպան պետք է վերանայի իր վերաբերմունքը  փախստականների նկատմամբ եւ նոր մոտեցումներ կիրառի միգրացիայի հարցում: Նրա խոսքով, մարդիկ փախչում են պատերազմներից եւ բռնությունից, նրանք աջակցության եւ պաշտպանության կարիք ունեն: Դրա փոխարեն ապօրինի միգրանտներին Եվրոպայում որպես հանցագործ կամ ձրիակեր  են դիտարկում: Մինչդեռ խոսքը գնում է  երեխաների մասին, ովքեր ծանր ապրումների միջով են անցել:

«Իրենք բոլորն էլ,մեր նման մարդիկ են, ու մենք  բարոյական իրավունք չունենք նրանց դատելու, քանի որ հայտնելով իրենց տեղում շատ հնարավոր է նույն կերպ մեզ կպահեինք», – ասաց նա:

womennet.am

Scroll Up