Համազգայինի 20-րդ ուսանողական հաւաքի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարարությունում

Հուլիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համազգայինի 20-րդ ուսանողական մշակութային հավաքի (ֆորում) մասնակիցներին՝ Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանի գլխավորությամբ:

Կանադայից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Կիպրոսից, Սիրիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Արցախից հավաքին մասնակցելու համար ժամանել է 32 ուսանող:

Ողջունելով և շնորհավորելով Համազգայինի ուսանողական մշակութային հավաքի մասնակիցներին կազմավորման 20-ամյակի առթիվ՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Ձեզանից յուրաքանչյուրը, ով առաջին անգամ է Հայաստանում, անշուշտ գիտակցում է, որ Հայրենիքի գաղափարն առանց Հայրենիքում լինելու չի կարող իրական ու ամբողջական լինել: Դուք կայցելեք Արցախ, կտեսնեք այն տարածքները, որոնք ձեր հասակակից հայրենակիցները պաշտպանել են իրենց կյանքի և արյան գնով»:

Նախարար Հ.Հակոբյանն ընդգծեց, որ հայ ուսանողի հիմնական և կարևորագույն գործը փայլուն կրթություն ստանալն է և նորարարության այս դարում մրցունակ լինելը: «Համաշխարհայնացման այս դարում հայ երիտասարդը պետք է գտնի իր ուրույն տեղը միջազգային շուկայում՝ չկորցնելով հայ մարդուն բնորոշ նկարագիրը և մարդկային որակները», – նշեց գերատեսչության ղեկավարը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության համար՝ Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը հավելեց. «Տիկին Հակոբյան, Ձեր կողմից բարձրացված հարցերի փիլիսոփայությամբ ենք մենք անցկացնում այս հավաքը՝ հայրենի հարկի տակ համախմբելով բազմաթիվ տաղանդավոր ու հայրենասեր երիտասարդների»:

Քննարկվեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Սփյուռքի ուսանողության ակտիվ ներգրավմանը վերաբերող հարցեր:

Համազգայինի 20-րդ ուսանողական հավաքի մասնակիցները դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմ և ստացան «Հայկական Սփյուռք 2012» տարեգրքեր:

Ծրագրի 17 օրերի ընթացքում համալսարանականները ծանոթացել են Հայաստանի տեսարժան վայրերին, հանդիպել քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների հետ, ունկնդրել հայ պատմամշակութային արժեքների և ժառանգության մասին դասախոսություններ, քննարկել այսօրվա հայ երիտասարդին հուզող տարաբնույթ խնդիրներ:

Նույն օրը, երեկոյան Ֆորումի փակման հանդիսությանը ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը Համազգային հայ կրթական և մշակութային միությանը  Ուսանողական մշակութային հավաքի (ֆորում) հիմնադրման 20-ամյակի առիթով հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության Պատվոգիր՝ Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման, հայկական մշակույթի պահպանման եւ տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

1 2 3 4

Scroll Up