Մի բուռ Հայաստան՝ լիբանանյան բարկ արևի տակ

Հուլիսյան մի օր, երբ օրեր անց պատրաստվում էի մեկնել Ջենովա՝ Պոեզիայի միջազգային փառատոնի, Համազգային հայ կրթական և մշակութային հայաստանյան միության նախագահ Լիլիթ Գալստյանն անակնկալ զանգեց-ասաց, որ Բեյրութում անցկացվելիք Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոնի» շնորհանդեսին որպես թարգմանչի հրավիրում են նաև ինձ,և այդ պահին մտովի գծեցի միջերկրածովյան իմ ամառային պտույտը՝ Տիրոջ կենդանակերպ պատկերի լույսի ներքո. Ջենովայում, Ս. Բարդուղիմեոս հայկական եկեղեցում պիտի տեսնեի Դաստառակը, որի շուրջ հյուսված է Վահան Հովհաննիսյանի պեպի պատումը, ևԲեյրութում պիտի պատիվ ունենայի խոսելու թե վեպի, թե բուն Դաստառակի մասին…. Ամենքից առաջ շնորհակալ էի սիրելի, սիրելի Ալվարդ Պետրոսյանին. առաջինը հենց նա էր տեսել, որ գիրքը ես պիտի թարգմանեմ: …Շնորհակալ էի Աստծուն, որովհետև Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին՝ անցյալ տարի, երբ կայացավ նաև Վահան Հովհաննիսյանի ՙՄանդիլիոնի՚ շնորհանդեսը, և ես իրականում վերջին անգամ էի տեսնում իրեն, հույս հայտնեցի, որ իր ընկերները անպայման դեռ կկազմակերպեն գրքի շնորհանդեսը . միջազգային ցուցահանդեսի շրջանակը նեղ էր բովանդակային քննարկումների ու գնահատականների համար, այն բոլորովին այլ նպատակ ուներ: Մի խոսքով, փառք տվեցի Աստծուն, որ ՙհին ընկերները չեն դավաճանում՚: Ի դեպ, Բեյրութում ես հավելում էի՝ «նորերը՝ նույնպես»: Բախտը ժպտաց նաև ուղեկցիս հարցում՝ ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանը՝ զարմանալի բարի և գրքի ու գրի մարդ, նաև հանդուրժող… գոնե իմ՝ ոչ-դաշնակացկանիս ՝ այդպես էլ ոչ մի կուսակցության մեջ չտեղավորված աջ ու ձախ ՙ թարս՚ հայացքների հանդեպ, եղբայրաբար կիսեց ինձ հետ բեյրության փորձառությունները՝ իր սիրելի ընկերներին և սիրելի ամենայնը անպայման լավ լույսի ներքո ներկայացնելու սիրուն և պտղաբեր ջանքով: Օդանավում Արտաշեսը գորովանքով պահպանում էր հայկական արևահամ-արևաժպիտ ծիրանով լեցուն կողովը, թերևս, կանխավայելելով, թե ինչ կարոտով են դրանք վայելելու նրանք, ում նշխարի պես բաժին կհասնեն: Իսկ ես ակամա զբաղված էի Լիբանանի մասին հանրահայտ փաստերի իմ ամբողջ իմացությունն ի մի բերելով՝ հատկապես հայ համայնքի մասով: Թաքուն հույս ունեի, որ կկարողանանք հանդիպում խնդրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամն 1–ից, լինել Այնճարում, Բիբլոսում… Բեյրութը մեզ դիմավորեց ավելի քան ջերմ՝ բարկ օդը այլևս չլքեց մինչև վերադարձին օդանավ նստելը: Իսկ Շահան Կանդահարյանի և Հակոբ Հավաթյանի ընդունելությունը կանխորոշեց նորածնունդ ընկերություն, որ պետք է շարունակություն ունենա: Տղաները բառացիորեն ամեն ինչ արեցին, որ Բեյրութը հարազատ դառնա: Եվ դարձավ… Սկզբից ևեթ գիտեի, որ օրացուցային-ժամացուցային կարգով չեմ արձանագրելու բեյրության իմ տպավորությունները, այլ գրառելու եմ հոգուս և սրտիս մեջ դաջված պատկերները միայն, որովհետև Բեյրութը տեղով զգայական ցնցում է՝ հակասական ու խորաշերտ, պարզապես բարկ՝ իր միջերկրածովյան մթնոլորտի, փյունիկյան կնիքը կրող իր հինավուրց և նորագույն պատմության, աշխարհաքաղաքական դիրքի, ներքաղաքական և ներքին վիճակի բերումով, նաև բազմազգ-բազմամշակութային-բազմակրոն իրողությունների հետևանքով: Կանգ առանք Բուրջ Համուդում գտնվող «Համազգային» մշակութային միությունում. այս շենքում են տեղավորված են կարևոր այլ կառույցներ ևս՝ ՙԱզդակը՚, ՙՎանա ձայնը՚, ՙԲագինը՚, պատկերասրահը, գրախանութը… Ապահովության նպատակով շենքը մշտապես հսկվում է հայազգի ոստիկանի կողնից: Ուրախ էի մոտիկից տեսնել ֆեյսբուքյան ընկերոջս՝ Հովիկ Բելյանին: Ափսոս, ՙԲագինը՚ մեր այցելության ժամերին բաց չգտանք. հուսանք՝ հաջորդ անգամ… Առաջին խոսակցությունները, բնականաբար, Հայ կաթողիկե համայնքի՝ հոգին ավանդած Պատրիարք Ներսէս Պետրոս ԺԹ-ի շուրջ էին՝ վաստակի, դերի և այն բանի շուրջ, թե Հայաստանից ու Վատիկանից ովքեր են ժամանել հուղարկավորությանը: Թռուցիկ զրույցների առաջին վայրկյաններից տպավորություն ունեի, թե ամենքն էլ ինձանից պակաս հայաստանաբնակ չեն՝ այդքան տեղյակ են , այդքան ապրում են Մայր Հայրենիքով: Եվ Շահանի հայացքի մեջ տեսա Արարատի պատկերը:

ԱՐԵՎԻՆ ԴԵՄ ՀԱՆԴԻՄԱՆ. ԱՐԱՄ 1 –ին

Սխալմամբ կարծում էի, թե Անթիլիասը Բեյրութի կենտոնում է, իրականում այն գտնվում է արվարձանում՝ Բեյրութից մոտ 5 կմ հեռավորության վրա, Միջերկրականի ծովի և բնակեցված է հիմանականում քրիստոնյաներով՝ հայեր, մարոնիտներ, հունադավաններ: Անթիլիասում է տեղակայված Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը։ Անունը շատ բանաստեղծական ստուգաբանություն ունի՝ «արևին հանդիման»։ Խոստովանեմ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն Արամ 1–ինի հետ տեսնվելու հույսը փայփայել եմ 2001 թվականից, երբ պատեհություն ունեցա մասնակցելու Հոբսոն ամուսինների կողմից՝ Հայաստանում քրիստոնեության 1700- ամյակին նվիրված փարիզյան կոնֆերանսին և հենց այնտեղ էլ ծանոթացա ՙՀանդիպման վայրը՚ գրքի բրիտանացի հեղինակին՝ Ֆիլիպ Մարսդընին: Փարիզում հասցրել էի ընդամենը թերթել գիրքը, և արդեն նախաբանից հեղինակի հիացմունքը Արամ 1–ինի կերպարով փոխանցվել էր ինձ: Հետո՝ տարիների հոլովույթում, ամրապնդվեց համոզմունքս, որ Հայոց ամենապատվելի կաթողիկոսների շարքում իր պատկառելի տեղն ունի փիլիսոփա, աստվածաբան և մանավանդ համահայկական հայացք ունեցող Արամ 1–ինը: Անթիլիասում մեր զրույցը ամեն բանի շուրջ էր՝ Ցեղասպանության հարյուրամյակին մեր ունեցած արդյունքների, Սսի կաթողիկոսանի հարցով դատական հայցից մինչև ՙէլեկտրիկ Երևան՚ շարժում: Մարդկային և ինտելեկտուալ հզոր հմայքի, խիզախ մտածողի, բացառիկ պետական մտածողության տեր մարդու հետ շփվելիս ազնվանալու զգացողություն ունեցա. երջանիկ եմ, որ գրքերից նվիրեց, և Երևան հասնելուն պես կարդացով՝ համոզվեցի, որ Արամ 1–ինը Շնորհալու տեսակի կաթողիկոս է՝ Բառի ու Բանի տիրույթում իր արքայավայել ներկայությամբ, փիլիսոփա-աստվածաբանի իր խոհականությամբ: Ի դեպ, նախքան հանդիպումը հասցրեցինք ներկա լինել կաթողիկոսի փաստաբանների սկսված ասուլիսին՝ ներկայացնում էին հայցի ընթացքը, փաստարկները և հեռանկարները: Թող աստվածանարգ չհնչի, բայց ես տեսա, որ 20 տարի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1–ինը կարող էր լինել անգերազանց պետական գործիչ՝ այսօր Հայաստանին այնքան պակասող իր տեսակով՝ հուզականի և իմացականի իր ապշեցուցիչ ներդաշնակությամբ, իր վճռական կամքով, համահայկական տագնապներով ու խանդաղատանքով: Անթիլիասը հայկականության բարձրաճաշակ մի օազիս էր՝ ոչ միայն քրիստոնեության և դպրության տաճար, ոչ միայն մեր սրբազան մասունքների շքեղաշուք թանգարան, այլև պետության նման նեցուկ, ընդհանրապես՝ Հավատ, Հույս և Սեր: Անթիլիասյան տպավորությունը ամբողջացավ ուխտագնացությամբ դեպի Անթիլիասից կես ժամ հեռավորության վրա գտնվող հայկականության ևս մի փառահեղ օազիս՝ Բիքֆայա քաղաքի գեղադիր մի բարձունքի վրա հառնած Կիլիկիայի կաթողիկոսության դպրեվանք, որի տարածքում է խոյանում Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի առթիվ կառուցված հուշարձանը, ինչպես նաև հայության ամենասրբազան խորհրդանշանները, այնքան, որ ոտք դնելով՝ քեզ լիովինՀայաստանում ես զգում։

ՃԵՄԱՐԱՆ. ՄԵԾԵՐԻ ԱՊՐԵՑՆՈՂ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Այն, ինչ տեսա Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանում, կդժվարանամ նկարագրել անկորուստ՝ ճեմարանն ավելին է, քան սոսկ կրթական հաստատությունը, այն հայագիտական՝ պատկառանքի արժանի խոշոր կենտրոն է: Լիբանանում այսօր գործում են 26 հայկական դպրոցներ՝ շուրջ 8 հազար աշակերտներով, և ճեմարանը իրավամբ առաջատարն է այդ շարքում: 2001-ից ճեմարանի գործադիր տնօրեն Տիգրան Ճինպաշյանը իմ և Արտաշես Շահբազյանի հետ շրջում է ճեմարանով՝ ներկայացնելով կրթօջախի փառավոր պատմությունը: ՀՄՄ սեփականությունը հանդիսացող ճեմարանը հիմնվել է 1930-ին՝ որպես միջնակարգ վարժարան՝ «Հայ ճեմարան», իսկ երբ լսում եմ հիմնադիրների անունները՝ Լևոն Շանթ և Նիկոլ Աղբալյան, հազիվ եմ զսպում հիացմախառն հուզմունքս: Գործելով տարբեր շենքերում, 1988-ին վերջապես օժտվել է նորակառույց՝ Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան համալիրով, որտեղ բացվել է Նորսիկյան (նախապես՝ ՀՕՄ) մանկապարտեզը, իսկ Նշան Փալանճյան ճեմարանն աստիճանաբար փակվել է։ ճեմարանի «Հրաչ Դարբինյան» գրադարանն ունի ավելի քան 35 հազար հատոր գիրք և հարուստ արխիվային հավաքածու։ Հենց միայն տնօրենների անունները պատկառանք են ազդում՝ Լևոն Շանթ (1930-51), Սիմոն Վրացյան (1952-1969), Հրաչ Տասնապետյան (1969-1999) և այժմ՝ Տիգրան Ճինպաշյան: Գրքերի և մեծահարուստ արխիվի աշխարհը տնօրինում է Երվանդ Փամբուկյանը: Խորագիտակ հայագետը, չնայած 82-ամյա հասակին՝ մի քանի երիտասարդի եռանդով շարունակում է իր առաքելությունը՝ բացի հայոց պատմության և հայագիտության վերաբերյալ շուրջ երեք տասնյակ իր կազմած և խմբագրած գրքերը՝ վեր է հանում ՀՅԴ արխիվները, որոնք հատորների շարքով հրատարակում է Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչությունը «Նյութեր Հ. Յ. Դաշնակցության պատմության համար» խորագրով: Մեգրեի իր սիգարով և խորհրդավոր ժպիտով մարդը հաճույքով ծանոթացնում էր իր գանձարանի նմուշներին՝ ձեռագրեր, մասունքներ: Հյուրընկալ տանտերերը այնքան բարի գտնվեցին, որ թույլ տվեցին լուսանկարվել՝ Նիկողայոս Ադոնցի գրիչը ձեռքիս: Ապշած հայացքիս ներքո ընկեր Փամբուկյանը բացահայտում էր հայտնի ազգային գործիչների ծածկանունները և հետաքրքիր դրվագներ նրանց մարդկային ու քաղաքական կյանքից՝ Ռոստոմի, Նժդեհի, Նիկոլ Աղբալյանի, Ավետիք Իսահակյանի, Սևաքարեցի Սաքոյի, Անդրանիկի, Արմեն Գարոյի, Արամ Մանուկյանի, Գևորգ Չաուշի … Տնօրեն Տիգրան Ճինպաշեանը առանց զլանալու պատմեց, որ դպրոցում գործում են հայկական, լիբանանյան և ֆրանսական կրթական ծրագրեր: Անցյալ տարի, ճեմարանի հոբելյանական հանդիսությանը ասված Արամ 1-ին կաթողիկոսի բառերի հավաստումը՝ ՙՎստահ եմ, որ ազատ, անկախ Հայաստանի ոգիին ու տեսիլքին հաւատարիմ, ինչպէս անցեալին, այսօր եւս, նոյն յանձնառութեամբ Ճեմարանը պիտի շարունակէ իր առաքելութիւնը», ես տեսա տնօրենի ոգևորության և իր գործին փարված լինելու մեջ: Ճեմարանի ամեն քարին ու գրքին, սովորողներին ու աշխատակիցներին ուղղված հայացքի մեջ: Պարզապես պետք է տեսնել, թե նա ինչ գորովանքով էր ցույց տալիս հարյուրամյա և ավելի հին հայ մամուլի բնօրինակ նմուշների հազվագյուտ հավաքածուները: Եվ ինչ հուզմունքով ասաց, որ իրենց գրադարանի աշխատակցուհին Շուշիում նահատակված Վիգեն Զաքարյանի քույրն է:

ԱՅՆՃԱՐ. ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱԽՏԸ՝ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԳԵՀԵՆԻ ՇՈՒՆՉԸ

Սուղ օրերի մեջ, բնականաբար, անկարելի էր տեսնել լիբանանահայության ներկան ամբողջությամբ, թեև շատ կուզեի թափառել Բեյրութի Բուրջ Համուդ և Հաճն թաղամասերում, լինել Լեռնալիբանանի բոլոր վայրերում, ուր հայեր կան, և սառը ջրի ու սուրճի գավաթի շուրջ զրուցել նրանց հետ, հասկանալ նրանց հույսերն ու տագնապները: Կա տեսակետ, թե մինչև քաղաքացիական պատերազմը՝ 1970-ականի կեսերը, հայերի թիվը կազմել է մոտ 250-300 հազար, իսկ այժմ՝ շուրջ 140-150 հազար, բայց ավելի քաջատեղյակների պնդմամբ՝ մարդահամարների վրա չհենվող այդ թվերը ստույգ չեն, և իրականում հայ համայնքը ավելի մեծաթիվ է: Ինչևէ, մեզ վիճակվեց լինել միայն Այնճարում… Այնճարը Բեյրութից մոտ 50 կմ հեռավորության վրա է գտնվում, և երբ բավականին գնացել էինք, հերթական անգամ հարցրեցի՝ ե՞րբ կհասնենք, մեր սիրելի վարորդ Ափոն ասաց՝ քանի մը երկվայրկյանեն/ արևելահայերենի փոխադրած՝ րոպեներից/, մի բնակավայր մտնելիս անհամբեր հարցրեցի՝ Այնճա՞րն է, վիրավորված շրջվեց. – Իիիիիիիի՞նչ, ինչպե՞ս կրնա աս փնթի գյուղը Այնճարը ըլլալ: Քիչ անց, երբ երևաց Այնճարը, հասկացա վրդովմունքը: 2400 բնակչություն ունեցող քաղաքը հեռվից պատկերանում էր որպես կանաչ դրախտ, քանի մոտենում էինք՝ լցվում էր խելագարեցնող հուսահատությամբ և հպարտությամբ. մենք ոտք դրեցինք հայկական պետականության զարմանալի մի կղզյակի վրա, արևմտյան քաղաքաշինության բոլոր օրենքներով հորինված և կառուցված մի բնակավայր, որտեղ գեղեցիկն ու օգտակարը համատեղ էին, իսկ երբ դպրոցում, տնօրեն Արմեն Թաշչյանի հետ զրուցելիս, պարզեցի համայնքային կառավարման մանրամասնները, ինքս ինձ հարցնում ու չէի գտնում պատասխանը, թե ինչո՞ւ մենք չենք կարող ամբողջ Հայաստանը այսպես կառավարել՝ բոլորը մեկի, մեկը բոլորի համար, ինչո՞ւ է մեզ լքում համապետական տեսլականը մեր մայր հողի վրա: Ինչո՞ւ մենք հաջողում ենք ամեն ինչում՝ բացի մեր երազած պետությունը ստեղծելուց: Քաղաքը հիմնադրվել է 1939թ. մուսալեռցիների կողմից: Մուսա լեռան անփարատելի կարոտով էլ «Նոր Մուսալեռը» բաժանել են 6 թաղամասի՝ ըստ Մուսա լեռան հայկական գյուղերի՝ Քեպուսիկ, Յողուն-Օլուկ, Պիթիաս, Վաքըֆ, Խըտըրպէյ, Հաճ Հապիպի։ Այնճարի եկեղեցին վեհաշուք էր, բայց հայացքս գամվեց եկեղեցու բակում հարմարեցված կառույցին, որտեղ գովական հարիսայի կաթսաներն էին. ճիշտ ինչպես ամեն տարի հայաաստաբնակ մուսալեռցիներն են փայփայում հարիսայի ավանդույթը: Արմենից հետաքրքրվեցի, թե ինչ ազգանուններ կան. պարզվեց՝ կան Հաբեշյաններ և Կոշկարյաններ, Արարատի մարզի մեր Տափերական գյուղում նրանց ազգականները կան: Չափազանց մաքուր ու կոկիկ էր ամբողջ բնակավայրը՝ տները՝ կից պարտեզներով, բնորոշ հայկական բակերով, քաղաքապետարանը՝ դիմացի զբոսայգիով ու շատրվաններով, գլխավոր ծառուղին, խնամքոտ ձեռքերում գտնվող դպրոցը: Նաև գյուղի այգիներն ու բանջարանոցները: Քաղաքի կենտրոնում գտնվող պուրակ-արգելոցը: Մուսալեռցիները հպարտանում են քաղաքին մեծ համբավ բերած հայկական շքեղ ռեստորաններով և սիրում են ցույց տալ Այնճարի պատմական բերդը՝ Քալքիսը, որի ավերակների տակ պատսպարվել են իրենց վտարանդի, անտերունչ տատ ու պապերը՝ մինչ Այնճարը կառուցելը: Ավանդությունը պատմում է, որ Քալքիսը Մարկ Անտոնիոսն է նվիրել Կլեոպատրա թագուհուն, ապա այն փոխանցվել է Հերովդեսի թոռներին, ավելի ուշ՝ բերդը գրավել են Օմայատները, կառուցվել են պալատ, մզկիթ, դատարան, բաղնիք, հարեմ, կրպակներ: Երբ մտանք հնավայր, ես նախ հարազատ Անիում լինելու զգացողություն ունեցա. գուցե նախ և առաջ՝ գլխավոր պողոտայի, կիսաականգուն սյուների, խոյակների, կրպակաշարի, պալատի ավերակների շնորհիվ… Եվ թեև ասվում է, որ այն ավելի շատ արաբական կառույց է, մինչև վերջ չլքեց հունա-հռոմեական պատմությանը հաղորդվելու տպավորությունը: Անշարժ օդի մեջ ես որսացի ձայներ, աղմուկ ու Բաբելոնի լեզուներով սիրո ևատելության, կյանքի և մահվան բառեր, բայց մանավանդ զգացի Կլեոպատրայի և Անտոնիոսի սիրո գիշերների թափառիկ ու խելագար հուշերի հպվելն ինձ: Այնճարի ելքն ու մուտքը հսկում են լիբանանյան զինվորները: Փորձեցի լուսանկարել՝ բարկացած սաստեցին՝ չի կարելի: Հեռանալիս հայացքս բլուրներին էր. Այնճարի թիկունքին բլուրներն են, որոնցից անդին սահմանն է, և խիզախ չնայած այնճարցիները չասացին, բայց ես հասկացա, թե ինչու են, բանակը ներկայությամբ, նաև այնճարցի զգոն տղամարդիկ հերթապահում զօրուգիշեր: Այնճարցիներս, հարազատներս, արյունս ցավեց ձեր տագնապից… Տեր, հնարավոր դարձրու, որ աշխարհասփյուռ հայությունը վերադառնա Հայաստան և հայոց հողի վրա կերտի հայկական հրաշքը՝ ոչ միայն արվեստի, արհեստի ու գիտության մեջ տաղանդների փայլատակումով, այլև պետության: Որ գծված կլինի Ծովից ծովի տեսլականով: Եվ որին չի կարողանա մոտ գալ ոչ մի թրքական կամ թրքախնամ ՙԻսլամական պետության՚ ստվերը անգամ:

ՄԱՆԴԻԼԻՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հուլիսի 1 –ին ՙԱզդակ՚ օրաթերթի և Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ «Ազդակ»-ի «Փյունիկ» սրահում հրավիրված Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» և «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքերի շնորհահանդեսին մանրամասն չեմ անդրադանում, նկատի առնելով, որ բեյրության «Ազդակը» ընդարձակ լուսաբանել է , գումարած, որ ՙՎանա ձայն՚ ձայնասփյուռը նույնպես արդրադարձել է հանգամանալից: Միայն նկատեմ, որ ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Ազգային ժողովի պատգամավոր, ազգային գործիչ Վահան Հովհաննիսյանի հիշատակին ու գործին արժանի նախաձեռնություն էր . հատուկ շնորհակալություն Հակոբ Հավաթյանին և Շահան Կանդահարյանին: Բոլորին, ովքեր լումա ունեն այս նախաձեռնությունը կյանքի կոչելու մեջ: Ի վերջո, Վահան Հովհաննիսյանի մտահոգությունները այնքան անկեղծ ու օրախնդիր են, որ երբեք ավելորդ չէ նորից ու նորից արծարծելը և նրա տագնապների շուրջ միասին խորհրդածելը: Ժամանակը ցույց տվեց նաև, որ տեղին էր նա իր վեպով քրիստոնյա աշխարհին հիշեցնում, որ պետականորեն առաջինը մկրտված և ապա իր ազգային մարմնով ու կեցությամբ դարպաս դարձած, պատմության մեջ առաջինը ծրագրված սպանդի ենթարկված ազգի առջև առնվազն քրիստոնեական սիրո և ըմբռնումի պարտք ունի դեռ: Մեծ է գայթակղությունը վերապատմելու Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գիրքի խմբագիր Հարություն Հարությունյանի հուզիչ ու անմիջական խոսքը և ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանի բովանդակալից ու խորը անդրադարձը : Նաև գտնելու բառեր՝ արտահայտելու Վահան Հովհաննիսյանի հանդեպ դահլիճում ծով տված կարոտը…

ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԲԱՅՑ ԳՐԱԿԱՆ- ԱԶԳԱՅԻՆ ՇԵՂՈՒՄՈՎ

«Մեզ մոտ ասում են, որ Բեյրութը հայ Սփյուռքի մայրաքաղաքն է»՝ հարցազրույցներից մեկում ասել էր Շահան Կանդահարյանը: Իրոք, Բեյրութը Սփյուռքի մայրաքաղաք համարելու՝ լիբանանահայերի հավակնության մեջ կարևոր դեր ունի այն, որ այստեղ գործում են բարեգործական, մշակութային և մարզական կազմակերպությունները (ՀԸԲՄ, Համազգային, ԼՕԽ, ԹՄՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ, ՀԵԸ և այլն: Բայց նախ և առաջ՝ Բեյրութը մեր երկրորդ մայրաքաղաք է դարձնում փաստը, որ այն հայ երեք ավանդական կուսակցությունների կենտրոնատեղին է՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար-ազատական: Ցավոք, անկարելի էր մեկ-երկու օրում քաղաքական կտրվածքով ճանաչել բեյրութահայությանը, հատկապես եմ ափսոսում, որ իմ վաղեմի բարեկամ, հարգարժան Արամ Սեփեթջյանն էր այդ օրերին մեկնել ամերիկյան շրջագայության. վստահաբար նրա հայացքի օգնությամբ Բեյրութը պիտի ավելի լայն ու իրատեսական երևար: Լիբանանում հայ մամուլն ունի հարուստ անցյալ և հուսադրող ներկա: Ի մոտո ծանոթ եմ գրական պարբերականներին՝ «Բագինին» և «Կամարին», գիտեմ «Զարթոնք» և «Արարատ» թերթերը: Շատ տպավորված եմ «Ազդակի» ճաշակով և գրագիտությամբ, ամենևին պատահական չէ , որ իր ամենամեծ տպաքանակով օրաթերթը արդարացիորեն հռչակվել է Սփյուռքի լավագույն լրատվամիջոց: Բեյրության նախավերջին երեկոն անցկացրեցինք ծովափնյա մի խորտկարանում, ուր վայելեցինք աշխարհի բոլոր ծովային բարիքները՝ սեղանակիցների հիշողությունների և սրախոսությունների, պարզապես հաճելի ընկերակցությամբ: Լիբանանյան խոհանոցի համուհոտի գիտակ տիկին Սոսեն խոստացավ երևանյան իրենց տուն գալուն պես զանգահարել և սովորեցնել գաղտնիքները: Հիշեցինք ու հիշատակեցինք արցախյան ազատամարտին մասնակցած մյուս բեյրութաբնակ հայերին … Իսկ վերջին երեկոն անցկացրեցինք «Հրայր Մարուխյան» կոմիտեում, ուր Արտաշեսը իր հին ընկերների հետ զրույցի բռնվեց, իսկ ես հանդիպեցի հարազատ հոգու՝ հրաշալի բանաստեղծ, հայացքը առմիշտ մայր Հայաստանին հառած Սարգիս Կիրակոսյանին, և մեր զրույցը գրական թեքումով ընթացավ(ցավոք, մեր գալուց օրեր անց , մաքառելով ծանր հիվանդության դեմ, նա հոգին ավանդեց, և վիճակված չէր հանդիպել Երևանում՝ սեպտեմբերին պիտի գամ, ասում էր ): Երբ հարցրեցի տղամարդկանցից մեկի անունը, ասաց՝ Հակոբ, ու ես նկատեցի, որ արդեն չգիտեմ՝ որերորդ Հակոբն է: «Մենք բոլորս ալ Հակոբ ենք,ասաց, կարող ես հանգիստ բոլորին Հակոբ ասել»: Գիշերը վաղուց կիսվել էր, երբ վեր կացանք, և իմ սիրտը ցավում էր տարբեր տարիքի, սոցիալական տարբեր կարգավիճակների հասած իմ հայրենակիցների համար. նրանք շատ բան ունեն, նրանցից յուրաքանչյուրը յուրովի ստեղծել է իր երջանկությունը, իր տաք օջախը, բայց միևնույն է՝ նրանք ապրում են՝ առանց ոտքի տակ Հայոց հողը զգալու: Ինքնաբավ , կայացած մի ընկերոջ հարցրեցի՝ արդյո՞ք երբ, ի՞նչ պարագայում է հնարավոր, որ բոլորը գան Հայաստան: «Եթե վստահ լինեն, որ կկարողանան իրենց ընտանիքները պահել, իրենց գործը անել….՝ պատասխանեց: Ես հասկացա նրանց կարոտները, նրանց՝ լաց լինելու չափ հարազատ իմ ՙ Հակոբների՚ երազները, խնդիրները, հույսերը. այդպես պիտի մտապահեմ Միջերկրականի կեզ ափերին երկրորդ հայրենիք գտած տխուր և ուրախ, տաղանդավոր և տարօրինակ հայերին: Հ․Գ․ Վերջին անգամ կարդալով՝ նկատեցի, թե ինչքան բան է դուրս մնացել բեյրության իմ զգացողություններից՝ վաղ առավոտյան հյուրանոցի պատշգամբում լսվող մեքենաների գվվոցից, ծովից հասնող տաք գրգանքներից, արմավենիների ու ձիթենիների ժպիտներից, Բուրջ Համուդի նեղլիկ փողոցների գունագեղ-բազմաբույր պատկերներից և հայ վաճառականների խոսքուզրույցից: Բեյութից Երևան վերադարձին, օդանավի մեջ, գրկած բերված մայրիի մատղաշ տնկիի՝ շուտով մեծն Հրանտ Մաթևոսյանի հիշատակի պուրակում հաստատվելու անհամբերությունից… Գուցե Տիրոջ կամքով Բեյրութը հաջորդ անգամ գտնեմ իմ բարեմաղթած խաղաղության մեջ: Գուցե, որովհետև ես Բեյրութին ՙմնաս բարով՚ չասացի, այլ՝ ցտեսություն…

01 03 04 05

Կարինե Աշուղյան

hraparak.am

Scroll Up