Էրդողանը դարձավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի լավագույն հրապարակախոսը

Վերջին տարիներին, երբ աշխարհասփյուռ հայերն սկսեցին ծրագրել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումը, նրանք երկու հիմնական մտահոգություն ունեին՝ ինչպիսի՞ միջոցառումներ ձեռնարկել, որոնք առավելագույնս պատշաճ լինեն այս մեծաշուք առիթով, և ինչպե՞ս թաքցնել իրենց ծրագրերը թուրքական կառավարությունից, որպեսզի այն չկարողանա խափանել կամ ձախողել դրանք:

Մենք չէինք իմանում, որ թուրք ղեկավարներն ի վերջո ակամա դառնալու են մեր լավագույն «դաշնակիցները», և հարյուրամյակի ծրագրերը ձախողելու փոխարեն այնպիսի անհեթեթ հայտարարություններ են անելու, որ ամբողջ աշխարհում պրոպագանդեն Հայոց ցեղասպանությունը՝ գերազանցելով մեր բոլոր ակնկալիքները:

Որևէ հոլիվուդյան սցենարիստ չէր կարող ավելի լավ գործ անել, քան Էրդողանը որպես վարչապետ, իսկ այնուհետև՝ նախագահ՝ ապահովելով աշխարհում ամենամեծ հնարավոր լսարանը 100-րդ տարելիցի ոգեկոչման համար:

Հարյուրամյակի տարեսկզբից շատ առաջ Էրդողանը պարարտ հող պատրաստեց իր տարօրինակ հայտարարություններով ՝ փչացնելով իր և իր երկրի հեղինակությունը. նա հայտարարեց, որ մահմեդականները հայտնաբերել են Ամերիկան Կոլումբոսից առաջ. որ մահմեդականների համար անհնար էր ցեղասպանություն գործելը. և ասաց հեռուստահաղորդավար Չառլի Ռոզին, թե քանի որ Ստամբուլում դեռ հայեր կան, ապա հնարավոր չէր, որ ցեղասպանություն եղած լիներ:

Այնուհետև Էրդողանը փակեց «Յութուբն» ու «Թվիթերը», քանի որ որոշ բաներ դրանց բովանդակությունից իրեն դուր չէին գալիս. ձերբակալեց մի պատանի ուսանողի շարադրություն գրելու համար, որը չէր արժանացել ժամանակակից սուլթանի հավանությանը. բանտարկեց լրագրողներին և ծաղրանկարիչներին իր քաղաքականությունը քննադատելու համար. հետապնդեց մահմեդականների կրոնական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին և բարձրաստիճան զինվորականներին՝ Նորին մեծության դեմ նրանց կազմակերպած դավադրության պատրվակով. հրամայեց կրակել խաղաղ ցուցարարների վրա Ստամբուլի Գեզի զբոսայգում. և գաղտնալսված հեռախոսազրույցում հանձնարարեց որդուն, թե ինչպես կոծկել տասնյակ միլիոնավոր կանխիկ դոլարները…

Էրդողանն իր կոշտ հայտարարություններով և կոպիտ պոռթկումներով կարողացավ թշնամացնել բազմաթիվ երկրների ղեկավարներին, որոնց հետ գործակցում էր, ներառյալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, Իրանը, Իրաքը, Եգիպտոսը, Հունաստանը, Ռուսաստանը և Սիրիան: Ըստ էության, նա իր «զրո խնդիրներ հարևանների հետ» արտաքին քաղաքականությունը վերածեց՝ «զրո հարևանների՝ առանց խնդիրների»…

Այս տարեսկզբին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Էրդողանը հասավ իր գործունեության գագաթնակետին: Նա «փայլուն» միտք հղացավ Գալիպոլիի տոնակատարության օրը տեղափոխել ապրիլի 24-ին, և ավելի քան 100 երկրների ղեկավարների հրավիրելով Թուրքիա՝ համայն աշխարհի ուշադրությունը շեղել այդ նույն օրը Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններից: Թուրքիայի նախագահը փորձեց վերաշարադրել պատմությունը՝ մեղադրելով Հայաստանին Ցեղասպանության100-րդ տարելիցի ամսաթիվը ապրիլի 24-ին փոխելու համար…

Նման մանկամիտ խորամանկությունները չէին կարող վրիպել միջազգային հանրության ուշադրությունից: Էրդողանի կեղտոտ հնարքները բացահայտող բազում հոդվածներ գրվեցին: Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները ձախողելու փոխարեն թուրք ղեկավարներն հաջողեցին պրոպագանդել Ցեղասպանության հարյուրամյակը՝ նախքան հայերի կողմից որևէ միջոցառում կազմակերպելը…

Իսկ հետո եկավ Հռոմի Ֆրանցիսկոս պապի ապրիլի 12-ի հիշարժան քարոզը՝ մեղադրելով Թուրքիային  հայ ժողովրդի դեմ «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» գործելու համար… Ի պատասխան՝ Էրդողանը հետ կանչեց Թուրքիայի դեսպանին Վատիկանից, իսկ հետո, սովորաբար իր սառը դատող վարչապետ Դավութօղլուի և թուրք չինովնիկների ողջ անձնակազմի հետ միասին սկսեց վիրավորել Հռոմի պապին, Կաթոլիկ եկեղեցուն, և նույնիսկ Պապի ծննդավայր Արգենտինային… Այսպիսով, մի քանի օրվա ընթացքում Թուրքիայի ղեկավարները կարողացան իրենց դեմ հանել ավելի քան մեկ միլիարդ կաթոլիկների ամբողջ աշխարհում:

Էրդողանը զգուշացրեց Հռոմի պապին, որ լրացուցիչ գործողություններ է ձեռնարկելու ընդդեմ Կաթոլիկ եկեղեցու՝ նկատի ունենալով, որ կարող է Ստամբուլի հին հունական Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի: Եթե նա գնա նման ծայրահեղ քայլի, ապա Թուրքիայի դեմ կհանի մնացած քրիստոնյա աշխարհը:

Հռոմի պապի պատմական քարոզից մի քանի օր հետո Եվրախորհրդարանը դարձյալ բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Այդ ընթացքում, Էրդողանը շարունակում էր իր հակաեվրոպական և հակաքրիստոնեական խիստ քննադատությունը՝ մեղադրելով եվրոպացիներին հակաթուրքական և հակաիսլամական կեցվածքի համար: Բնականաբար, եվրոպացիների մոտ հարց առաջացավ, թե ինչպես կարող է նման խելագար ղեկավար երբևէ միանալ եվրոպական ընտանիքին…

Հազարավոր թերթեր, հեռուստաընկերություններ և կայքէջեր հաղորդում էին թուրք ղեկավարների կատաղի արձագանքի մասին և քննադատում նրանց կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը: Աշխարհի ուշադրությունը սևեռվել էր հայերի վրա՝ Քարդաշյանների Հայաստան կատարած այցի, Հռոմի պապի ուշագրավ քարոզի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի լայնորեն լուսաբանման շնորհիվ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին հայերը չէին կարող հասնել նման լայն  հրապարակայնության, եթե նույնիսկ մեկ միլիարդ դոլար ծախսեին և 100 փիար ընկերություն վարձեին …

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Scroll Up