Ժամանակի մեքենան պետերբուրգահայերին տեղափոխել էր Պատմական Հայաստան

«Մի ժողովուրդ՝ մի ընտանիք». այս կարգախոսը կրող տոնական-ուսուցողական միջոցառումը փետրվարի 4-ին տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքում։
«Խատուտիկ» էթնիկ կենտրոնը Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու և հայկական համայնքի հովանու ներքո գործող «Վերնատուն» մշակութային կենտրոնում անցկացրեց հայկական ավանդական Նոր տարին նշելու տոնական-ուսուցողական բարեգործական միջոցառումը։
Բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը, ով հյուրերին մաղթեց բարի ժամանց և շնորհակալություն հայտնեց «Խատուտիկ» էթնիկ կենտրոնի թիմին, յուրահատուկ միջոցառում կազմակերպելու համար։ Հյուրերին ողջունեց նաև Սուրբ Կատարինե հայ առաքելական եղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ Զարգարյանը, և միջոցառումը սկսվեց միասնական «Հայր մեր» աղոթքով։
Ըստ սցենարի, հյուրերը «ժամանակի մեքենայով» տեղափոխվեցին Պատմական Հայաստան, որտեղ նրանց սպասում էր հյուրընկալ հայ ժողովուրդը:
«Հայ ժողովուրդ»-ը «Խատուտիկ» էթնիկ կենտրոնի մասնագետներն ու կամավորներն էին, «Զարթոնք» պարային համույթի և Հայ Առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի «Ավետում» երգչախմբի անդամները, ովքեր հյուրերին դիմավորեցին հայկական ավանդական տարազներով՝ ներկայացնելով մեր մշակույթն ու արժեքները։
Սկսվեց ինտերակտիվ բեմականացում՝ կազմակերպիչների և հավաքված հյուրերի մասնակցությամբ:
Միջոցառումը բաղկացած էր պատմական ակնարկից, ստեղծագործական վարպետության դասից, ազգային պարերից, երգերից, խաղերից, ավանդական աղանդեր՝ «փոխինձ» պատրաստելուց, ազգային տոնական Կենաց ծառ զարդարելուց և այլ հետաքրքիր մանրուքներից։ Միջոցառման ընթացքում հյուր եկավ Կաղանդ պապը, ով հյուրերին, ըստ ավանդույթի, շնորհավորեց, տվեց իր խորհուրդներն ու նվերները, ինչպես նաև համախմբելով երեխաներին՝ միասին գրեցին նամակ՝ ուղարկելու իրենց բարեմաղթանքները Հայաստան:
«Խատուտիկ» էթնիկ կենտրոնի գլխավոր տնօրեն Լիլիթ Շարբաթյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց. «Անչափ կարևոր է արժևորել սեփական բազմադարյա պատմությունն ու մշակույթը, ավանդույթներն ու արժեքները։ Այսօր ապրելով հայերնիքից հեռու՝ մեգապոլիսում, մարդիկ կանգնած են ձուլման խնդրի առաջ, ինչը հանգեցնում է ինքնության, մայրենի լեզվի, ավանդույթների, արժեքների փոփոխմանն ու երբեմն էլ՝ մոռացմանը։ Այս միջոցառման և, ընդհանրապես, մեր զարգացման կենտրոնի գործունեության գլխավոր նպատակն է մարդկանց օգնել պահպանել ազգային դիմագիծն ու առաջնորդվել վեհ արժեքներով»:
Իսկ երեխաների նամակում հետևյալ բարեմաղթանքներն էին.
«Թո´ղ մեր հայրենիքում խաղաղություն լինի, պատերազմ չլինի, թո´ղ բոլոր զինվորները ուժեղ լինեն ու ողջ-առողջ տուն վերադառնան, թո´ղ ծաղկի մեր հայրենիքը, թող մեր ծնողները մեզանով ուրախանան, թող հայրիկները մնան Հայաստանում, որ մենք էլ այնտեղ ապրենք, երբ մեծանանք՝ մենք կվերադառնանք Հայաստան, որ սիրունացնենք մեր երկիրը…»: