«Սփյուռք ամառային դպրոց-2014». «Ինքնության պահպանումը սկսվում է լեզվից…». Լուսինե Շահվերդյան

Լուսինե Շահվերդյանը Ղազախստանից է և մասնակցում է «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի լրագրողների դասընթացին: Լուսինեն վերջին տարիներին է միայն սկսել Ալմա-Աթայի հայկական համայնքի կյանքին մասնակցել: Եվ հույս ունի, որ դասընթացները կօգնեն առավել նպատակային աշխատանք իրականացնել Ղազախստանում, որոնք կնպաստեն ոչ միայն հայապահպանությանը, այլև` հայկական մշակույթի տարածմանը.
– 12 տարի է` բնակվում եմ Ղազախստանում, անգլերենի մասնավոր դասեր եմ տալիս:
Համայնքի կյանքին սկսել եմ մասնակցել վերջին երեք տարին, երբ բալիկներս մեծացան ու որոշ ազատ ժամանակ ունեցա: Երկու տղա ունեմ` յոթ և տասը տարեկան: Որպես ծնող` երեք տարի առաջ կանգնեցի մի խնդրի առաջ: Իմ երեխաները կարողանում էին խոսել ռուսերեն, ղազախերեն, մի քիչ` հայերեն, բայց չկար հայկական մի կենտրոն, որտեղ կարող էին շփվել, ձևավորվել` որպես հայ: Ինձ համար կարևոր էր, որ նրանք շփվեին հայերի հետ: Հատկապես, որ ինչ-ինչ պատճառներով ես ժամանակ, հնարավորություն չէի գտնում հայերի հետ շփվելու համար: Երեխաներս սկսեցին հաճախել Սուրբ Կարապետ եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց: Եկեղեցին ունի շատ հրաշալի քահանա` տեր Մարկոսը, որը ժամանակ է գտնում և համբերություն` մեզ հետ կրոնական, այլ թեմաներով խոսելու համար: Նրա կինը` Լուսինե Սարգսյանը նույնպես մասնակցում է լրագրողների դասընթացին: Նա հայերեն է դասավանդում կիրակնօրյա դպրոցում և 2011 թվականին մասնակցել է «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի ուսուցիչների վերապատրաստման դասընթացին: Բավականին բովանդակալից դասեր է անցկացնում, և երեխաները 1-2 դասից հետո արդեն սկսում են հայերեն գրել, կարդալ:
Բայց, ինչպես բոլոր համայնքները, մենք նույնպես խնդիրներ ունենք:
– Որո՞նք են այդ խնդիրները:
– Ամենամեծ խնդիրը 10-20 տարեկան պատանիների, երիտասարդների հետ աշխատանքն է, որովհետև այդ տարիքում է ձևավորվում հայկական մշակույթի նկատմամբ հարգանքը, սերը, և ընդհանրապես` որպես հայ ձևավորվում են այդ տարիքում: Եվ հույս ունեմ, որ նաև իմ մասնակցությամբ կկարողանանք այդ խնդիրները հաղթահարել, որովհետև համայնքի աշխատանքներին պետք է ներգրավված լինեն բոլորը: Մեր հիմնականը խնդիրը երիտասարդներին համախմբելն ու ձուլման վտանգը կանխելն է:
– Լուսինե´, Ղազախստանը մուսուլմանական երկիր է և, թվում է, որ նման երկրում ձուլման վտանգն այնքան էլ մեծ չպետք է լինի:
– Չէի ասի, որ ծայրահեղ մուսուլմանական երկիր է, քանի որ մեծ թվով ռուս բնակչություն է ապրում, և, ընդհանրապես, Ղազախստանը շատ եզակի երկիր է, որտեղ խաղաղ և հանդուրժող մթնոլորտում ապրում են 120 ազգություններ: Երևի նաև սա է պատճառը, որ մենք այնքան էլ ուշադիր չենք հայ մշակույթի նկատմամբ, և կա ձուլվելու, կորցնելու վտանգը: Այս տարիների ընթացքում ես շփվել եմ մեծ թվով երիտասարդների հետ` 12-30 տարեկան, որոնք ծնվել են Ղազախստանում կամ ինչ-ինչ պատճառներով տեղափոխվել են այդ երկիր: Նրանց գրեթե 90 տոկոսը, ցավոք, հայերեն չի խոսում: Կարող են խոսել ռուսերեն, ղազախերեն, անգլերեն, բայց հայերենը, ինչ-ինչ պատճառներով, չի համարվում կարևոր լեզու: Գուցե ընտանիքն է պատճառը, որտեղ հայերենի իմացությունը չի խրախուսվում կամ հայկական մթնոլորտն է բացակայում:
Իսկ ինքնության պահպանումը սկսվում է լեզվից: Եթե կա լեզվի նկատմամբ հոգատար վերաբերմունք, ապա երեխային կարող ենք տարբեր միջոցներով հաղորդակից դարձնել հայկականությանը:
Ալմա-Աթայում արդեն մշակութային կենտրոն ունենք, արդեն մեծ թվով հայեր կան, որոնք հետաքրքրված են հայ մշակույթի զարգացմամբ և տարածմամբ: Պարզապես պետք է այդ ամենը համակարգել:
Ես լրագրողների դասընթացներին մասնակցում եմ, որպեսզի համապատասխան գիտելիքներ ձեռք բերեմ ու կարողանամ Հայաստանում կապեր հաստատել կոնկրետ անձանց հետ, որոնք կկարողանան օգնել Ղազախստանում տարածել հայկական մշակույթը:
– Դասընթացներից գո՞հ եք:
-Այո, շատ օպերատիվ ձևով կարողանում են մեր օրը կազմակերպել: Շատ լավ դասախոսություններ, հանդիպումներ ենք ունենում: Շատ կարևոր է փորձի փոխանակումը, որովհետև տարբեր համայնքներից մասնակիցների հետ ենք շփվում: Մեր խմբում մի հրաշալի աղջիկ կա ` Վարդիթերը, նա Թեհրանում գործող «Հույս» երկշաբաթաթերթի լրագրող է: Նրա հետ զրույցների, շփման ընթացքում հասկացա, որ Ղազախստանում նույնպես շատ հետաքրքիր աշխատանքներ կարող ենք իրականացնել:
Շատ հետաքրքիր էր կազմակերպվել մեր այսօրվա օրը, երբ այցելեցինք Ազգային ժողով, ՀՀ նախագահի նստավայր, առիթը ունեցանք հանդիպելու Վարդուհի Վարդերեսյանի հետ: Կարող եմ ասել, որ ամբողջ օրը աչքերս լայն բացած ման եմ եկել, որ կարողանամ ամբողջ ինֆորմացիան կլանել:
Գիտեք, երբ ապրում ես դրսում, մտահոգություն կա, թե ինչպիսին է կյանքը Հայաստանում, երկրի կառավարումն ինչպես է կատարվում: Երբ այսօր այցելեցինք ՀՀ նախագահի նստավայր, ես համոզվեցի, որ շատ դրական տեղաշարժեր կան մեր երկրում: Ինձ շատ տպավորեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպումը: Նա համարյա երկուսուկես ժամ, առանց հոգնածության նշույլի, համբերությամբ պատասխանեց մեզ հուզող հարցերին: Այնպիսի տպավորություն էր, որ նա մինչև առավոտ պատրաստ է նույն համբերությամբ ու ձայնի տեմբրով պատասխանելու մեր բոլոր հարցերին: Ուրախ եմ, որ մեր երկիրն ունի նրա պես պատրաստված մարդիկ:
– Լուսինե´, տպավորությունները բավականին շատ են: Հետաքրքիր է, իսկ կոնկրետ ծրագրեր արդեն ունե՞ք:
– Ծրագրել ենք հոկտեմբերին Ալմա-Աթայում անցկացնել հայկական ֆիլմերի ցուցադրություն: Եթե հաջողի, Ղազախստանի այլ քաղաքներում նույնպես ցուցադրություններ կկազմակերպենք: Հույս ունենք, որ այդ եղանակով կկարողանանք քարոզել ու ճանաչելի դարձնել մեր մշակույթը:
Ես մասնակցել եմ հունգարական, ֆրանսիական, գերմանական և այլ ազգերի ֆիլմերի ցուցադրություններին: Նմանատիպ միջոցառումները ցույց են տվել, որ կա հետաքրքրություն այլ ազգերի մշակույթների նկատմամբ: Եվ ինչպես ասաց «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մեր դասախոսներից մեկը` Մհեր Հովհաննիսյանը, մենք գիտական, մշակութային փիառի ստեղծման կարիքը ունենք:
Այս օրերն իմ կյանքում շատ բան փոխեց: Նաղաշ Մարտիրոսյանի (ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան-հեղ.) հետ զրույցում վերջապես հասունացավ իմ այն որոշումը, որն այս երեք տարիներին պտտվում էր ուղեղումս: Այս տարի ես կընդունվեմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ և, հավանաբար, նոյեմբերից համալսարանի ուսանող կդառնամ: Ցանկությունս մեծ է, թեկուզ օտար երկրում, ինչ-որ բանով օգտակար լինելու իմ ժողովրդին, որովհետև հպարտ եմ, որ հայ եմ ծնվել:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը