Երևանի քաղաքապետն այցելել է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցի

Պաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում գտվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակություննայցելել է Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է 2011թ.-ին օծված եկեղեցու պատմությունը:

Հայ համայնքի գործուն աջակցության շնորհիվ Հայ առաքելական եկեղեցու ճարտարապետական ոճով կառուցված եկեղեցին, Տեր Խոսրով քահանայի հավաստմամբ, եկեղեցական արարողությունների և պատարագների ժամանակ մշտապես մարդաշատ է:

Հաշվի առնելով, որ քաղաքապետի այցելության օրը համընկել էր Հայ առաքելական եկեղեցու մեռելոց հիշատակի օրվան, եկեղեցու հոգևոր հովիվը երևանյան պատվիրակության և Ռիգայի հայ համայնքի ներկայությամբ մատուցել է հանգստյան կարգ:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի Լատգալես շրջանի ղեկավար Դմիտրի Պավլովի և հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է նաև եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ նախատեսվում է կառուցել Երևանի պուրակ:

Ռիգայի քաղաքային իշխանության և հայ համայնքի ջանքերով կառուցվող պուրակը, Դմիտրի Պավլովի հավաստմամբ, կդառնա յուրօրինակ հանգստավայր ինչպես հայ համայնքի, այնպես էլ Ռիգայի բոլոր բնակիչների համար:

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը ևս կաջակցի այգու կառուցման գործում և կանի հնարավորը, որպեսզի հանգստի գոտում առկա լինի երևանյան շունչը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 
Scroll Up