«Եթե Սիրիայում իրավիճակը խաղաղվի, ես չեմ վերադառնա, կմնամ այստեղ ու կշարունակեմ գործս»

Սիրիայի Հալեպ քաղաքից 3 տարի առաջ առանց գումարի ընտանիքի հետ մեծ դժվարությամբ Երևան հասած 47-ամյա Հովհաննես Աշջյանն այսօր հպարտությամբ է խոսում այն մասին, թե ինչպես է իր արհեստի` ոսկերչության շնորհիվ ոտքի կանգնել Հայաստանում եւ այժմ կարողանում է արժանավայել պահել իր ընտանիքը։

NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննեսը նշեց, որ ինքն ամեն օր Աստծուն շնորհակալություն է հայտնում իրեն տված շնորհքի համար:

«Երբ նոր էի եկել Երևան, մի քանի ամիս մատուցող էի աշխատում, քանի որ Հալեպից առանց գումարի էինք եկել այստեղ, այնուհետև կարողացա մի քիչ փող հավաքել և անհրաժեշտ գործիքներն առնել` ոսկերչությամբ զբաղվելու համար: Ես արդեն ունեմ իմ հաճախորդները, նրանք ինձ մոտ իրենց նախընտրած զարդերն են պատվիրում և շատ են հավանում իմ աշխատանքը: Այստեղ վարձով եմ ապրում, կինս էլ է աշխատում և օգնում ինձ»,-ասաց նա:

Հովհաննես Աշջյանը Հալեպում իր կնոջ և դստեր հետ բարեկեցիկ կյանքով ապրել է իր սեփական տանը, ունեցել է զարդերի խանութ, արհեստանոց, որտեղ անցկացրել է օրվա մեծ մասն ու իր հմտություններն է սովորեցրել 25 աշակերտներին: Այսօր Հովհաննեսը կարոտով է հիշում Հալեպում թողած իր տունն ու արհեստանոցը, որոնք արդեն չկան` քանդվել են ռմբակոծություններից:

«Պատերազմը բոլորիս համար անակնկալ էր, քանի որ բավական երկար ժամանակ խաղաղ ու հզոր պետության մեջ էինք ապրում: Երբ պատերազմը նոր էր սկսվել, Հալեպից 500 կմ հեռու էր, և մտածում էինք, որ չի հասնի Հալեպ: Բայց հասավ մեր փողոց ու մեր տուն: Ամեն օր տեսնում էինք, թե ինչպես են ռմբակոծվում մեր հարևանների տներն ու ինչպես էին զոհվում մարդիկ, ի վերջո, նույնը կատարվեց նաև մեր տան հետ. մի օր այն պայթեցրին»,-պատմեց նա:

Տունը կորցնելուց հետո Հովհաննեսն իր կնոջ ու դստեր հետ 6 ամիս ապրել է կնոջ հայրական տանը: Հալեպում  իրավիճակը գնալով սրվել է, և Հովհաննեսն իր ընտանիքով որոշել է տեղափոխվել Հայաստան: Նա մինչև հիմա մեծ սարսափով է հիշում տնից օդանավակայան տանող ճանապարհը: Երեսուն րոպե տևող ճանապարհը նրանք անցել են 3 ժամում` մի կերպ շրջանցելով զինյալներին, պայթյուններն ու ավերածությունները:

«Մենք եկանք Հայաստան, և մեկ շաբաթ անց Հալեպի օդանավակայանը փակեցին: Եղբայրս մինչև հիմա Հալեպում է, նա չի էլ ուզում գալ այստեղ, չի կարողանում լքել այն, ինչ ունի»,-պատմեց Հովհաննեսը:

Հովհաննես Աշջյանը կարծում է, որ մյուս սիրիահայերն էլ պետք է փորձեն աշխատել և հարմարվել Հայաստանի պայմաններին, քանի որ սա այլ երկիր է, ունի իր օրենքներն ու շատ է տարբերվում Սիրիայից:

«Այստեղ այնքանով է լավ, որ մեր հայրենիքն է, բոլորը հայերեն են խոսում ու  Սիրիայի պատերազմը պատճառ էր, որ սիրիահայերը վերադառնան հայրենիք: Մեր երկիրն ընդամենը 22 տարեկան է, այն դեռ երեխա, է և ոչ ոք իրավունք չունի ինչ-որ բան պահանջելու` առանց որևիցե բան անելու, պետք է բոլորս միասին աշխատենք ու զարգացնենք այն: Եթե Սիրիայում իրավիճակը խաղաղվի, ես չեմ վերադառնա, կմնամ այստեղ ու կշարունակեմ գործս»,-ասաց Հովհաննեսը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի եւ Մելինե Տոնոյանի

Scroll Up