Մյունխենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի է ունեցել

Մայիսի 9-ին, Գերմանիայի Մյունխեն քաղաքում Մյունխենի հայ համայնքի, Տեր Այգիկ քահանա Հովհաննիսյանի, Բավարիայի Հայ հայրենակցական միության տնօրեն Անի Չաքրի և Գերմանիայում հայկական հարցերի հաստատության տնօրեն Ալիս Մարուխյանի նախաձեռնությամբ իրականացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկո, հաղորդում է ArmNews-ը:
Ներկաների թիվը գերազանցում էր երկու հարյուրը: Պատվավոր հյուրերի թվում էր Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնակատար Աշոտ Սմբատյանը: Վերջինս իր ելույթի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության պատմական փաստերից՝ ներկայացնելով պատմության ողջ իրողությունը, որից հետո ներկաներին ծանոթացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում դիվանագիտական հարցերի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Երեկոյին ներկա է եղել նաև գերմանացի գրող, բանաստեղծ, հրապարակախոս, մարդու իրավունքների պաշտպան, Հայոց ցեղասպանության ականատես և լուսանկարիչ Արմին Տ. Վեգների որդին՝ Միխաել Վեգները, որն էլ իր ելույթում նախ մեջբերել է հայրիկի հիշողություններից մի շարք փաստեր, ապա հայտնել է, որ ցավում է անմեղ զոհերի և որոշ երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու փաստի համար:
Ներկա է եղել նաև «Հայուհի» գրքի հեղինակ Թոմաս Հարդթինը, ով իր խորին ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին և կիսել է Հայոց վիշտը: Հյուրերի թվում էին Գերմանիայում Ասորիների համայնքի նախագահն ու համայնքի այլ անդամներ: Վազրիկ Բասիլը հնչեցրել է խոսք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
Հյուրերին ներկայացվել է Արևմտյան Հայաստանում ծնված և Ցեղասպանությունը վերապրած հայտնի հայերի կենսագրությունն ու նրանց հիշողություններից մի շարք անհերքելի փաստեր: Ծրագրում ներառված է եղել Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից, դաշնակահար՝ Դիանա Բաղդասարյանի կատարմամբ:
Երեկոյի ընթացքում Մյունխենի հայ համայնքի «Կոմիտաս» երգչախմբի մասնակցությամբ, որի գեղարվեստական ղեկավարն է Էդուարդ Մունցյանը, հնչել են «Ադանայի ողբը» և «Եկեղեցի Հայկական» երգերը, լսվել է Մյունխենի հայ հայրենակցական միության «Շողեր» երգչախմբի աղջիկների հիասքանչ ձայնը, որի գեղարվեստական ղեկավարն է Արմինե ԲաբայանըԼ: Ժողովրդաական երգերի փայլուն կատարող Ժաննա Հովհաննիսյանը կատարել է «Դլե յաման» ստեղծագործությունը, ասմունքող Աղավնի Բարսեղյանը՝ «Նամակ թրքուհուն» բանաստեղծությունը:
Ծրագիրն ավարտվել է Մյունխենի հայ հայրենակցական միության «Անուշ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Անուշ Չախալյանի բեմադրությամբ. պարային համույթն իր փոքրիկ և ազդեցիկ կատարումով հյուրերին ներկայացրել է Հայոց վիշտը, իսկ վարագույրը փակվել է «ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ» խոսքերից հետո:
Այս փայլուն բեմադրությունը արժանացել է հյուրերի հիացմունքին, հուզել հայ և օտար հանդիսատեսին: Երեկոն ավարտվել է հյուրերին մատուցված հյուրասիրությամբ՝ Հհայկական կերակրատեսակներով և քաղցրահամ գինիով: